Ինչում է մեղադրվում Վանիկ Ասատրյանը․ մանրամասներ՝ առաջադրված մեղադրանքից

Ինչում է մեղադրվում Վանիկ Ասատրյանը․ մանրամասներ՝ առաջադրված մեղադրանքից

Երեկ ձերբակալվեց, ապա նաև կալանավորվեց «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը։ Նրա պաշտպան Էմին Բեգլարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Ասատրյանին մեղադրանք է առաջադվել  ՀՀ ՔՕ 154.2 հոդվածի 2-րդ մասով․

«Մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու համար՝ ՀՀ ՔՕ 154.2 հոդվածի 2-րդ մասով։ Վանիկ Ասատրյանը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է, դատարանի որոշումը այսօր մեր կողմից արդեն բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Խոսքը 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին է։ Մեր պաշտպանական թիմը, առհասարակ, մեղադրանքի որոշման հետ կապված առկա ձևակերպումների հետ համաձայն չէ, քանի որ մեղադրանքը շատ է անորոշ։ Նկարագրվում են մի շարք արարքներ, որոնք, չգիտես՝ ինչու, վերջում մեղսագրվել են Վանիկ Ասատրյանին այն դեպքում, երբ վերջինս երբեք ԲՀԿ անդամ չի հանդիսացել, և նշված ընտրությունների ժամանակահատվածում Սպիտակ քաղաքում ունեցել է իր անձնական նախընտրական շտաբը, և նշեմ, որ նույն ժամանակահատվածում Սպիտակ քաղաքում գործել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը։ 

Հիմա, չգիտես՝ ինչու, մեզ համար անհայտ պատճառներով նույնացնում են, նաև մեղադրանքում են նշում, որ ԲՀԿ-ի հետ կապ ունի։ Ամեն դեպքում՝ մենք այս հարցերը վիճարկում ենք։ Վերջերս նաև մամուլում գործով անցնող այլ մեղադրյալների պաշտպանները բարձրաձայնեցին, մենք ևս նրանց հետ համամիտ ենք, որ ի սկզբանե վարույթն ապօրինի է, քանի որ ԱԱԾ քննչական դեպարտամենտն ուղղակի օրենքի ուժով չի կարող սույն քրեական գործով նախաքննություն իրականացնել։ Նշված հանգամանքը մենք վիճարկում ենք, դրա վերաբերյալ արդեն իսկ բողոք ունենք հղած գլխավոր դատախազին, դրան զուգահեռ  Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքարկել ենք նաև ընդհանուր իրավասության դատարան։ Մենք գտնում ենք, որ գլխավոր դատախազի նշված գործունեությունը հիմնված չէ օրենքի վրա, հետևաբար նաև ապօրինի է, և 290-րդ հոդվածը մեզ նաև հնարավորություն է տալիս ոչ միայն դատախազի որոշումը, այլև գործողությունները վիճարկելու, մենք մեր այդ իրավունքն էլ ենք իրացրել, սպասում ենք պատասխանների»,-ասաց պաշտպանը։

Էմին Բեգլարյանը տեղեկացրեց, որ խուզարկություն է իրականացվել Վանիկ Ասատրյանի բնակության հասցեում, սակայն վարույթն իրականացնող մարմինը այստեղ ևս առանց խախտումների չի գործել․

«Վանիկ Ասատրյանի բնակության հասցեում նաև խուզարկություն է իրականացվել, որը կատարվել  է քրեադատավարական նորմերի կոպիտ խախտմամաբ։ Դատարանի՝ խուզարկություն իրականացնելու թույլտվության որոշման մեջ նշված է եղել մեկ հասցե , սակայն խուզարկությունն իրականացվել է բոլորովին այլ հասցեում, ինչը, ըստ մեր գնահատման, հավասարեցվում է նրան, որ առանց դատարանի որոշման խուզարկություն իրականացնեն։ Խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշումը մեր կողմից արդեն իսկ բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սպասում ենք նիստերին»,- ասաց Բեգլարյանը։

Պաշտպանին հարցրինք նաև, թե Վանիկ Ասատրյանի նկատմամաբ քննչական-դատավարական ի՞նչ գործողություններ են կատարվել, արդյոք նա առերեսվել է Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող այլ անձանց հետ․

«Նշված անձանց հետ առերեսում տեղի չի ունեցել, ծանոթանալով մեղադրանքի որոշմանը, ինչպես նաև քննիչի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությանը կցված փաստաթղթերին, մենք հասկացանք, որ Վանիկ Ասատրյանի դեմ ցուցմունք տվող անձ կա, և անմիջապես քննիչին միջնորդեցինք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում առերես հարցաքննություն իրականացնի հիշյալ անձնավորության հետ , սակայն մեզ համար անհայտ պատճառներով, և չնայած այն հանգամանքին, որ հրավիրվեցինք ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից մի շարք քննչական գործողությունների մասնակցելու, բայց առերես հարցաքննություն տեղի չունեցավ, ինչը մեզ ողջամտորեն հիմք է տալիս ենթադրելու, որ արդեն իսկ առկա չէ որևէ հակասություն, հետևաբար, կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացներ քննչական գործողություն։ 

Ուղղակի շատ լավ հասկանալով, որ ձեռք է բերվելու մի ապացույց, որը կարող է Վանիկ Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդության քննության ժամանակ ի վնաս նախաքննական մարմնի մեկնաբանվել, ենթադրում ենք, որ այդ նկատառումներից ելնելով քննիչն առերեսում չիրականացրեց։ Նույնիսկ միջնորդության քննության ժամանակ ես միջնորդեցի դատարանին, որպեսզի պահանջի և գործի հիմքերին կցի նաև այդ օրը ենթադրյալ մեր դեմ ցուցմունք տված անձի՝ նոր քննչական գործողության արդյունքում ձեռք բերված արձանագրության պատճենը։ Դատարանն, իհարկե, քննիչին դիմեց, որպեսզի ներկայացվի հիշյալ արձանագրութունը, սակայն քննիչը հրաժարվեց ներկայացնել՝ պատճառաբանելով, որ այս փուլում նախաքննական մարմինը կարող է նյութեր ներկայացնել այն ծավալով, ինչը որ բավարար է համարում։ Այսինքն՝ առնվազն այդ հանգամանքը պետք է ընդհանուր իրավասության դատարանի մոտ գոնե կարծիք ձևավորեր առ այն, որ իրականում քննիչը չի ներկայացնում, քանի որ նրանց շահերից չի բխում։ Դատական ակտով ոչ մի անդրադարձ չի կատարվել վերոգրյալին, ու ունենք այն, ինչ ունենք»։

Բեգլարյանին հարցրինք նաև՝ արդյոք այդ մի ցուցմո՞ւնքն է քրգործի հիմքում, պաշտպանը պատասխանեց․

«Ես, ելնելով նախաքննության գաղտնիությունից , չեմ ցանկանա ավել բան հրապարակայնացնել։ Ապօրինություններն այնքան շատ են, որ մեր շահերից է բխում  հրապարակայնացնելը, բայց  քանի որ օրենքով նման պատրավորություն ունենք, չենք կարող ավել բան ասել»։