Եթե ինքն էդքան դուխ ունեցավ՝ իմ դեմ ասեց, դիմումս կգրեմ ու դուրս կգամ. Ռազմիկ Մկրտչյան

Եթե ինքն էդքան դուխ ունեցավ՝ իմ դեմ ասեց, դիմումս կգրեմ ու դուրս կգամ. Ռազմիկ Մկրտչյան

Շենգավիթ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Հրապարակին», որ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը առանձնատուն է կառուցել Երևանյան լճի տարածքում, իսկ հարակից տարածքում շինարարություն է իրականացնում:

Բնակիչներն ասում են, որ առանձնատան տարածքից Մկրտչյանը աղբաորսիչ կայանը նախապես տեղափոխել է իր տան ներքևում գտնվող Հրազդան գետի ամենանեղ հատվածը, ինչը գետի աղտոտման պատճառ է դարձել: 

Տեսանյութը՝ այստեղ

Աղբաորսիչ կայանը տեղափոխելու նպատակն այն է եղել, որ թաղապետի տան մոտակայքում աղբանոց չլինի: Բնակիչները մտահոգություն ունեն, որ Մկրտչյանը մտադրություն ունի ապամոնտաժել նաեւ առանձնատանն անմիջապես կից գտնվող համաշխարհային պատերազմի ժամանակ գերևարված գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը (նկարի վրա խաչի տեսքովն այդ գերեզմանոցն է): 

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի միջոցներով կառուցվող հանրային գոտուն, ապա այն գտնվում է Մկրտչյանի նորակառույց առանձնատան անմիջական հարևանությամբ, քարքարոտ ու բարձրադիր մի վայր է, որ բնակելի շրջաններից հեռու է գտնվում ու ինչպես նշեցին քաղաքացիները, դժվար թե մարդիկ երկար ճանապարհ անցնեն՝ այդ այգում պարզապես քայլելու համար և Ռազմիկ Մկրտչյանը ևս շատ լավ գիտակցում է այդ հանգամանքը: Նրանք կարծում են, որ վերջինս պետական միջոցներով մաքրում բարեկարգում է իր տան հարևանությամբ գտնվող տարածքը, որը հայտնի է Ղռեր անվամբ: 

Նկարում մեծ շրջանի մեջ պատկերվածը հենց այդ հանգստյան գոտին է: 

Բնակիչները տեղեկացնում են, որ ասֆալտապատման աշխատանքներն այնպես են կատարվել, որպեսզի Ռազմիկ Մկրտչյանի առանձնատուն տանող ճանապարհը ևս ասֆալտապատվի: Մկրտչյանի տնօրինած անշարժ գույքը սրանով չի սահմանափակվում: Ըստ շենգավիթցիների, բացի այս նորակառույց թանկարժեք առանձնատունը, նա ձեռք է բերել նաև մի բնակարան Շենգավիթի թաղապետարանի դիմացի շենքում, Տեցի կռուգում՝ Արտաշատի խճուղի՝ 1/1 հասցեում, որը կիսակառույց մի շինություն է: Բնակարանն ու այս կիսակառույց շինությունը գրանցված են վերջինիս եղբոր անունով:

Շենգավիթ համայնքի բնակիչները նաեւ համայնքապետարանի ներսից են մանրամասներ փոխանցում։ Այն, որ ասֆալտապատման տենդերներն իրականացում է վարչական շրջանի բաժնի պետ Սարգիս Սարգսյանի ընկերոջը պատկանող ընկերությունը եւ դա պատահական չէ:
«Հրապարակը» կապ հաստատեց 26 տարեկանում վարչական շրջանի ղեկավար նշանակված եւ արդեն 4 տարուց ավելի այս պաշտոնում աշխատող Ռազմիկ Մկրտչյանի հետ եւ նրան ուղղեց բնակիչների ներկայացրած հարցադրումները։ Նա տեղեկացրեց, որ Երևանյան լճի տարածքում տունը ոչ թե կառուցման ընթացքի մեջ է, այլև արդեն ավարտվել է եւ ինքը բնակվում է այնտեղ: «Ես եմ ընտրել այս տարածքը, ինձ համար հարմար է եղել, ավելի նպատակահարմար է եղել այստեղ առնեմ,  քան թե հրապարակի մոտ, որովհետև հրապարակի մոտ տունս վաճառել եմ, եկել այստեղ: Ի դեպ ասեմ, որ եթե ավելի շուտ գնեի, ապա ավելի մատչելի գնով կգնեի, որովհետև ադեն հայտնի էր, որ այգի է կառուցվելու՝ բնականաբար գինն էլ ավելի թանկ էր»,-ասաց Ռազմիկ Մկրտչյանը:
Անդրադառնալով աղբաորսիչ կայանին, Մկրտչյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանն է կառուցել այն՝ Հրազդան գետի ամենանեղ հատվածում՝ Հրազդան փողոցի մոտ, այսպես կոչված, Ղռերի հատվածում`մոտ երկու տարի առաջ:

Մեր դիտարկմանը, որ քաղաքացինեը դժգոհում են, թե կայանը Հրազդան գետի վրա տեղադրելուց հետո գետն աղտոտվել է, ասաց. «Դե որ չեն հասկանում, ինչ ասեմ: Այստեղ աղբաորսիչ չի էլ եղել, այստեղ եղել է լրիվ այլ բան, որը որ ուղղակիորեն հնարավոր չէր մաքրել՝ ես չգիտեմ ինչի մասին է խոսքը»,-ասաց վերջինս:

Անդրադառնալով տան մերձակա հատվածում ասֆալտապատված ճանապարհներին, ասաց. «Մինչև իմ տուն գալացող ճանապարհը բոլոր տեղերը ասֆալտապատում ենք՝ բացի այստեղից, որովհետև սա իմ տան ճանապարհն է: Ճիշտ եք, պետք է մի օր էլ այստեղ ասֆալտապատվի, բայց առաջնահերթ մենք դիտարկում ենք այն տարածքները, որտեղ ավելի շատ դրա կարիքը կա»:
Մեր հարցին, արդյոք ունի՞ մտադրություն՝ ապամոնտաժելու իր տան կողքին գտնվող գերեզմանոցը, նախ ասաց, որ այլևս ոչ մի հարցի չի պատասխանի, հետո հավելեց. «Ո՞նց կարա ճիշտ լինի, դա առնվազն սրբապղծություն է: Էդ ամեն ինչը ասողները չգիտեմ էլի, ոնց են մտածում: Ես ցավում եմ, որ Դուք ինձ եք այդ հարցը տալիս: Առնվազն ո՞նց կարելի է մտածել, որ գերեզմանոցը կարելի է քանդել, ամենաշատը գիտեք ի՞նչ կցանկանայի՝ տեսնեմ այդ սրիկային ու աչքերի մեջ նայեմ: Այդ մարդն ընդհանրապես ինձ ճանաչո՞ւմ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Ես Ձեզ վստահեցնում եմ, այդքան դուխ ու համարձակություն չի ունենա իմ դեմ կանգնի: Եթե ինքն էդքան դուխ ունեցավ՝ ես դիմումս կգրեմ ու դուրս կգամ: Հանցագործության մասին կարար հաղորդում տար՝ էնքան լավ կլիներ, իրավապահ մարմինները կպարզեին, կհասկանային»,-ասաց Մկրտչյանը։ Մեր դիտարկմանը, թե դեռ տեղի չունեցածի մասով ինչպե՞ս կարող է որևէ մեկը հանցագործության մասին հաղորդում տալ, ասաց.«Իրան հարց կտան, կկանչեն, կասեն՝ խնդրում ենք ասեք, ինչի՞ց եք ենթադրում։ Ամեն օր հելնում, մարքում են, կարծում եմ՝ մինչև իրենց տան դեմ լինելը ձեր տանն դեմն էլ է եղել՝ մի օր մաքրե՞լ եք, ժողովուրդ ջան: Կարող է ասեն՝ հա, մենք էլ ենք մաքրել, մենք էլ հանեինք նկարներ ցույց տայինք, ասեինք, որ ցավալի իրավիճակում էր»:

Ինչ վերաբերում է Սարգիս Սարգսյանի ընկերոջ կողմից ասֆալտապատման տենդերները շահելուն, վստահեցրեց, որ տարբեր ընկերություններ են շահում տենդերները:

«Մեկ ծավալ է դրվում՝ ոնց կարա 5 ընկերություն շահի: Քաղաքային ծրագիր կա,  քաղաքապետարանում շինբարեկարգման վարչությունն է դնում, որը ևս Շենգավիթում է կատարվում, 2 ծրագիր կա՝ կենտրոնական ճանապարհներ, բակային և միջբակային, միշտ տարբեր են եղել։ Ես նման բան չեմ հիշում կամ առաջին տարին է եղել, որ երկուսն էլ նույն կազմակերպությունն է շահել, մնացածը տարբեր կազմակերպություններ են շահել»,-ասաց Մկրտչյանը: Իսկ նշված ընկերությունն ասֆալտապատման աշխատանքներ միայն իրենց համայնքո՞ւմ է իրականացնում, ասաց.«Ես չորս տարի է ճանաչում եմ այդ մարդուն ու չեմ ճանաչում այդպիսի մարդ, որ ինքը նման ընկեր ունենա, որը կունենա ասֆալտի զավոդ: Շատ ուրախ կլինեի, որովհետև շատ ժամանակ լինում է տարվա մեջ, որ ծրագիրն է վերջացած լինում, որ մենք ենք խնդրում տարբեր մարդկանց, որ մեզ աջակցեն: Օրինակ, տեսեք, տարին նոր-նոր է սկսվում և արդեն մրցույթներ են տեղի ունենում, պիտի գնան մասնակցեն, որ ամենացածր գին առաջարկողը հաղթի, հիմա դեռ մրցույթը չի կայացել, բայց անձրևներից, ձյունից հետո առաջանում են փոսեր, հիմա այս պահին անհրաժեշտություն է լինում, որ փոսալցման աշխատանքներ տարվեն: Իհարկե, դա մեծ ծավալի չի, բայց որ մի ընկեր ունենային էդպիսի՝ չէր խանգարի: Թեպետ շատ ժամանակ աջակցում են՝ նման խնդիր չի լինում, բայց ամեն դեպքում չէր խանգարի»:

Մինչ թաղապետ նշանակվելը եւ նշանակվելուց հետո ունեցվածքի տարբերությունների մասին էլ ասաց, որ ունի հայտարարագրեր կցված, վկայականներ՝ իր անունով. «Ես չգիտեի, որ հեղափոխություն կլիներ, ես չգիտեի, որ իմ անունով երկու տուն պետք է գցեի, որ հեղափոխությունը լիներ ու ես նշանակվեի թաղապետ ու երևար, որ ես երկու տուն ունեմ: Դա ասող մարդն ինձ չի ճանաչել մինչև թաղապետ լինելը, մինչև իմ թաղապետ նշանակված լինելու ժամանակահատվածում ճանաչող մարդիկ գիտեն ես ոնց եմ ապրել, առնվազն անասուն պետք է լինի մարդ, որ ասի՝ ես առաջ ավելի վատ եմ ապրել, քան հիմա»:

Մենք հետարքրքվեցինք նաև Արտաշատի խճուղու վրա կիսակառույց շինության, Շենգավիթի համայնքապետարանի դիմացի շենքում բնակարան գնելու մասին, ասաց.«Ես Տեցի կռուգում գույք չունեմ, Գարեգին Նժդեհ 21 շենքում իմ եղբայրը տուն ունի, հիմա էլ պատրաստվում է նոր տուն գնի կողքի շենքում: Կարող են գնան, տեսնեն, հասկանան այս մարդը որտեղից ունի, ինչ ունի, իմ տունը չի՝ եղբորս տունն է»,-ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը: