Մինչեւ Հրանտ Նազարյանի հետ կատարվածի համար ՍԴ-ից ներողություն չխնդրեն, ճիշտ չի լինի մեր շենք մուտք գործելը

Մինչեւ Հրանտ Նազարյանի հետ կատարվածի համար ՍԴ-ից ներողություն չխնդրեն, ճիշտ չի լինի մեր շենք մուտք գործելը

Հունիսի 30-ին քվորումի բացակայության պատճառով չկայացավ ՍԴ նախորդ նիստը Ինչպես երեւում է քվորումի բացակայության պատճառով չի կայանա նաեւ վաղվա` հուլիսի  7-ի ՍԴ նիստը: Այդ նիստում ի թիվս այլ հարցերի ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննության էր առնելու նաեւ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը»:

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ինքը նպատակահարմար չի համարում նիստին գնալ: «Այն ինչ կատարվել է օրեր առաջ Հրանտ Նազարյանի հանդեպ` արգելվել է նրա մուտքը ՍԴ, ես գնահատում եմ ոչ իրավաչափ միջամտություն, որը էության մեջ ուղղված էր արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն: Այս պայմաններում ՍԴ գնալը կարող է նոր աղմուկ առաջացնել, ավելորդ ուշադրություն գրավել: Ես, անշուշտ, չեմ հրաժարվում ՍԴ դատավորի իմ սահմանադրական լիազորությունների կատարումից, բայց դա չպետք է շոուի էլեմենտներ ձեռք բերի: Կարծում եմ  մինչեւ Հրանտ Նազարյանի հետ կատարվածի համար պատկան ատյանները ՍԴ-ից ներողություն չխնդրեն, եւ պատշաճ աշխատանքային պայմաններ չապահովվեն, ճիշտ չի լինի ՍԴ շենք մուտք գործել եւ նիստի մասնակցել»: 

Հրանտ Նազարյանի հետ անձամբ զրուցել մեզ չհաջողվեց, բայց եթե նրա հետ կատարվածը Գյուլումյանը համարում է անպատշաճ վարք, որի համար պատկան ատյաննեը պետք է ներողություն խնդրեն ՍԴ-ից, պարզից էլ պարզ է, որ ներողության կսպասի եւ առանց պատշաճ պայմանների ապահովման նիստի չի ներկայանա նաեւ Հրանտ Նազարյանը: ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն էլ ոչ միայն ակնկալելի է, որ կոլեգաների հետ նույն դիրքորոշումը ունենա, այլեւ վատառողջ լինելու պատճառով նիստի ներկայանալ չէր կարողանա ամեն պարագայում:    

Քանի որ ՍԴ եւս երկու դատավոր` Արեւիկ Պետրոսյանը եւ այս պահի դրությամբ դեռ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը արձակուրդում են, ապա մնացյալ չորս անդամների ներկայությունը, եթե անգամ ամենքն էլ ներկայանան չի կարող քվորում ապահովել, այդքանով էլ ՍԴ հուլիսի 7-ի նիստի կայանալը անհավանական է: