Ռիկերի այցը, Ժնեւի հանդիպումը, Տեր-Պետրոսյանի ձեւակերպումը

Ռիկերի այցը, Ժնեւի հանդիպումը, Տեր-Պետրոսյանի ձեւակերպումը

Հունիսի 7-ից ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում էին բուռն իրադարձություններ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի բերումով, այլեւ` Հայաստանի շուրջ` արտաքին քաղաքական հարթությունում: Երկու առավել տեսանելի արտաքին քաղաքական իրադարձությունները, որի մասին տեղեկացան Հայաստանում բոլորը` անկախ միջազգային հարաբերություններից պատկերացում ունենալ-չունենալուց, Ադրբեջանում գտնվող 15 հայ գերիների վերադարձն էր, եւ Ժնեւում ԱՄՆ-ՌԴ նախագահների գագաթաժողովի ժամանակ տարածաշրջանային հակամարտությունների փաթեթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումը:

Թե Ժնեւում ԱՄՆ նախագահն ինչ է ասել իր ռուս գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերի առնչությամբ Հայաստանի հանրությանը լիովին անհայտ է: Թե գերիների վերադարձման գործընթացը, որի սկզբին ականատես եղանք անցյալ շաբաթ, հետագա ինչ ընթացք է ունենալու, նույնպես հասարակությանը հայտնի չէ; 

Սակայն եւ այն, որ Բայդեն-Պուտին հանդիպմանը ԼՂ-ի վերաբերյալ ԱՄՆ ծրագրերի մասով էական խոսակցություն էր կայանալու Ժնեւում, եւ այն, որ գերիների վերադարձը Հայաստանին, ակապատման քարտեզների փոխանցումը Արբեջանին ինչ-որ գործընթացի սկիզբ են, կասկածից վեր է: Ինչո՞ւ:     

Հարցն այն է, որ Ժնեւյան հանդիպման նախօրեին ամբողջ մի շաբաթ տեւող տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս էր ժամանել ԱՄՆ վարչակազմի բարձրագույն դիվանագետը Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով` US Assistant Secretary for European and Eurasian Affairs: Քանի որ Հայաստանի լրատվական-հասարակական դաշտում ռուսերեն լեզվով եւ հիմնականում ռուսական աղբյուրներից են աշխարհի ու ԱՄՆ-ի մասին տեղեկություններ ստանում, իսկ assistant բառը ռուսերենում նշանակում է այն, ինչ անգլերենում aide-ն է նշանակում (օգնական), ռուսերենով աշխարհն ընկալողներին թվում է, թե US Assistant Secretary ինչ-որ կերպ նշանակում է օգնական: Մինչդեռ` ոչ: 

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար կազմը բաղկացած է պետքարտուղարից, Undersecretary-ներից եւ Assistant Secretary-ներից: Udersecretary-ները սպասարկում են ոլորտներ` օրինակ, միջուկային զենքերի չտարածման, իրավապահ համակարգերի եւ թմրամիջոցների շրջանառության կանխման, կանանց իրավունքների, հանրային դիվանագիտության, եւ այլն: Իսկ տարածաշրջանների հետ ԱՄՆ հարաբերությունները` ղեկավարում են Assistant Secretary-ները, որպես տվյալ տարածաշրջանային բյուրոյի ղեկավարներ:

Այժմ պատկերացրեք, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Assistant Secretary-ն նախագահ Բայդենի` Լոնդոն-Բրյուսել-Ժնեւ այցելությունների շարքի նախօրեին, ՆԱՏՕ-ի հետ հարցերը թողած, Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի հետ դիմակայության կետերը թողած (դիցուք, Չեխիան որտեղից ՌԴ դիվանագետներին լրտեսության համար արտաքսեցին), Ուկրաինայի, Ղրիմի, Դոնբասի խնդիրները թողած, բուն Ռուսաստանի ներքին վիճակին առնչվող խնդիրները թողած, համարյա մեկշաբաթյա այցով ժամանում է Հարավային Կովկաս, բանակցում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի իշխանությունների հետ եւ այդտեղից մեկնում միանալու ԱՄՆ նախագահի պատվիրակությանը:

Դա նշանակո՞ւմ է այլ բան, քան այն, որ Հարավային Կովկասին (մեծ հավանականությամբ, հատկապես, Հայաստանին ու Ադրբեջանին) առնչվող այնքան էական հարցեր են ձեւակերպվել ԱՄՆ-ի կողմից, եւ շոշափվելու ԱՄՆ-ՌԴ նախագահների հանդիպմանը, որ անհրաժեշտ է դարձել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Assistant Secretary-ի`Ֆիլիպ Ռիիկերի անձամբ ժամանելը Հարավային Կովկաս այդ հանդիպման նախօրեին: 

Ռիկերի այցը Հարավային Կովկաս անսխալ ցուցիչ էր, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասի վերաբերյալ ծրագրեր ունի եւ դրանց մասին տեղեկացնելու է Ռուսաստանին: Նաեւ ցույց տալու համար, թե ԱՄՆ-ը, հարկավոր դեպքում ինչ կարգի ազդեցություն կարող է գործադրել Հարավային Կովկասում, դեկտեմբերից ի վեր գերիների վերադարձման հարցում տեղաշարժ չարձանագրած իրադրությունը ամենքին տեսանելի փոփոխվեց: Հասկանալի է, որ Ադրբեջանը մարդասիրության նոպայով չէր բռնկվել, որ հայազգի գերիներին ազատ արձակեր, ոչ էլ Բաքվի ստացած ականապատված տարածքների քարտեզն է այնքան ճշգրիտ, որ դրանից էր կուրացել: Հենց երեկ Աղդամի շրջանում, որի ականապատման քարտեզները գերիներին ազատման դիմաց փոխանցվել էր Բաքվին, հերթական ադրբեջանցին պայթեց: 

Իհարկե, ես չեմ կարծում, թե Ալիեւը հուզվում է ադրբեջանցիների զոհվելուց, բայց վստահաբար Ալիեւի սրտից արյուն է կաթում, որ Հարավային Կովկասում շատ տեսանելի ակտիվացող Վաշինգտոնը իր քաղաքականության կարգախոս է հռչակել «Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ հակամարտության քաղաքական լուծման հասնելը»` յուրաքանչյուր առիթով ակնարկելով, որ 2020-ի ռազմական գործողություններն ու հրադադարով արձանագրված իրադրությունը ԼՂ խնդրի քաղաքական լուծման վրա չեն կարող ազդել: 

Ալիեւը իհարկե մրթմրթում է, թե ինքը ԼՂ խնդիրը լուծել է, արդյունքները նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ արձանագրել է, Ռուսաստանը պետք է դրանք պաշտպանի, բայց դժվար է պատկերացնել մի իրադրություն, երբ Մոսկվան Վաշինգտոնին հակադրվի ի սեր Ալիեւի շահերի: Ամենքին էլ ակներեւ է, որ ԼՂ-ի շուրջ զարգացումները թափ են հավաքում, ինչպես եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների պարզումը, եւ Ռուսաստանի դերը այդտեղ հետզհետե պասիվանալու է, ԱՄՆ-ը դերակատարումը` ակտիվանալու: 

Թե ում ձայնը ավելի որոշիչ կլինի ԼՂ խնդրի լուծման գործում, արդեն ԱՄՆ-Ռուսաստան- ԵՄ-Ֆրանսիա հարթությունում է եւ այդտեղ է լուծվելու: Դրա վրա ոչ Հայաստանը ոչ Ադրբեջանը առանձնակի ազդեցություն չեն կարող ունենալ: Եվ պատահական չէ, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Ես չգիտեմ ԼՂ խնդիրը ինչպես է լուծվելու, դա արդեն Հայաստանից կախված չէ»: Ամբողջ ճշմարտությունը ասելու համար, Տեր-Պետրոսյանը պետք է շարունակի` Ադրբեջանից էլ կախված չէ: