ՀՔԾ-ն նախաքննական տվյալներ հրապարակելու իրավունք ունի, մամուլը՝ ո՞չ

ՀՔԾ-ն նախաքննական տվյալներ հրապարակելու իրավունք ունի, մամուլը՝ ո՞չ

«Ժողովուրդ» թերթը հատված առ հատված հրապարակում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ վկաների ցուցմունքները Մարտի մեկի գործով, իսկ իրավապահները գուշակում են, թե ով է թերթին տրամադրել այդ նյութը։ Ինֆորմացիոն արտահոսքի դեմն առնելու հույսով, ՀՔԾ-ն արդեն որերորդ անգամ հասնում է ծայրահեղության՝ խնդրում է ԶԼՄ-ներին «զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»: Քրեական գործ է հարուցված ՔՕ 342-րդ հոդվածով՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը։ 

«Ժողովուրդը» առարկում է, ասում որ հանրային շահ է սպասարկում, եւ հիշեցնում է՝ օրենքով նախաքննության տվյալ տիրապետողի կարգավիճակ չունի։ «Օրաթերթը գործով կողմ չէ: Հետեւաբար, ազատ է իր գործողություններում՝ հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ ԶԼՄ-ի մասին օրենքը»,- պատասխանում է թերթը: «Գործը հարուցված է դեպքի առթիվ, ոչ լրատվամիջոցի դեմ»,- հակադարձում է ՀՔԾ մամուլի քարտուղարը՝ հորդորելով այս հաղորդագրությունը չընկալել որպես սպառնալիք մամուլի դեմ։ 

Բայց ինչո՞վ էր վտանգավոր քաղաքական հարցերով հագեցած եւ պարզ լրագրողական հարցազրույց հիշեցնող այս նյութի հրապարակումը, ինչո՞վ է այն խոչընդոտելու նախաքննությանը, որը, ինչպես հայտնի է, մասամբ ավարտված է, ՀՔԾ-ն չի ասում։ 

Ըստ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Բայց Սասուն Խաչատրյանի ղեկավարած մարմինը չարաշահում է իր այս լիազորությունը՝ իրեն աղմկահարույց գործերի շուրջ նախաքննական տվյալներ հրապարակելու բացարձակ իրավունք վերապահելով։ Անցյալ տարի աշնանը ՀՔԾ-ն հրապարակեց, որ Մարտի 1-ի գործով փորձագետներն ու քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործության մեջ՝ Արարատի շրջանի դաշտում կրակված մոտ 1000 փամփուշտների պարկուճներով փոխարինել են դեպքի վայրից հայտնաբերված ու առգրավված պարկուճները: Նրանց մեղադրանքներ առաջադրվեցին։ Վահագն Հարությունյանը հերքեց մեղադրանքը՝ ասելով, որ գործով կային բազմաթիվ պարկուճներ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել: ՀՔԾ-ն սրան չպատասխանեց, եւ փամփուշտների դրվագը չպարզաբանված մնաց, չնայած այս տեղեկատվության հանրային մեծ պահանջարկին։ Այնուհետեւ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով կրկին ցանկություն ունեցավ նախաքննական տեղեկություն հայտնել։

Այս անգամ այն ուղղված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ։ ՀՔԾ-ն, խախտելով մի շարք անձանց անմեղության կանխավարկածի իրավունքը, հայտնեց, որ նրանց պատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը, ենթադրաբար, առնչություն ունի Մարտի 1-ի հետ։ Իսկ երբ «Հրապարակը» գրեց, որ Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, որ Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել, ՀՔԾ-ն անհանգստացավ ու հերթական դաստիարակչական հորդորն ուղղեց՝ «անանուն աղբյուրներից ստացված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հրապարակելուց առաջ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանց հավաստիությունը ստուգելու համար»։ Միայն ամիսներ անց հպանցիկ հաստատեցին մեր գրածը՝ մոռանալով ներողություն խնդրել «Հրապարակից» եւ նրա «անանուն աղբյուրներից»։ 

Ժամանակից շուտ արված հայտարարություններ, որոնք հետո հերքվում են, միայն ՀՔԾ-ն չի արել։ ԱԱԾ պետը, օրինակ, գաղտնալսումների վերաբերյալ հայտնի ասուլիսում հայտարարեց, որ ունի սխեմա, թե ինչպես է հարստացել Քոչարյանների ընտանիքը, որ շուտով այն կհրապարակի, սակայն մինչ օրս չեն հրապարակել։

Նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակման շուրջ իրավաբանների շրջանում վեճ կա։ «Նախաքննության գաղտնիք» եզրույթին դեմ են փաստաբանները, որոնց էլ սովորաբար մեղադրում են արտահոսքի մեջ։ Նրանց մի մասը գտնում է, որ Քրօր․ 342 հոդվածն անորոշ է եւ օբյեկտիվորեն հնարավոր չէ կիրառել, քանի որ անորոշ է այն անձանց շրջանակը, որոնք պաշտոնեական դիրքի կամ այլ հանգամանքների բերումով իրավունք ունեն տիրապետելու նախաքննական տվյալներին։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելը հենց այդ դեպքն է, քանի որ Մարտի 1-ի նախաքննության նյութերը ներկայումս բազմաթիվ իրավաբանների ձեռքին են, եւ այդ տվյալներին տիրապետողների շրջանակը լայն է։  

Երիտասարդ փաստաբան Աղավնի Մադոյանը, որը ժամանակին զբաղվել է 342-րդ հոդվածով, ասում է․ «Հնարավոր չէ նշել հստակ ցանկ, թե ովքեր են այն անձինք, որոնք պաշտոնեական դիրքի կամ այլ հանգամանքի բերումով տիրապետում են նախաքննության տվյալներին։ Յուրաքանչյուր գործով որպեսզի հասկանալի լինի, թե տվյալ անձը համարվում է պաշտոնական դիրքի կամ այլ հանգամանքի բերումով ինֆորմացիային տիրապետող, հարկավոր է ընդամենը պարզել անձի առնչությունը գործի վարույթին»: Մարտի 1-ի փաստաբաններից Հայկ Ալումյանը կարծում է, որ վաղ թե ուշ հանգելու ենք նրան, որ «նախաքննության գաղտնիք» հասկացությունը վերացնենք։ Նրա պաշտպանյալը՝ Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, կոչ էր արել հրաժարվել «նախաքննության գաղտնիքից» ու հրապարակել իր մեղադրանքը:

«Ինձ թվում է՝ նախաքննական մարմնին, շահարկումներից խուսափելու նպատակով, ընձեռված է հնարավորություն՝ «հանել նախաքննության գաղտնիքը», որպեսզի հասարակությունը ողջ ծավալով ծանոթանա գործով ձեռք բերված բոլոր ապացույցներին ու տեսնի, թե մեղադրանքն ինչքանով է հիմնավոր: Ու ով է ճիշտ, ով սխալ…»,- այս առիթով ասել էր փաստաբան Արգիշտի Կիվիրյանը։ Եվ իրոք, հանրությանը հետաքրքիր է, թե ինչ է պատասխանել քննիչների հարցերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որովհետեւ ոչ միայն 10 զոհերն ու նրանց հարազատներն են Մարտի 1-ի գործով տուժողի կարգավիճակում, այլեւ բոլոր նրանք, ովքեր այդ եւ նախորդ օրերին մասնակցում էին միտինգներին, կարեկցում էին համաժողովրդական շարժմանն ընդդեմ կեղծված ընտրությունների նրանք, ովքեր դուրս չէին գալիս փողոց ու իրենց պատշգամբներից էին հետեւում ակցիաներին։ Սերժ Սարգսյանի տեսակետների հրապարակումը հանրային պահանջ է, որին տուրք է տվել լրատվամիջոցը։