Առնվազն 10 մարդ զրկվել է կյանքից. դատախազը միջնորդեց կալանավորել Քոչարյանին

Առնվազն 10 մարդ զրկվել է կյանքից. դատախազը միջնորդեց կալանավորել Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: 
 
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առաջինը ներկայացրեց բողոքը։ Նա իր ելույթում նշեց, որ առաջին ատյանի դատարանը ի դեմս Դավիթ Գրիգորյանի, առանց որևէ հիմնավորում բերելու եկել է մի համոզման, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա սահմանադրականության խնդիր։ 

Դատախազն անդրադարձավ նաև հիմնավոր կասկածի առկայությանը․ «Առաջին ատյանի դատարանը նախագահ Քոչարյանի գործը քննելիս դատախազության փաստարկները հիմնավոր կասկածի վերաբերյալ ըստ էության չի գնահատել։ Կաշառք ստանալու մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկածը դատարանը հիմնավոր չի գտել ոչ թե դատարանում քննարկված փաստերի, այլ նույն հարցով նախկինում կայացրած դատական ակտերի հիման վրա։ Տեղին եմ համարում դատարանին իրազեկել, որ մենք նախկինում առաջին ատյանում ինքնաբացարկ էինք ներկայացրել, որ դատավորը անկախ և անկողմնակալ չի եղել և հետևաբար նրա կողմից կայացրած ակտերը օրենքի հիման վրա կայացրած ակտեր չեն կարող լինել»։

Նա նաեւ նշեց, որ դատարանը ուշադրություն չի դարձրել սույն գործի բարդությանը, դեպքից շուրջ տասը տարի անց կատարված առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանն ուղղված դժվարություններին, ապացույցների հավաքագրման գործում վարույթն իրականացրած մարմնի ցուցաբերած ջանասիրությանը. «Բացարձակ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում առնվազն տասը մարդ զրկվել է կյանքից»։

Պետրոսյանը ընդգծեց, որ ջանքեր են գործադրվել ապացույցները կեղծելու, գործի բացահայտումը թաքցնելու ուղղությամբ։

Նա միջնորդեց՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։