Թուլացել է նաեւ Արցախի ավտորիտար ռեժիմը

Թուլացել է նաեւ Արցախի ավտորիտար ռեժիմը

 Hraparak.am-ում հրապարակված լուրը, որ պաշտոնանկ է արվել Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը, նրան պետք է փոխարինի Արցախի բանակի գլխավոր շտաբի պետը՝ Կարեն Աբրահամյանը։ Շրջանառվեցին լուրեր, որ հեռացվելու են Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Ի պատասխան այդ լուրերի՝ Արցախի Հանրապետությունից եղան արձագանքներ, որ երբ լինի որեւէ պաշտոնանկություն, իրենք այդ մասին տեղյակ կպահեն անպայման։ Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հեղափոխությունից հետո ժամանակ առ ժամանակ շրջանառվում էր այն տեսակետը, որ հեղափոխություն պետք է լինի նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Հունիսին հենց Արցախում գտնվեցին մարդիկ, որոնք պահանջում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ Դա, սակայն, կարճ տեւեց, քանի որ Հայաստանի իշխանություններն աջակցեցին Արցախի իշխանություններին։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այդ լուրերին, նշեց․ «Ինչ վերաբերում է զինվորականների ռոտացիային, դա գործընթաց է։ Ես չգիտեմ՝ կա՞ այդպիսի բան, թե՞ ոչ։ Պաշտոնական հաղորդագրություն պետք է լինի, որ իմանամ՝ կա՞, թե՞ չկա։ Մի քանի տարի առաջ Լեւոն Մնացականյանը Արցախի ՊԲ շտաբի պետն էր, հետո նրան բերեցին Հայաստան՝ որպես Գլխավոր շտաբի պետի տեղակալ, հետո՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար։ Կարծում եմ, նորմալ է, երբ գործող զինվորականները տարբեր հրամանատարական պաշտոններ են զբաղեցնում։ Նորմալ է զինվորականների տեղափոխությունը։ Ինչ վերաբերում է Արցախի հարցի շուրջ զարգացումներին, չեմ տեսնում նման զարգացումներ»։ Հայկ Խանումյանը նշեց, որ ժամանակին եղավ ուժային պաշտոնյաների հրաժարականի պահանջ, որը բավարարվեց, իսկ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջը չբավարարվեց։ «Մենք էլի ենք պնդում, որ Բակո Սահակյանն ապօրինի նախագահ է, Արցախի սահմանադրությամբ նախատեսված չէ երրորդ ժամկետում պաշտոնավարելը, ինքը երրորդ ժամկետն է պաշտոնավարում։ Բակո Սահակյանը ժամկետանց նախագահ է, նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2017թ․։ Այդ գործընթացն ինչ-որ ձեւով պետք է գտնի լուծում։ Որեւէ կասկած չկա, որ Բակո Սահակյանը կոռումպացված նախագահ է»,- նշեց մեր զրուցակիցը։ Նա հիշեցրեց, որ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Բակո Սահակյանն ամենաթույլ նախագահն էր, որին կարելի էր պատկերացնել այդ պաշտոնում։ Եվ հենց Արցախի անվտանգությունից, նրա շուրջ հնարավոր զարգացումներից խուսափելու համար էլ, ըստ Հայկ Խանումյանի, պետք է Բակո Սահակյանին փոխարինող գտնել։ «Քաղաքական գործընթացներ կլինեն, մեկ տարուց կլինեն առաջադրումներ։ Պետք չէ քաղաքական գործընթացները պայմանավորել արտաքին վտանգով։ Կարելի էր Բակո Սահակյանին փոխել ռեւոլյուցիոն ճանապարհով, սակայն հասարակությունը բավականին թույլ գտնվեց։ Բողոքները կարող են կապիտալիզացվել եւ վերածվել շարժումների։ Ավտորիտար ռեժիմի հովանավորը Սերժ Սարգսյանն էր, հիմա նա չկա, եւ Արցախի ավտորիտար ռեժիմն էլ է թուլացել։ Ամեն պահ, եթե հասարակությունն իր մեջ գտնի ուժ, կարող է իշխանություններին փոխել»,- ասաց Հայկ Խանումյանը։ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը չի կարծում, թե Հայաստանի իշխանությունները միջամտում են Արցախի ներքին գործերին։ «Ամենաշատը դա լինում է Հայաստանի իրավասությունների շրջանակներում։ Անկախ իշխանություններից՝ մեր համագործակցությունը շարունակվում է։ Այսօր էլ մենք քննարկում ենք պետական բյուջեն, կա Հայաստանից միջպետական վարկ ստանալու հարց»,- նշեց Հայկ Խանումյանը։ Մեր հարցին, թե Արցախում ինչպես են արձագանքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Հայկ Խանումյանն արձագանքեց․ «Ճիշտն ասած՝ արձագանքի չեմ հանդիպել»։