Պատմությունը ժողովուրդն է կերտում

Պատմությունը ժողովուրդն է կերտում

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար ընդունելի չէ, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը ներկայումս անազատության մեջ է: Նկատի ունի, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին: Միտքն ի սկզբանե անհաջող է ձեւակերպված, որովհետեւ պատմությունն առհասարակ ոչ թե անհատներն են կերտում, այլ՝ ժողովուրդը: 88-ի երեւանյան կես միլիոնանոց հանրահավաքներից է ծնվել «Ղարաբաղ» կոմիտեն:

Այդ ուժով է կազմավորվել Հայոց համազգային շարժումը: Չհամախմբվեր ժողովուրդը Ստեփանակերտի հրապարակներում, խորհրդային բռնամեքենան ճնշելու էր Շարժումը, մեկ առ մեկ չեզոքացնելու էր առաջնորդներին: Նույնը՝ պատերազմի դեպքում: Ռազմական հաջողությունների առաջին գրավականն այն է, որ արցախահայությունը չլքեց բնօրրանը: Անհատականությունները պայմանական են: Չլիներ X- ը, գործի գլուխ կանգնելու էր Y-ը: Եւ լինելու էր դարձյալ այն, ինչ եղել է: 88-ի սերնդի գլխավոր վրիպումն է, որ կատարվածը վերագրում է բացառապես իր նվիրվածությանը, կարողությանը, տաղանդին կամ գերբնական հայրենապաշտությանը:

Մենք ապրել ենք այդ ժամանակները եւ խորքային շատ բան գիտենք՝ ով ում դեմ էր, ինչպես է չեզոքացրել մրցակցին, ինչ «թակարդներից է պանիր հանել»: Անաչառ պատմաբանը մի օր ամեն ինչ եւ յուրաքանչյուրին դնելու է իրենց արժանի տեղում: Բայց վերադառնանք Սեյրան Օհանյանի մտքին, որի իմաստն այն է, թե պատմություն կերտած գոնե նախկին նախագահների նկատմամբ վերաբերմունքը պետք է մի քիչ այլ լինի: Այդ փորձությունն առաջին անգամ հենց Ռոբերտ Քոչարյանին է բաժին ընկել:

Եւ նա կարող էր այնպես անել, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ Շարժման եւ պատերազմի հաջողությունների խորհրդանիշ: Մինչդեռ նրա կառավարման տասնամյակում առաջին նախագահը ենթարկվեց օստրակիզմի, պիտակավորվեց «հող հանձնող»: Արդարացի՞ էր այդ վերաբերմունքը, տոտալ անհանդուրժողականությանության հետ գործող իշխանությունը կապ չունե՞ր: Ակնհայտ է, որ ամեն ինչ կատարվել է իշխանության իմացությամբ, ուղղակի ցուցումով: Այլապես պատմության դասագրքերը չէին շարադրվի այնպես՝ կարծես Հայաստանի նորագույն պատմությունն սկիզբ է առել Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից:

Քաղաքական անհրաժեշտություն էր, որ տասնամյա կառավարումից հետո Ռոբերտ Քոչարյանն անցկացնի նախագահի ազատ, արդար ընտրություն: Բայց ի՞նչ արեց նա: Իշխանության բոլոր հնարավորությունները գործի դրվեցին՝ վարկաբեկելու Լեւոն Տեր-Պետրոսյանին, խոչընդոտելու նրա քարոզարշավը: Իսկ երբ ազդեցության «քաղաքակիրթ» միջոցներն սպառվեցին, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված հանրահավաքի հազարավոր մասնակիցներ երթի ուղղությունը փոխեցին, գնացին միանալու Տեր-Պետրոսյանին, երբ Թատերական հրապարակի հարթակում ընդդիմության առաջնորդի կողքին հայտնվեցին  իշխանության ներկայացուցիչներ, գործի դրվեց բռնության մեքենան: Անկախ նրանից՝ դատաքննությունը կհասնի՞ ավարտին, Ռոբերտ Քոչարյանի մեղքը կապացուցվի՞, թե՞ նա կարդարացվի, փաստը մնում է անհերքելի. 2008թ. մարտի 1-ին, երբ երկրի նախագահ եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար էր Ռոբերտ Քոչարյանը, Երեւանի կենտրոնում ցուցարարների դեմ զենք է կիրառվել, զոհվել է 10 քաղաքացի: Եւ իշխանությունը մեկ տասնամյակ ոչինչ չի արել՝ բացահայտելու մեղավորներին, կանգնեցնելու նրանց արդարադատության ատյանի առջեւ: Ինչու՞: Եթե առաջնորդվենք Սեյրան Օհանյանի տրամաբանությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ռազմական հաջողություններ եւ սոցիալ-տնտեսական առաջընթաց է կերտել: Բայց եւ՝ մարտի 1: Եթե ոչ արդարադատության, ապա պատմության առջեւ Ռոբերտ Քոչարյանը հաստատ ամբաստանյալ է:  Որովհետեւ պատմությունը ժողովուրդն է կերտում եւ   պահանջատեր է: