«Հրապարակ». Կան նախկիններ, որոնց գործերն անուրանալի են, եւ կան նախկիններ, որոնց գործերն աններելի են

«Հրապարակ». Կան նախկիններ, որոնց գործերն անուրանալի են, եւ կան նախկիններ, որոնց գործերն աններելի են

Գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը թեպետ դեկտեմբերի 4-ին «Հրապարակին» տված հարցազրույցում հերքել էր իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը, սակայն երկու օր առաջ հանդես եկավ տեսաուղերձով եւ ասաց, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի թեկնածու: Նա մեր հարցին` «Ձեր անունն էլ է շրջանառվում՝ որպես քաղաքապետի հնարավոր թեկնածուի», բառացիորեն պատասխանել էր. «Հազար բան են խոսում, ախմախ-ախմախ խոսում են: Ես ումի՞ց պետք է նման առաջարկ ստանայի, եթե որոշում կայացնողը ես եմ: Ոչ մի կուսակցություն ինձ չի կարող ինչ-որ բան առաջարկել, քանի որ Գյումրու քաղաքապետի պաշտոնը եթե ցանկանում ես զբաղեցնել, ապա ինքդ պետք է ցանկանաս: 2018 թվականին էլ էր մի նման տխմարագույն թեզ շրջանառվել, որ ես իմ հայրական տուն եմ վերադարձել, որովհետեւ քաղաքապետ եմ ուզում դառնալ: Նման բան չկա, ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, ինձ չի էլ հետաքրքրում այդ հարցը»: Այսինքն, որպես գյումրեցի՝ Ձեզ չի՞ հետաքրքրում քաղաքի ճակատագիրը՝ հարցրել էինք նրան։ «Եթե Հայաստանի ղեկավարը տիկտոկեր է, ինձ համար մեկ է, թե ով կղեկավարի Գյումրին»,- ասել էր ու հավելել. «Ես պատրանքների մեջ չեմ ապրում: Գյումրիում արդեն եղել է իշխանազավթում: Ո՛չ հին ընտրությունն է ինձ հետաքրքիր եղել, ո՛չ էլ գալիք ընտրությունը: Մեր երկիրը տիկտոկերներ են ղեկավարում, դրանով ամեն ինչ ասված է: Ես ընտրություններին լուրջ չեմ վերաբերվում»:

Վերջին հայտարարությունից հետո մենք փորձեցինք կրկին զրուցել Ռուբեն Մխիթարյանի հետ, սակայն նա վերջին օրերին չի պատասխանում հեռախոսազանգերին: Զրուցել ենք «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, որի ցուցակով Մխիթարյանը պատրաստվում է առաջադրվել:

- Պարոն Անդրեասյան, Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: Ինչպե՞ս որոշեցիք նրան առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, թե՞ ինքն է նման ցանկություն հայտնել:
 

- Նա է ցանկություն հայտնել, մենք էլ ոչ մի առարկություն չունենք իր հետ կապված, քանի որ առաջին օրվանից նկատել ենք իր շարժուձեւը: Շատերն ասում են` նախկին է եւ այլն, բայց, իմ կարծիքով, նախկիններ կան, որոնց գործերն անուրանալի են, սակայն կան նաեւ նախկիններ, որոնց արած գործերն աններելի են: Այդ սկզբունքից ելնելով՝ մենք առարկություններ չունենք եւ պաշտպանելու ենք նրա թեկնածությունը` որպես հայ մարդու: Մենք ունենք մի քանի սկզբունք․ մարդը պետք է լինի անկեղծ, անդավաճան, հայրենասեր եւ լավ ընտանիքի ներկայացուցիչ: Մենք տեղ ենք տալիս լավ ընտանիք ունեցող մարդկանց: Մանրամասն շատ հարցեր չենք էլ քննարկել, դիմել են, մենք էլ համաձայնել ենք: Ասեմ, որ եթե համապետական ընտրություններ լինեն, դրան էլ ենք մասնակցելու, թեպետ դեմ ենք ընտրություններին, մինչեւ այդ այս վարչախմբին պետք է հեռացնենք:

- Ռուբեն Մխիթարյանի՞ն են նախկին ասում, թե՞ Ձեզ:

- Ռուբենի մասին հոդվածներ էին գրել, ապուշ-ապուշ բաներ են գրում, իբրեւ նախկին նախագահների հետ չգիտեմ ինչ: Մեր դժբախտությունը դա է, որ մարդուն կարող են ամբախ-զամբախ սեւացնել: Դեռ սրանց գալու շրջանում իմ մասին էլ ինչ ասես ասում էին, բայց դատարանն ինձ արդարացրեց, ու պարզվեց, որ շինծու խոսակցություններ էին դրանք:

- Գուցե հենց նախկինների հետ չասոցացվելու համա՞ր է Մխիթարյանը Ձեր կուսակցությունն ընտրել, թեպետ Դուք էլ եք հարում հանրապետականներին:

- Ես անձամբ կուսակցություններին միշտ շատ դեմ եմ եղել: Կուսակցությունները մեր ժողովրդին բաժանող երեւույթներ են: Կուսակցությունները մարդկանց տարանջատում էին, ես կուսակցություն չէի հիմնադրի, եթե օրենքով պարտադրված չլիներ: Մենք միշտ ակտիվ ենք եղել, մեր հասարակության հետ կարողացել ենք լեզու գտնել, այնպես չէ, որ իշխանություններով էլ հիացած ենք եղել, ժողովրդի շահը միշտ էլ մեզ համար առաջնային է եղել: Ես եղել եմ կոմունիստ, այսօր էլ մնում եմ կոմունիստ, պարզապես, օրենքի պահանջից ելնելով, կուսակցություն ենք ստեղծել, որպեսզի գրագետ մարդկանցով համալրենք շարքերը:

- Իսկ ընտրական ցուցակն ո՞վ է կազմել կամ` կազմելու: Ասում են, որ ճանաչված մարդկանց են ընդգրկել ցանկում:

- Ռուբենն է կազմել: Բայց ես ասել եմ իմ պայմանները, որ հանկարծ ինչ-որ կեղծարար մարդիկ չներառվեն ցուցակում, որ կեղծարարներ լինեն, լավ չի լինի:

- Ինչպե՞ս եք որոշելու` ով է կեղծարար եւ ով` ազնիվ:

- Հանրապետության քաղաքական դաշտը կեղծարարներով է լցված: Մարդիկ փող են աշխատում, քաղաքականությունն իրենց համար դարձրել են խոպան: Մեկն արեւմուտք է գնում, մեկը հյուսիս է գնում, մոռանում են, որ իրենք հայ են, հայ ընտանիքից են դուրս եկել:

- Ռուբեն Մխիթարյանը, ըստ Ձեզ, ունի՞ շանսեր հաղթելու:

- Մենք նրա շանսերը գնահատում ենք` հաշվի առնելով հասարակական կարծիքը, նրա ելույթները: Նա ապացուցում է, որ անկեղծ է, իսկ ժողովուրդը սիրում է նրան: Մենք հիմնականում հենվել ենք հենց ժողովրդի սիրո վրա:

- Դեկտեմբերին նա մեզ հետ զրույցում ընտրությունների հնարավոր մասնակցության լուրերը հերքել էր: Ինչպե՞ս ստացվեց, որ փոխեց մտադրությունը: Անգամ ասում էր, որ ընտրությունների հետ կապված ոչինչ իրեն հետաքրքիր չէ:

- Քաղաքականության մեջ կա «երբեք մի ասա երբեք» լոզունգը: Սա այդ դեպքն է:

- Վերջին շրջանում «Իմ հզոր համայնք»-ն ի՞նչ աշխատանքներ է տարել, ունե՞ք մարզերում գրասենյակներ:

- Սպիտակում էլ ենք ավագանու թեկնածուներ առաջադրել, Մասիսում էլ դաշինքով ընտրություններին մասնակցեցինք, Քասախում էլ ունենք ավագանու անդամներ: Ահագին մասնակցություն, ակտիվություն ունեցել ենք: Վերջին շրջանում պասիվացանք մի քիչ, որովհետեւ ասպարեզ եկան տարբեր ուժեր: Գիտեք, մեր ժողովուրդը խաբվել է ուղղակի, որ ժողովրդին ասում են ժեխ, ես դա չեմ ընդունում, չի կարելի նման բաներ ասել, թող ոչ մեկը չմոռանա, որ վաղը` ընտրությունների ժամանակ, գնալու է ժողովրդի դուռը: Մեր ժողովրդին ուղղակի վարպետորեն կարողացան խաբել: Ես ոչ մի անգամ պարտություն չեմ տարել, իմ ժողովուրդն ինձ միշտ գնահատել է, ես միշտ իմ խոստացածից երեք անգամ ավելին արել եմ մարդկանց համար, ոչ մի անգամ մարդկանց կամքին չեմ բռնացել: