Թարս ծնվածները
Կարեւոր հարցերում` անկարող, անկարեւորներում` հիպերակտիվ․ այսպես կարելի է որակել ՔՊ-ական իշխանություններին: Ինչքա՜ն կարեւոր խնդիրներ կան մեզանում, որ խելք, կրեատիվ միտք, կամք, խելացի լուծումներ են պահանջում: Ինչքա՜ն ասպարեզ ու համակարգ կա, որը տքնաջան աշխատանք, ամենօրյա ուշադրություն, ուժերի գերլարում է պահանջում: Բայց այս բոլոր հարցերում ոչ մի քայլ ու գործ չենք տեսնում: Ավելի շուտ՝ տեսնում ենք ապիկար, անաշխատունակ, ծույլ, անկարող իշխանություն, որը ոչ մի կարեւոր հարց չի կարողանում լուծել: Փոխարենը ակտիվ է այն հարցերում, որտեղ պետք է պասիվ ու զգուշավոր լինի, հազար չափի` մեկ կտրի:
Զորօրինակ, հանրությանը հարկելու, տուրքերն ու պարտադիր վճարներն ավելացնելու, հանրային լայն շերտերին վերաբերող նորամուծություններ մտցնելու հարցերում, որտեղ մեծ զգուշություն, նախնական ծանր աշխատանք ու ժամանակ են պահանջվում: Բայց, չէ` մի քանի ամսում կամ շաբաթում շըփ-թըփ էլեկտրոնային դեղատոմսեր մտցնենք՝ մեծ թվով մարդկանց փաստի առաջ կանգնեցնելով: Պարտադրենք տրանսպորտում հավելվածներով վճարել կամ միայն 100 դրամանոցներով՝ տրանսպորտից օգտվողների համար անհարմարություններ առաջացնելով: Բուհեր միավորենք ու փակենք եւ անհեթեթ ակադեմիական քաղաքի վրա մեծ գումարներ ծախսենք` դրսերում ինչ-որ նախագծողների վարձելով եւ հանրության մի մեծ հատվածի սթրեսի ենթարկելով: Իրական շահառուի եւ եկամուտների հայտարարագիր գրելու պարտավորություն սահմանենք բոլորի նկատմամբ: Սահմանադրություն, Անկախության հռչակագիր փոխենք, ջնջենք, հարմարեցնենք մեր թշնամիների ճաշակին: Իսկ երբ բոլոր անհեթեթ որոշումները կայացրած լինենք, էլ բան չմնա, ուղղակի օրհներգը փոխենք: Բա եթե երկիրը չենք կարողանում պահել ու զարգացնել, մի բան պե՞տք է անենք:
Կարծիքներ