Վավերագրական ֆիլմ Նիկոլի մասին կամ` մինչև Նոր տարի նեղանալ չկա

Վավերագրական ֆիլմ Նիկոլի մասին կամ` մինչև Նոր տարի նեղանալ չկա

ՔՊ-ն խնդիր էր դրել` Նիկոլի մասին վավերագրական լիամետրաժ ֆիլմ նկարել: Մի հսկա նկարահանող խումբ էին հավաքել: Իրենք, հասկանալի է, մեծամասնություն էին այդ խմբում, բայց ժողովրդավարության կանոնների համաձայն կինոգործիչներ էին ներգրավել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերից: Ինձ բաժին էր ընկել ֆիլմի ֆինալը: Ասել էին` շատ շքեղ պետք է լինի` եկեղեցականով, դասական երաժշտությամբ, սևի և կարմիրի բարձրաճաշակ համադրությամբ: Աչքիս վրա` համաձայնեցի ես, բայց Քոչարյան Անդոն ձայն խնդրեց ու ասաց, որ դեմ է իմ թեկնածությանը: Պապիկյանը հակադարձեց նրան` սա այդ դեպքը չէ, պարոն Քոչարյան: Այսքանով վեճն ավարտվեց և հաջորդ իսկ օրվանից ես սկսեցի զբաղվել ֆինալի հետ կապված պարագաների հայթայթման գործով:

Իջա Նար-Դոս, ամենաշքեղ դագաղը պատվիրեցի, եկեղեցի մտա, որ տերտեր բռնեմ, բրոնյա արեցի քաղաքի բոլոր սգո սրահների ինվենտարը, այցելություն տվեցի Հրազդան մարզադաշտի տնօրենին` ճշտելու ժամանակացույցը, որովհետև մարզադաշտը մեզ մի քանի օր պետք էր լինելու փորձերի և նկարահանման համար: Պարզվեց` ամենադժվարը տերտեր բռնելն էր: Իմանալով որ Նիկոլի համար է, ոչ ոք չէր համաձայնում հոգեհանգստի ու հուղարկավորության կարգ կատարել: Ես մեծ դժվարությամբ սրբազանին համոզեցի ինձ մի ձեռք սքեմ տալ: Մտածում էի` կհագցնեմ մեր հարևան Շմավոնին` թող գա այնտեղ կանգնի, մի հատ Հայր մեր ասի ու դրանով ամեն ինչ վերջացնի: Ի տարբերություն սրբազանի` Շմավոնը շատ արագ համաձայնեց:

-Շմավոն,- ասացի,- Հայր մերը սկզբից մինչև վերջ անգիր պետք է իմանաս:

-Գիտեմ:

-Շատ լավ:

Ես դեռ Նիկոլի դերասանի հարցն էլ պետք է լուծեի: ՔՊ-ից ասել էին, որ Նիկոլը ոչ մի կերպ չի համաձայնում պառկել իր վերջին մահճի` դագաղի մեջ, նախապաշարմունքներ ունի: Ես առաջարկեցի այդ մասը ամենավերջում նկարել` երբ Նիկոլը, Աստված նրան երկար կյանք տա, իսկապես մեռած կլինի և այլևս չի դիմադրի: Իմ առաջարկը չանցավ: Պապիկյանը խիստ տոնով ասաց` Նիկոլն ուզում է իր մասին նկարված վավերագրական ֆիլմը մինչև վերջ դիտել: Ստիպված դերասանների քաստինգ հայտարարեցինք: Սրանք հերթ էին կանգնել Նիկոլի դեր խաղալու համար, բայց երբ իմացան, որ պիտի «մեռած» Նիկոլ խաղան, միանգամից սկսեցին թանկացնել իրենց: 3-4 կադրի համար 3-ից 400 հազար փող էին ուզում: Ես Պապիկյանին ասացի.

 - Ես 50 հազարով գործը գլուխ կբերեմ:

-Դո՞ւ ես ուզում խաղալ,- զարմացավ Պապիկյանը:

-Չէ, այ մարդ, կիջնեմ «Երևան մոլ» մի հատ մանեկեն կվերցնեմ, գրիմ-մրիմ կանենք, հարցը կլուծվի:

-Բայց տես որ ռեալիստական լինի:

-Իհարկե, այնպես կազմակերպեմ, որ Դուք էլ մանեկենին չճանաչեք:

Մինչ ես այս վազվզոցի մեջ էի, ֆիլմի նկարահանումներն արդեն հասել էին Նիկոլ Փաշինյան-Անահիտ Ավանեսյան կարճառոտ տեսարանին: Ա նախարարն սպիտակ խալաթով այցելում է բժշկական կենտրոն` «մեռնող» վարչապետին: Սցենարն այնպես էր գրված, որ Անահիտը պալատ է մտնում այն պահին, երբ Նիկոլը, ջերմության մեջ պառկած, մենակ Աննայի անունն է տալիս: Մի քանի վայրկյան տխուր դեմքով նստում է Նիկոլի մահճակալի եզրին, ձեռքը բռնում և արտասվելով դուրս գալիս պալատից: Ընդամենն այսքանը: Բայց ամեն անգամ Նիկոլն իմպրովիզներ էր անում ու փչացնում սրտաճմլիկ տեսարանը: Մեկ էլ աչքերը փակ իրեն-իրեն խոսում էր` Արսինե~, քեզ շատ-շատ մերսիներ, Ո~, իմ թանկանոց Սերժ, հեռանում եմ հավերժ… Մի խոսքով` Անահիտին 10 անգամ ներսուդուրս են անում, մինչև Նիկոլը վերջապես Աննայի անունն է տալիս:

Այլևս հերթը իմն էր, քանզի մորգում նկարահանումներ կատարել չէին թույլատրել: Ես էլ ինձնից գոհ, քանի որ բոլոր պատրաստությունները տեսել էի, զանգեցի Պապիկյանին, որ հոգեհանգիստն ու թաղումը նկարելու համար մասովկա ապահովի: Նա խոստացավ ավտոբուսներով այնքան մարդ բերել մարզերից, որ «Հրազդանը» լցվի: Ամեն ինչ պատրաստ էր, նույնիսկ նկարահանման օրն էինք որոշել: Ապահովության համար մի անգամ էլ ստուգեցի Շմավոնին: Հայր մերը ծայրից ծայր գրաբարով ասում էր ու դեմքին էլ մի այնպիսի արտահայտություն էր տալիս, որ տերտերից չէիր տարբերի: Պապիկյանն էլ մարդ ապահովելու գործը դնում է նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա: Պլանավորում են ապահովել 70 հազար քաղաքացի, որ մարզադաշտը դարպասների հետևով բանով լցվի: Գարիկն ամեն ինչ լավ է անում, բայց մոռանում է մարդկանց զգուշացնել, որ ֆիլմ են նկարում: Գյուղ առ գյուղ դիմում է ժողովրդին, թե բա հավաքվեք` գնում ենք Երևան Նիկոլի հոգեհանգստին ու թաղմանը մասնակցելու: Է, իկոլասեր ժողովուրդ... Որը ավտոբուսով, որը էշով, որը ոտով ճանապարհ են ընկնում Երևան, ծովանում մարզադաշտում:

Մեր օպերատորը սուր աչք ուներ: Նա ինձ կանչեց, թե` ինչ-որ բան էն չի:

-Ի՞նչը,- զարմացա ես, լավ էլ մասովկա կա...

-Բայց էս ի՞նչ իրարանցում է տրիբունաներում, մարդիկ իրար ձեռ են բռնում, ցավակցում...

-Ավելի լավ, կադրեր վերցրու, նկարիր, մեզ պետք է, որ ֆիլմը ռեալիստական լինի:

Մարզադաշտի մեծ դարպասները բացել տվի և լիմուզինի վարորդին ասի` քշի դաշտի կենտրոն: Հենց կարմիր բանտիկներով սև լիմուզինը մտավ դաշտ` տրիբունաներում քար լռություն տիրեց: Լիմուզինի հետևից դաշտ մտան ՔՊ-ականները` սև ֆրակներով ու ցիլոներով: Ես էի այդպես կարգադրել: ՔՊ-ի կանանց գունդը` սև ակնոցներով ու լայնեզր գլխարկներով, Աննայի թևերն ընկած, հետևում էր տղամարդկանց թափորին: Ամեն ինչ ընթանում էր իմ պլանավորածով, մինչև որ հանդիսականներից մեկը, ճեղքելով ոստիկանների շղթան, վազեց դաշտ և փակեց լիմուզինի ճանապարհը: Նա անընդհատ գոռում էր` ուր էլ գնաս, հետդ կգամ, ուր էլ գնաս` հետդ կգամ...

-Ստոպ կամերա,- մեգաֆոնով հայտարարեցի ես ու կարմիր բերետավորներին աչքով արեցի:

Սրանք իսկույն «հավաքեցին»  այդ ախպերկորցրածին: Ես արդեն ուզում էի հայտարարել` մատոոոռ, որ նկատեցի կողքիս կանգնած Շմավոնին:

-Շմավո՞ն, ի՞նչ ես ցցվել կողքիս, այ տղա, վազիր դաշտի կենտրոն, շուտով քո մուտքն է...

Բայց սպասիր, խաչդ ո՞ւր է:

-Հրես...

-Լավ, չկորցնես, գնա:

-Մատոոոոռ,- հրահանգեցի ես ու թափորը կրկին շարժվեց դանդաղ ընթացքով: Հասանք դաշտի կենտրոն: Ես մարզադաշտի տնօրինությանը խնդրել էի խաղադաշտի գծանշումները չջնջել, որպեսզի ՔՊ-ականները գան ու կանգնեն կենտրոնի շրջագծով` որի ներսում, սգո սրահից բերված պատվանդանի վրա, պետք է դրվեր «Նիկոլն» իր ամեն ինչով: Բայց ՔՊ-ականները կանգնեցին քառակուսի` այնքան մոտ պատվանդանին, որ Շմավոնը մնաց քառակուսուց դուրս:

-Ստոպ կամերա... Կանգնեք երկու կիսաշրջանով, «Նիկոլից» աջ և ձախ, լիմուզինը մոտենում է պատվանդանին, «Նիկոլին» հանում ենք, տեղադրում պատվանդանին, հայացքը դեպի արևելք...

Երբ ամեն ինչ պատրաստ էր, իսկ Շմավոնն էլ շրջագծի ներսում, ես կրկին կարգադրեցի.

-Մատոոոոռ....

«Նիկոլին» լիմուզինից հանելու պահին տրիբունաներից խուլ գվվոց լսվեց: Օպերատորը նայեց ինձ: Ես գլխով արի` լավ է, լավ, շարունակիր, շատ ռեալիստական է... Իսկ երբ ամեն ինչ իր տեղում էր, Շմավոնը առաջ եկավ, խաչը բարձրացրեց ու սկսեց օդում խաչակնքել ներկաներին, ապա` տրիբունաներում հավաքվածներին: Նվագախումբը նվագեց վերջին նոտաներն ու լռեց: Դա նշան էր, որ Շմավոնն սկսի: Նա, ձախ ձեռքում իմ տված Նարեկը, իսկ աջով խաչը բռնած, ծոր տվեց.

-Հայր մեր, որ յերկինս ես... Սուրբ եղիցի անուն քո... Եկեսցե արաքայություն քո. Եղիցին կամք քո...

Այսքանը հազիվ էր ասել` տրիբունաներում մի վայնասուն բարձրացավ, մի վայնասուն: Ես նկատեցի, թե ինչպես էին առաջին շարքերի կանայք ճանկռում երեսները, երկար մազերը թափահարում օդում... Հայր մեր, մի լքիր մեզ... չեմ հավատում... Լսվում էր բոլոր կողմերից: Շմավոնն արագ ավարտեց Հայր մերն ու երիտասարդ տղաներին նշան արեց, որ «Նիկոլին» վերցնեն ու դնեն ավտոն: Կեցցես, Շմավոն` մտածեցի ես:

-Տանում ենք,- կարգադրեցի ես և, կադրից դուրս մոտենալով Պապիկյանին` հարցրի.

-Խոսք չունե՞ք ասելու սգակիր հասարակությանը:
Պապիկյանը շատ ազդված էր.

-Ի՞նչ ասեմ, ամեն ինչ այնքան ռեալիստական էր...

-Գոնե ասեք` որտեղ ենք թաղելու, որտեղ են հոգեհաց տալու, յոթը, քառսունքը երբ ենք անելու...

-Գարիկին հանձնարարել եմ, նա ամեն ինչ կանի,- պատասխանեց Պապիկյանն ու միացավ լիմուզինին հետևող թափորին:

Փառքդ շատ, ամենակարող... Ես գոհ էի իմ աշխատանքից: Ճանապարհին Շմավոնի հետ մտանք եկեղեցի, սքեմն ու խաչը հանձնեցինք, մի-մի մոմ էլ Նիկոլի համար վառեցինք ու եկանք տուն: Նիկոլի մասին պատմող վավերագրական ֆիլմն այլևս պատրաստ էր ու մնում էր նրա տարբեր մասերը` ծնունդ, մանկություն, պատանեկություն, չափահասություն, քաղաքական գործունեություն, վարչապետություն և ոչևսություն, մոնտաժել միմյանց: Ամենաուժեղն, իհարկե, ֆինալն էր, որն, ավաղ, անհետևանք չմնաց:

Դե պատկերացրեք` 70 հազար մարդ Նիկոլի թաղումից գնում է տուն ու տեսնում, որ Նիկոլը ուղիղ եթերում հարցերի է պատասխանում... Հաջորդ օրը լուր ստացա, որ մարդիկ վեր են կացել գյուղերից գալիս են Երևան` մեր գլուխը. մեղմ ասած, ջարդելու: Զանգեցի Պապիկյանին` չպատասխանեց: Շմավոնի հետ գնացինք ուղիղ ՔՊ գրասենյակ, տեսնենք ի՞նչ, քայլոները,  ք-ները կպած, սպասում է Նիկոլին` իր մասին ֆիլմ նկարելու գաղափարի հեղինակին: Վերջապես նա ժամանեց ու առաջին հարցը որ տվեց, սա էր.

-Ֆինալն ո՞վ էր նկարել:

Բոլորն իմ կողմը նայեցին: Ես հաստատեցի.

-Մի՞թե չէր կարելի քաղաքացիներին նախապես զգուշացնել, որ ընդամենը ֆիլմ եք նկարում:

-Կարելի էր, բայց դա իմ պազիցիան չէր:

-Այսի՞նքն:

-Այսինքն Գարիկին հարցրեք, նա է մասովկան ապահովել:

Նիկոլը Գարիկին նայեց.

-Պարոն Վարչապետ, ես հո չէի՞ կարող ասել, որ Դուք կոկորդիլոսի պես սուտմեռուկ եք տվել: Հազիվ էի համոզում որ գան, ասում էի` ճոխ հոգեհաց են տալու, գիշերը կարող ա հյուրանոցներում մնան...

-Բայց գոնե մարդ հավաքվե՞ց:

-Բա ո՞նց, մի ամբողջ մարզադաշտ, պարոն վարչապետ, հազիվ ենք տեղավորել:

-Դե լավ: Ոստիկանապետն ո՞ւր է:

-Լսում եմ, պարոն վարչապետ:

-Կարմիր գլխարկներիդ ուղարկիր, թող երևանի մուտքերը փակեն, իսկ ես գնամ, լայվ մտնեմ ու ասեմ, որ այդ ամենը նախկինների սարքածն է:

-Ո՞նց թե նախկինների սարքածն է, այդ ի՞նչ եք ակնարկում, պարոն Փաշինյան: Բա տերտերը, բա «մեռելը», բա նվագախումբը, բա սգո պարագաները, բա շքեղ դագաղը, բա մանեկենը, բա մարզադաշտի վարձը... այդ ծախսերն, ախր, բյուջեից են արվել: Կարծում եք հե՞շտ է «Հրազդանում» վարչապետի հոգեհանգիստ ու թաղում կազմակերպելը: Ես մեղավոր չեմ: Ես ընդամենը պատասխանատու եմ և իմ գործը լավ եմ արել` ռեալիստական:

-Իսկ ի՞նչ ես առաջարկում, ինչպե՞ս հանգստացնենք ժողովրդին:

-Այ դա արդեն Ձեր պազիցիան է: Առաջին անգա՞մն է, ինչ է: Ոչ մի բան էլ պետք չէ ասել ժողովրդին: Դուք միայն մարդկանց ցրեք, իսկ նրանք հաջորդ օրն արդեն կմտածեն, որ սա

Ձեր հերթական սուտն էր, և կհանգստանան:

-Էդ ո՞նց ես խոսում մեր վարչապետի հետ, արա:

-Արան պապդ ա,- մեխանիկորեն արձագանքեցի ես` չնկատելով այդ ձայնարկության հեղինակին:

Մեկն այդ պահին թևս քաշեց: Շմավոնն էր.

-Գործ չունես, արի գնանք...

Տաքսիով տուն ենք գալիս, ճանապարհին Շմավոնը հարցնում է.

-Լսիր, թաղումներին տերտերին փող են տալի՞ս:

-Չէ, Շմավոն, դա եկեղեցու պարտականությունն է հավատացյալների հանդեպ: Բայց դե բոլորս էլ հայ ենք, մի բան դնում են ձեռքը` խաչհամբույր, բան...

-Կարո՞ղ ես դասավորել, որ սրբազանն ինձ տերտեր նշանակի:

-Վերջ տուր, Շմավոն: Դու դեռ դերիդ մե՞ջ ես: Գիտե՞ս թե ինչ կրթված մարդիկ են եկեղեցու սպասավորները: Հլա ասա` ճեմարան...

-Էդ ի՞նչ ա:

-Հասնենք տուն, մի հատ սուրճ խմենք, կասեմ...