ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի պահանջով փոփոխությունները հարցվածների 97.5 տոկոսն անթույլատրելի է համարել

ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի պահանջով փոփոխությունները հարցվածների 97.5 տոկոսն անթույլատրելի է համարել

«ԱՐԱՐ» հիմնադրամն արդեն երկար ժամանակ, պարբերաբար` եռամսյակը մեկ, հետազոտություններ է անցկացնում, որի արդյունքում դուրս են բերվում տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ հանրային ընկալումները:  
Այս անգամ եւս, հասարակական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության միջոցով դուրս են բերվել ու ներկայացվել մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ հանրության ընկալումները, ինչպես, օրինակ, ՀՀ արտաքին քաղաքականության նախընտրությունները, հանրային-քաղաքական դիրքորոշումները, ՀՀ ինստիտուտներից գոհունակությունը, հանուն խաղաղության պայմանագրի զիջումների պատրաստակամությունը, պատերազմի վտանգի եւ պատրաստակամության վերաբերյալ ընկալումները:

Հարցումն իրականացվել է 1.105 հոգու շրջանում` հեռախոսային հարցման միջոցով` փետրվարի 1-28-ն ընկած ժամանակահատվածում: 

ՀՀ ո՞ր կառույցների աշխատանքից են ամենաշատը գոհ եւ դժգոհ մեր համաքաղաքացիները․ ամենաշատ դժգոհությունն արձանագրվել է Ազգային ժողովից, հարցվածների 58.9 տոկոսը գոհ չէ այս կառույցի աշխատանքից։ Սրան հաջորդում է կառավարությունը` 51.4 տոկոսով, ապա՝ ոստիկանությունը` 27.3, Հայ առաքելական եկեղեցին` 24.8, եւ վերջում՝ ՀՀ զինված ուժերը` 15.7 տոկոսով: Համապատասխանաբար, ամենամեծ գոհունակությունը հարցվածների շրջանում ունի ՀՀ զինված ուժերը` 63.3 տոկոս, ինչը, «ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի գնահատմամբ, ավանդաբար, միշտ բարձր է եղել, միայն վերջին մի քանի տարում է որոշակի անկում արձանագրվել. «Առհասարակ, ՀՀ վերջին տասնամյակի հետազոտություններում հայկական բանակը, ՀՀ զինված ուժերը ՀՀ ինստիտուտների շրջանում ամենաբարձր հեղինակությունն է ունեցել, տվյալ պարագայում, սակայն, որոշակի անկում կա: Ի դեպ, եկեղեցին եւս, ավանդաբար, բարձր վստահություն ունեցող կառույցներից է, այս դեպքում այն կազմում է 52.9 տոկոս»:      

«ՀՀ իշխանությունները ճի՞շտ, թե՞ սխալ ներքին եւ արտաքին քաղաքականություն են վարում» հարցին հարցվածների 64 տոկոսը սխալ է համարում մեր արտաքին քաղաքականության կուրսը, ճիշտ է համարում 32.2 տոկոսը, մինչդեռ ներքին քաղաքականության հարցում սխալ է համարում հարցվածների 74.2, ճիշտ` 21.4 տոկոսը: Ա. Խաչիկյանն այս հարցում ուշադրություն է հրավիրում հատկապես չկողմնորոշվածների թվի վրա։ «Տեսեք, 2023-ի դեկտեմբերին չկողմնորոշվածների թիվը 33 տոկոս էր, հետո` 25, 17, եւ այսպես՝ կտրուկ անկում է ապրում, այսինքն՝ սկզբից, երբ ակտիվ քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում, այդ թիվը բավականին բարձր է, բայց երբ որոշակիանում են քաղաքական գործընթացները, լինում է փողոցային պայքար, չկողմնորոշվածները սկսում են կողմնորոշվել: 2023-ի դեկտեմբերին 38.3 տոկոսը համոզված էր, որ իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում, հետո տեղի են ունենում Տավուշի անկլավների թեմայով քննարկումները, որը լուրջ բացասական արձագանք է ստանում, եւ վստահության այդ տոկոսը 21.2 է իջնում: Ուզում եմ նորից արձանագրել այն հանգամանքը, որ երբ ցանկացած գործընթացում տեղի է ունենում իշխանությունների կողմից սխալ վարվող քաղաքականություն, որը հանգեցնում է հանրային նեգատիվ վերաբերմունքի, դրանից հետո, եթե առկա քաղաքական գործընթացն ու փողոցային պայքարը չի հաջողվում, դա ավելի է ուժեղացնում իշխանությունների վարկանիշն ու հանրային ընկալումը»,- ընդգծում է նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին արդյո՞ք հաջողել է կոռուպցիայի դեմ պայքարը, թե՝ ոչ, ապա 2024-ի հոկտեմբերին հարցվածների 46.6 տոկոսն ասել է, որ կառավարությունը հաջողել է այդ պայքարը, 51.7 տոկոսն ասել է` ոչ, չի հաջողել. «Արդեն այս տարվա փետրվար ամսին շուրջ 40 տոկոսն է ասել, որ, այո, հաջողել է, իսկ շուրջ 59 տոկոսն ասել է` չի հաջողել: Այս պարագայում տեսնում ենք, որ որոշակի անկում կա, ինչը նշանակում է, որ 7-8 տոկոսով ավելի քիչ են մարդիկ հավատում կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությանը»:

Հարցման հաջորդ ենթաբաժինը կոչվում էր «Անվտանգային հիմնահարցեր, «խաղաղության պայմանագիր». Պատերազմի վտանգ եւ պատրաստություն»: Այս ենթաբաժնում, ըստ բանախոսի, փորձ է արվել հասկանալու, թե Հայաստանի կողմից ինչ զիջումներ են ընդունելի կամ անընդունելի հայ հասարակության շրջանում` Ադրբեջանի հետ խաղաղության դիմաց։ Այսպես․ անկլավների փոխանակումն Ադրբեջանի հետ հարցվածների 81.2 տոկոսը համարել է անընդունելի, Սյունիքով անցնող միջանցքը (Հայաստանի կողմից չվերահսկվող տարածքը) անընդունելի նախապայման է համարել 96.2 տոկոսը, ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում` 96.1, Հայաստանի կողմից ֆինանսական փոխհատուցումների վճարումն Ադրբեջանին անընդունելի է համարել 96.8 տոկոսը, հայկական բանակի թվի եւ զենքի սահմանափակումը` ընդամենը 89 տոկոսը, եւ վերջում` ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի պահանջով փոփոխությունների կատարումն անթույլատրելի է համարել 97.5 տոկոսը: 

«Ձեր կարծիքով, հավանակա՞ն է արդյոք պատերազմի վերսկսում առաջիկա 6 ամսում» հարցին մեկ տարի առաջ` 2024-ի փետրվարին, 65 տոկոսն էր համարում պատերազմի վերսկումը հավանական եւ 26 տոկոսը` ոչ հավանական, իսկ այս տարվա փետրվարին միայն 42 տոկոսն է հավանական համարում պատերազմի վերսկսումը եւ 54 տոկոսը` ոչ հավանական։ «Ամեն դեպքում, եթե 42 տոկոսը համարենք մեր վերջին տվյալը, այդուհանդերձ, դա նույնպես բարձր տվյալ է, ինչը նշանակում է, որ մնացած բոլոր հարցերն այս մտքի, վախի ու վտանգի պրիզմայից պետք է դիտարկել: Հաջորդ հարցը` Հայաստանը հիմա պատրա՞ստ է նոր պատերազմի, թե՞ ոչ, մի տարի առաջ` 2024-ին, 21 տոկոսն էր ասում, որ, այո, պատրաստ է, իսկ 63.5 տոկոսը կարծում էր` ոչ, պատրաստ չէ, այս տարի արդեն 75 տոկոսն է կարծում, որ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմի, եւ միայն 21 տոկոսն է ասում, որ պատրաստ է»,-ասում է բանախոսն ու նկատում․ հարցվածների մոտ 60 տոկոսն էլ նշել է, որ Հայաստանում վերջին տարիներին անվտանգությունը (սահմանների) վատթարացել է, այս ցուցանիշը եւս աճել է նախորդ տարվա համեմատ, այս դեպքում՝ շուրջ 7 տոկոսով: