Բանակը վերածում են քաղաքական հալածանքի գործիքի

Բանակը վերածում են քաղաքական հալածանքի գործիքի

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

- Պարոն Ջամալյան, Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ են շարժման մասնակիցները հայտնվել թիրախում, ինչու՞ են եռամսյա հավաքները որպես պատժամիջոց կիրառվում:

- Եթե իրերն իրենց անունով կոչենք` սա ակնհայտ քաղաքական հետապնդում է: Ես կարծում եմ, որ այս ամենն արդյունք չի կարող տալ, որովհետև բոլոր այն անձանց, որոնց եռամսյա հավաքի են կանչել, պատերազմի մասնակիցներ են: Եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը` հաստատ: Այնպես որ, եռամսյա զորահավաքներով այս մարդկանց չեն կարող ահաբեկել: Այս ձևով փորձում են «Դիմադրություն» շարժման թափը կոտրել, սակայն համոզված եմ, որ չի ստացվելու ոչինչ: Նրանք կարծում են, թե այս խղճուկ քայլով կոտրելու են մարդկանց ըմբոստությունը: Բանակը վերածում են քաղաքական հալածանքի գործիքի, միանշանակ մի հերթական անգամ վարկաբեկվում է պետականությունը: Արդյունավետության առումով սա ոչինչ չտվող մի քայլ է: Այս իշխանությունն արդեն վաղուց չունի սոցիալական հենարան, մնացել են մի քանի ոստիկանական ստորաբաժանումներ: Հենց այս պատճառով էլ մնացել են ողորմելի ռեպրեսիվ քայլերի հույսին:

- Ի՞նչ է ստացվում, որ բանակն օրվա իշխանությունների համար սարսափելի մի վայր է,  ինչպես բանտը, և այս ձևով փորձում են պատժե՞լ ընդդիմախոսներին:

- Իսկ Դուք կասկածո՞ւմ եք, որ այդպես է: Այս մարդկանց համար պետականության ցանկացած ինստիտուտ վտանգ է ներկայացնում: Այո, իրենք կարծում են` բանակը կալանավայր է: Այո, նրանք չունեն որևէ բարոյական տաբու, իրենց համար բացարձակապես դժվար չէ բանակը վերածել քաղաքական հալածանքների հարթակի, այո, մենք ապրում ենք նման իրականության մեջ: Մի իրականություն, երբ իշխանության են եկել մարդիկ, որոնք չունեն բարոյական արգելակներ: Լայն առումով նրանք անգամ լիբերալներ էլ չեն, ո՞վ է ասել, թե սրանք լիբերալ արժեքներ են կրում: Սրանք ընդամենն իշխանությունից կառչած, հիվանդագինության հասնող իշխանատենչ մարդիկ են, որոնք եկել հասել են իշխանության և հենց այդ իշխանությունը պահելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Նրանք հանուն իշխանության ամեն ինչի ունակ են: Հետաքրքիրն այն է, որ նմանաբնույթ քայլերը ոչ մի կերպ իրենց իշխանության կյանքը չեն երկարացնելու: Հիմա էլ հալածանքներ են սկսել լրագրող Անժելա Թովմասյանի դեմ: Ի՞նչ եք կարծում` արդյունք կտա՞, ոչ` իհարկե: Այսպիսի քայլերն ավելի շատ մոտիվացնում են մարդկանց: Ես կարծում եմ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք ավելի լուրջ փողոցային ընդվզումների ականատես կլինենք:

- Իսկ գուցե մինչև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հասնենք, հերթական վտանգավոր փաստաթո՞ւղթը ստորագրվի: Ինչո՞ւ է ընդդիմությունը, այսպես ասած, «ոտքը կախ գցում»:

- Ես մասնակցում եմ որպես մի շարքային քաղաքացի: Ինձ իրավունք չեմ վերապահի հիմա խոսել շարժման և դրա թերությունների մասին: Շատ լավ հասկանում եմ, որ բարդագույն խնդրի առաջ է կանգնած այսօր մեր պետականամետ ընդդիմությունը, մարդկանց զոմբիացնելու պրոցեսը չի նահանջում, շարունակվում է: Ես հասկանում եմ, որ բարդագույն գործ է անգամ օրվա իշխանությունից դժգոհ մարդկանց պայքարի դուրս գալու համար մոտիվացնելը: Բայց անգամ ամենաբարդ խնդիրները կարող են լուծում ստանալ: Վերջին երկու ամսվա ընթացքում բավականին շատ մարդիկ դուրս եկան փողոց: Հիմա գուցե ինչ-որ վրիպումներից ընդդիմությունը հետևություններ անի, և վստահ եմ, որ կանի: Ցավոք, մեր հասարակության իմունիտետն ընկել է, շատերի համար պետականությունը դարձել է մի անկարևոր բան:

- Դուք ևս մասնակցում էիք «Դիմադրություն» շարժմանը: Ձեզ եռամսյա հավաքին մասնակցելու ծանուցում չե՞ն ուղարկել:

- Ոչ, չեն ուղարկել, սակայն չեմ կարծում, թե ինձ կամ մյուսներին կարող են հետ պահել նման քայլով: Մենք 4 տարի շարունակ արտահայտել ենք մեր քաղաքական դիրքորոշումը և շարունակելու ենք արտահայտել: Բանակը մեզ համար անծանոթ ու խորթ միջավայր չի: Այնպես որ, այդ ձևով հնարավոր չէ մեզ վախեցնել: Բանակը եղել է իմ կյանքի մի կարևորագույն մասը: Այնպես որ, բանակը գուցե իրենց համար է այդքան սարսափելի, մեզ համար` ոչ: