Պալաչի գործը դատարանում է

Պալաչի գործը դատարանում է

Պալաչի՝ Արթուր Հարությունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերում շրջադարձ է ուրվագծվում։ Հիշեցնենք, որ նա աբովյանցի է, Գագիկ Ծառուկյանի սանիկը եւ տարիներ առաջ սկսեց մեղադրել ԲՀԿ առաջնորդին իր բիզնեսին խոչընդոտելու, իրեն շուկայից դուրս մղելու համար։ Խոսքը վերաբերում է 2012-2016 թվականներին։ Հեղափոխությունից հետո Պալաչը հույս ունի վերադարձնել իր բիզնեսը եւ կրկին ակտիվացել է։

Աբովյանցի գործարարը Գագիկ Ծառուկյանի վաղեմի մրցակիցն է։ Մոտ 10 տարի առաջ նա իր «Քինգ Դելյուքս» եւ «Տրանս Կոմֆորտ» ՍՊԸ-ների միջոցով կանոնավոր փոխադրումներ էր իրականացնում Աբովյան-Երեւան-Աբովյան եւ Չարենցավան-Երեւան-Չարենցավան ուղղություններով: Քավոր-սանիկը բացահայտ թշնամիներ դարձան, երբ 2012 թվականին Հարությունյանն անցավ ՀՀԿ-ի կողմը, իսկ Ծառուկյանը սկսեց անվճար ուղեւորափոխադրումներ իրականացնել Պալաչի ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիներում։ Արթուր Հարությունյանն անցյալ տարի օգոստոսին հաղորդում տվեց հանցագործության մասին։

Քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, ապրիլի 17-ին կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ 
Արթուր Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը «Հրապարակին» հայտնեց, որ կարճման որոշումը բողոքարկել է դատարանում։ «Հուլիսի 11-ին այս գործով երկրորդ դատական նիստն է լինելու։ Նախորդը հետաձգվել էր։ Սա ամբողջությամբ քաղաքական գործ է։ Ըստ էության, շատ թույլ քննություն էր կատարված։ Դատախազին բողոքարկեցինք, դատախազը մերժեց բողոքը։

Մենք կարծում ենք, որ գործով կարճման որոշումը կվերացվի, կվերսկսվի քննությունը, եւ, ի վերջո, Արթուր Հարությունյանը կճանաչվի տուժող, ու որոշակի շրջանակի անձինք որպես մեղադրյալ կներգրավվեն անբարեխիղճ մրցակցության հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասում է փաստաբանը։ Գործի դրվագներից մեկը «Աբովյան» հեռուստաընկերությանն է վերաբերում։ Այս հեռուստաընկերությունն Արթուր Հարությունյանը 2015 թվականին ձեռք էր բերել նախկին սեփականատիրոջից՝ Ազնիվ Ճզմաչյանից՝ 200 հազար դոլարով։ Հետագայում Արթուր Հարությունյանին, ըստ նրա փաստաբանի, պարտադրվել է հեռուստաընկերությունը նվիրել այլ անձանց։ Ըստ Հարությունյանի ցուցմունքների, 2016 թվականի հուլիսին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը զանգահարել է իրեն եւ պահանջել, որ ՍՊԸ-ն հանձնի Գագիկ Ծառուկյանին, որից հետո այն գրանցվել է Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանի անունով։

Հաղորդումն այս մասին 2018 թվականին տվել է Արթուր Հարությունյանը։ Այս գործով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Արթուր Հարությունյանը գտնվում է Հայաստանից դուրս, սակայն օրերս վերադառնալու է՝ դատական գործին մասնակցելու նպատակով։