Դու նրան կարող ես հարցնել Կիրանցից, նա անձնական, ընտանեկան վիրավորանքներ տա

Դու նրան կարող ես հարցնել Կիրանցից, նա անձնական, ընտանեկան վիրավորանքներ տա

«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

- Տիկին Զոհրաբյան, այսօրվա ընդդիմությունն առաջ, երբ դուք պառլամենտական ընդդիմություն էիք, ձեզ մեղադրում էին, որ այնքան էլ կտրուկ, ռադիկալ չեք ձեր գործողություններում, բայց Ազգային ժողովում վերջին հարց ու պատասխանի ժամանակ ընդդիմադիրները բավականին սիրալիր էին Փաշինյանի հանդեպ: Մենք ագրեսիայի եւ լեզվակռվի կողմնակից չենք, բայց արդյո՞ք սա չի փաստում այն մասին, որ իշխանության և ընդդիմության միջև այս պահին չկա պայքար:

- Տեսնելով լրագրող գործընկերներիս օպերատիվ արձագանքը ընդդիմադիրների մասին, ես ստիպված նայեցի Ազգային ժողովի հարց-պատասխանը: Աբսուրդ է: Աբսուրդ է, երբ մարդիկ խորհրդարան են եկել մեկ օրակարգով` հեռացնել այս ռեժիմին, խորհրդարանական ամբիոնից քննարկում են հանրակրթությանը վերաբերող հարցեր: Խոսում են դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերի մասին: Դա ինձ համար շատ անհասկանալի է: Գեղամ Նազարյանն, ի վերջո, որդի է կորցրել, բայց անդրադարձավ այդ հարցին: Նիկոլ Փաշինյանին ինչ-որ անհասկանալի հարցադրումներ էին անում, այն էլ բավականին վախվորած: Բացառություններ եղան, մեկ-երկու բացառություն: Հետո էլ այդ մարդիկ նեղանում են, վիրավորվում ու չեն հասկանում, թե հանրության մոտ ինչու է վստահությունն իրենց նկատմամբ պակասել: Երբ ես հարցնում եմ` ինչո՞ւ եք այդպես պահում ձեզ, տալիս են նույն պրոտոկոլային պատասխանը` Նիկոլ Փաշինյանը չունի կարմիր գծեր, իսկ իրենք ունեն ընտանիք, ի վերջո, իրենց նայում է հասարակությունը և իրենք չեն կարող կանխատեսել, թե ի պատասխան իրենց օբյեկտիվ հարցադրումների, ինչպիսի պատասխաններ կտա Նիկոլ Փաշինյանը, ինչ կարմիր գծեր կանցնի` կհասնի անգամ ընտանիք, երեխաներ: Սա է պատճառը, որ իրենք ունեն որոշակի կաշկանդվածություն: Ինձ համար, իհարկե, սա անընդունելի է: Ես իմ մի քանի գործընկերների` Վահան Հովհաննիսյանի, Արտակ Զաքարյանի հետ Բաքու էի գնացել, Բաքվում` Ալիևը մեզ մատնացույց անելով՝ ասաց, որ մենք մարդասպաններ ենք, իբրև մենք պղծել ենք իր պապերի գերեզմանը Հայաստանում: Բայց անգամ դա մեզ չկաշկանդեց, երբ մենք գտնվում էինք Բաքվում: Օգտվելով մեր արձագանքի իրավունքից Ալիևի բմբուլները քամուն տվեցինք: Այնպես որ ինձ համար չի կարող Նիկոլ Փաշինյանի ներկայությունից կաշկանդվելն ընդունելի լինել: Թող չնեղանան ու թող իրենց մոտ հարց չծագի, թե ինչու է հանրությունը ընդդիմության հանդեպ վստահությունը Շագրենի կաշվի նման ոչնչացնում:

- Իսկ ընդդիմադիրների պատրաստվածության, հարցերի բովանդակության մասին ի՞նչ կասեք: Օրինակ` Լևոն Քոչարյանը հիշեցրեց Վանեցյանի և Փաշինյանի հայտնի ձայնագրությունը, որտեղ Փաշինյանն արդեն 2018-ին թելադրում էր թե, ինչպիսի պատիժ ու գործողություններ է ցանկանում ստանալ դատարանից: Նմանատիպ հարցերը ժամանակավրեպ չե՞ն:

- Իհարկե, ժամանակավրեպ էր: Այս ընդդիմությունն ուղղակի փորձում է լցնել դատարկությունը: Բայց դատարկությունը չեն լցնում ակտուալ օրակարգով, այլ լցնում են` օդով: Ինչ-որ բան անելու իմիտացիա են ստեղծում, բայց մեր հասարակությունն ինչքան էլ որ կրթական ցենզի հետ խնդիրներ ունի, միևնույն է` այդ ֆալշը, ֆեյքը, շատ լավ տեսնում ու հասկանում է և հենց այդպես էլ իրենց պատասխանում է: Ընդդիմադիր շարժումների ձախողման պատճառն իրենք այդտեղ պետք է փնտրեն: Ես մշտապես ասել եմ ու էլի կասեմ` Նիկոլ Փաշինյանն իշխանություն պահելու մահապարտ է: Մենք կամ կունենանք մահապարտ ընդդիմություն, կամ էլ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի:

- Ըստ Ձեզ` ընդդիմությունն ի՞նչ կրեատիվ քայլեր, գործողություններ կարող էր անել այս փուլում, որ չի անում:

- Պետք չէ կրեատիվ գործողություններ անել, ուղղակի Նիկոլ Փաշինյանին չպետք է թողնեն մոտենալ ԱԺ ամբիոնին: Սա այն է, ինչ այսօրվա ընդդիմությունն ինձ խորհուրդ էր տալիս: Պատերազմից հետո ինձ ասում էին` չե՞ք ամաչում դուք այդտեղ նստած, Նիկոլը մոտենում է ԱԺ ամբիոնին: Ասում էին՝ ամբիոնը շրջափակեք ու թույլ մի տվեք նա ամբիոնին մոտենա: Թող գնան առճակատման, թող խորհրդարանը լուծարվի, թող քաղաքական ճգնաժամ ստեղծվի: Հարց-պատասխանի ռեժիմն այնպիսին է, որ ամեն դեպքում պատասխանի վերջին հնարավորությունն իշխանությանն է: Հասարակության մեջ դաջվում է այդ մարդու «մուտիլովկան» ու «կռուտիտը»: Ստացվում է, որ օրակարգ թելադրողը հենց նա է և անկախ նրանից դու ուզում ես, թե չես ուզում, մտնում ես այդ մարդու օրակարգի մեջ: Նրան «կռուտիտում» հաղթել հնարավոր չէ: Անվերջ ստեր, մանիպուլյացիաներ և ոչ մի փորձ չի էլ արվում նրան հակադրվելու: Այո, օբյեկտիվ հարցեր բարձացվում են, բայց այդ հարցերը կամ ժամանակավրեպ են, կամ էլ ռեալ պոլիտիկի հետ աղերս չունեն: Երեկվա հարց-պատասխանն ուղղակի ողբերգական էր: Հասկանում եմ մարդկայնորեն, որ նրանց դիմաց կանգնած է մեկն, ով չունի ոչ մի կարմիր գիծ: Դու նրան կարող ես հարցնել Կիրանցից և նա անձնական, ընտանեկան վիրավորանքներ տալ, բայց ընդդիմությանը մանդատ են տվել այս մարդուն հեռացնելու համար: Եթե կաշկանդված եք, վայր դրեք մանդատները և տեղը զիջեք մարդկանց, ովքեր Նիկոլի ներկայությունից չեն կաշկանդվում: