Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատավորը նկատողություն ստացավ

Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատավորը նկատողություն ստացավ

Երեւանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, ստացավ նկատողություն։ 

Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ԲԴԽ անդամներին էր ներկայացրել հանձնաժողովի եզրակացությունը՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, տիրապետելով այն տեղեկատվությանը, որ անձը ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարելու համար հետախուզման մեջ է գտնվում, անտեսել է նրան ձերբակալման հիմքի բավարար առկայությունն ու անձի ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ: Այս որոշումը կայացվել է 2018 թվականի մայիսի 26-ին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ԲԴԽ-ին իր բացատրությունները ներկայացնելիս նշել էր, որ անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու մասին որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ, ըստ որոշման, չի տրամադրվել կալանավորման մասին որոշումը, մինչդեռ, եթե դատարանը տրամադրեր որևէ այլ տեղեկություն, որով կհիմնավորվեր, որ տվյալ անձը կատարել է այն հանցանքը, որը նշված էր ձերբակալման արձանագրությունում, ապա դատարանը կարող էր այդ որոշումը համարել հիմնավոր կասկածի առկայություն:

Նշենք, որ Աննա Դանիբեկյանը հանրությանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործեր քննելով։ Մասնավորապես, այժմ նրա վարույթում են քննվում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործերը։