Հ․ Աբելյանի թատրոնը «Աբիշ Ալեմի» փառատոնին գրավել է երկրորդ տեղը

Հ․ Աբելյանի թատրոնը «Աբիշ Ալեմի» փառատոնին գրավել է երկրորդ տեղը

Հոկտեմբերի 11-14-ը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մասնակցել է Ղազախստանի Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի»` Աբիշի աշխարհը, միջազգային առաջին թատերական փառատոնին` նվիրված ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին: 

Ինչպես տեղեկացնում է Հ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը, թատրոնը մասնակցել է փառատոնին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Ինչպես փաստել է հրավիրող կողմը, վերջին՝ առավել քան 30 տարիների ընթացքում Ղազախստանում հայկական որևէ թատերախումբ չէր հյուրընկալվել: 

«Փառատոնին ներկայացրել ենք Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման` երիտասարդ ռեժիսոր Մարիամ Մնացականյանի բեմադրությամբ: Ներկայացման ընտրությունը խիստ պատճառաբանված էր. ազգային գործ ներկայացնելը որքան էլ ցանկալի, սակայն մի շարք առումներով նպատակահարմար չէր. փառատոնին մասնակցում էին միայն մուսուլմանական երկրներ և Վրաստանի ադրբեջանական թատրոնը, բացի այդ` Գ. Մարկեսը բոլորին հայտնի հեղինակ է: Բեմադրությունն արժանացել է հրաշալի ընդունելության: Ժյուրին ունեցել և դրսևորել է անթաքույց հիացական վերաբերմունք: Գլխավոր դերակատար Ալլա Դարբինյանին ներկայացման ավարտից հետո անընդհատ մոտենում էին ու խոստովանում, որ բեմադրությունն այնքան կայացած էր, որ հանդիսատեսը չէր հասցնում համաքայլ ընթանալ գործողությունների ընթացքին: Իր հիացմունքը չի թաքցրել նաև ժյուրիի ադրբեջանցի փորձագետը` ասելով մասնավորաբար, որ թեպետ չէր ուզենա խոսել, այնուամենայնիվ, ահա հենց այսպիսի ներկայացում է պետք փառատոնին»: 

Իբրև ասվածի հավաստում` հայկական պատվիրակությունը հրավեր է ստացել Թուրքմենստանից և Իրանից` մասնակցելու փառատոների նույն ներկայացումով:

Ակտաու քաղաքում կայացած «Աբիշ Ալեմի» փառատոնին երկրորդ պատվավոր տեղը գրավել են Հայաստանի և Ղազախստանի թատրոնները` արժանանալով «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի և գավաթի,  իսկ առաջին հորիզոնականն զբաղեցրել է Իրանը` «Լիր արքա» ներկայացմամբ: