Որպեսզի դա տեղի չունենա…

Որպեսզի դա տեղի չունենա…

 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի շարք «հանճարեղ» մտքեր էր բարձրաձայնել: Դրանցից մեկը, որին արդեն անդրադարձել եմ թե՛ ես և թե՛ մնացած ընդդիմադիրները, թուրքերի հասցեին ատելության խոսքի և ոչ ցանկալի որևէ անձի «թուրք» անվանելն էր: Մյուսն այն գաղափարն է, որ միմյանց «անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով իրար կարիքն ունեն Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը»: Կարծում եմ, որ միայն իրեն է հասանելի, թե ինչու պիտի մեր արևմտյան ու արևելյան թշնամի հարևանները վերը նշված առումներով ունենան մեր երկրի կարիքը: 
Բայց Թուրքիայի «Ապագա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, օրինակ, դա հասկանում է ոչ թե նիկոլավարի, այլ յուրովի: Նա հայտարարել է, որ «Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Եվ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»:

Հատկապես, որ «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացավ «իր հողերի» զգալի մասը հետ վերցնել Հայաստանից»։ Այնպես, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ունեն մեր կարիքը ոչ թե իրենց «անվտանգությունն, ինքնիշխանությունն ու անկախությունն ապահովելու», այլ Հայաստանից հնարավոր բոլոր պատառները պոկելու և հայերին այստեղից վռնդելու համար: Ինչն, իմ կարծիքով, Նիկոլի վարչապետության շարունակման դեպքում կարճ ժամանակ անց հանգիստ կարող է կյանքի կոչվել: Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ մենք պետք է կարողանանք վռնդել Նիկոլին իր պաշտոնից: