Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելը բավարար չէ, բայց դրա կոմպոնենտներից մեկն է․ Հայկ Չոբանյան

Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելը բավարար չէ, բայց դրա կոմպոնենտներից մեկն է․ Հայկ Չոբանյան
Հայկ Չոբանյան

Այսօր կառավարության արտահերթ նիստում, որի օրակարգում ընդգրկված էր նաև կառավարության ծրագիրը հաստատելու մասին հարցը, նաև երկու մարզպետի նշանակում եղավ՝ Շիրակի և Տավուշի։ Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը, իսկ Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանը։ Նիստից հետո արդեն մարզպետի կարգավիճակում Չոբանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Չոբանյանը, հիշեցնենք, արևային համակարգեր արտադրող «Արփի Սոլար» ընկերության հիմնադիրն է, նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության փոխնախագահը։

Hraparak.am-ը նրան հիշեցրեց, որ ժամանակին, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք, նա քննադատում էր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնող կարևոր դրույթներն անտեսվել են կառավարության ծրագրից։ Հիմա նոր կառավարության ծրագրում այդ ոլորտի զարգացմանն ուղղված դրույթներ կա՞ն, և բավարարո՞ւմ են դրանք իրեն։

«Հայաստանի Հանրապետությունում երբեք կառավարության ծրագիրն այդքան բովանդակային և իրական առումով չի պարունակել կոնկրետ տեղեկատվական տեխնոլոգիաների գերակայությունը, ինչպես որ այսօր։ Եւ ոչ միայն պարունակության մեջ է, այլև գիտեք, որ վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով շեշտվում է ՏՏ գերակայության հարցը մեր երկրում, մեր վարչապետն էլ ցանկացած օտարերկրյա այցելությունների ժամանակ և ոչ միայն վարչապետը, նաև մյուս պաշտոնյաները առիթն օգտագործում են և տեղեկատվական տեխնոլոգիաների գերակայությունը նշում են, որը շատ կարևոր է»,-ասաց պարոն Չոբանյանը։

Հիմա այդ ամենը կառավարության ծրագրի հատկապես ո՞ր կետով է ընդգծվում։ «Ծրագիրն արդեն առաջիկա օրերի ընթացքում հրապարակային քննարկման կդրվի, էդ ժամանակ նոր կոնկրետ ծրագրի ներքո կքննարկենք, որովհետև վերջնական տարբերակը վաղը նոր կներկայացվի»,-եղավ պատասխանը։

Դիտարկմանը, թե ծրագրում նշված է, որ պետք է ստեղծվի բարձր տեխնոլոգիաների նախարարություն, արդյոք դա բավարա՞ր է ՏՏ ոլորտը զարգացնելու համար, Չոբանյանն ասաց․ «Բարձր տեխնոլոգիաների նախարարություն ստեղծելը բավարար չէ, բայց դրա կոմպոնենտներից մեկն է»։