Կպատժի՞ ՌԴ-ն Հայաստանին, ինչպես Վրաստանին ու Ուկրաինային

Կպատժի՞ ՌԴ-ն Հայաստանին, ինչպես Վրաստանին ու Ուկրաինային

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ բողոքի ակցիա է մեկնարկել՝  բիոլաբորատորիաների գործունեության առնչությամբ: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել: Ակցիան նախաձեռնել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը , «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն ու  «Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը։ Ակցիան նախաձեռնվել է խոսակցությունների հետքերով, թե Հայաստանի տարբեր մարզերում գործող լաբորատորիաներում կենսաբանական զենք կամ նյութեր են պատրաստվում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կողմից։

«Պատահական չէ, որ մենք այս խնդիրը բարձրացնում ենք։ Սա իրականում համամարդկային, մասնավորապես տարածաշրջանային խնդիր է ու ես ցանկանում եմ նշել Վրաստանի օրինակը, երբ 2013 թվականից Թբիլիսիի արվարձանում կառուցվեց ու մեծ ուժերով սկսեց գործել հայտնի լաբորատորիան։ Դա սկզբում ընկալվում էր որպես սովորական բժշկական սպասարկում իրականացնող լաբորատորիա, սակայն 2020 թվականի կեսերից, կորոնավիրուսից հետո մեծ քննարկումներ սկսվեցին Թբիլիսիի այդ լաբորատորիայի կապակցությամբ։ Արևմտամետները պնդում էին, թե դա բավականին արդյունավետ աշխատող հետազոտական կենտրոն է ու Ռուսաստանին մեղադրում էին հակաքարոզչության մեջ ու մինչև այսօր այդ լաբորատորիայի վերաբերյալ կարծիքները շատ են։ Մենք չենք ցանկանում, որ մեզ հետ Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակը կրկնվի։ Մենք եկել ենք այստեղ հասկանանք՝ ինչ է կատարվում այս պատերի հետևում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Այս ակցիան որևէ կապ չունի ինչ-որ քաղաքականության հետ։ Սա պարզապես մեր ու մեր հասարակության անվտանգության խնդիրն է։ Այս խնդիրը միանշանակ պիտի ուշադրության կենտրոնում պահել, հակառակ դեպքում չի բացառվում, որ մենք նոր կենսաբանական արհավիրքների առջև կանգնենք»,- հավելեց նա։