Մարդկանց հետաքրքրում է՝ ինչու՞ հենց Մակունցը ․․․

 Մարդկանց հետաքրքրում է՝  ինչու՞  հենց  Մակունցը ․․․

 

Մարզպետների աղմկահարույց պարգևատրումների մասին Լիլիթ Մակունցը տալիս է ընդհանրական  և ոչինչ չասող պատասխան՝ օրենքը թույլ է տալիս պարգևատրումները, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով, չեն չարաշահել իրենց լիազորությունները։

Այդքանն ասելը Մակունցի դերն է։ Ինչպես թատրոնում, սերտում են տեքստն ու անգիր ասում։

Սրա վրա ուշադրություն չպետք է դարձնել և այդ մասին չէ, որ ուզում եմ բարձրաձայնել։ Ուշադրություն դարձնենք Լիլիթ Մակուցի հետյալ արտահայտությանը․

«Անկեղծ ասած, չգիտեմ` օրենքով ոնց է կարգավորվում այս հարցը, բայց խնդիրը ցածր աշխատավարձերն են և լավագույն աշխատողները խրախուսման եւ պարգևատրումների կարիք ունեն: Այլ հարց է` ես ինչ կարծիք ունեմ: Մենք խմբակցությունում չենք քննարկել այս հարցը»։

Տողատակերից երևում է Մակունցի սուբյեկտիվ կարծիքը կամ ինչպես ինքն է ասում՝ այլ հարց է` ես ինչ կարծիք ունեմ։ Սա նշանակում է, որ նույնիսկ ընդունված նորմերի դեպքում ինքն այլ կարծիք ունի, բայց այն  չի կարող ներկայացնել կամ բարձրաձայնել, որովհետև դեռևս չգիտի, թե այդ մասին վերևը ինչ գնահատական կտա։ Նա այդ մասին այլ կերպ է ասում՝ մենք խմբակցությունում չենք քննարկել այս հարցը։  

Հիմա հարցնում եմ՝ Մակունցը ինչո՞վ է տարբերվում նախկին իշխանության կատարողներից, ովքեր իջեցված պատվերի իրագործողն էին, ովքեր գործում էին  համակարգի թելադրանքով։ Տեսնու՞մ եք, ջահել են, մաքուր են, տարբեր են ստանդարտները ոչ մի դեր չեն կատարում, երբ խողովակը, համակարգային խողովակը նույնն է մնում։ Ժանգոտ, հին խողովակի միջով ինչ ջուր էլ անցնելու լինի, միևնույն է, այն «դեղին է լինելու», իր հետ բերելու է հնության բոլոր կարկատանները։ Չասեք, թե հետո ջուրը պարզելու է, չասեք,  որովհետև խողովակը քայքայված է․․․

Համակարգային խողովակները մաքրելու, նորացնելու, քայքայումից փրկելու փոխարեն ազգովի գոռում ենք՝ հաղթել ենք։ Ու՞մ ենք հաղթել՝ ֆիզիկական մարմնի՞ն, անհատի՞ն․․․ Ո՞ւմ դեմ ենք պայքարում՝ մարդկա՞նց, ովքեր օգտվել են խողովակի միջով եկող պարունակությունի՞ց․․․

Եթե Հայաստանում նախկին իշխանությունների բոլոր պատասխանատուներին հատ- հատ պատժեն, ոչինչ չի փոխվի։ Նորից եմ կրկնում՝ ջուրը փոխելով, ոչինչ չի փոխվելու։ Մեկին մյուսով փոխարինելով, ամեն ինչ նույնն է մնալու։

Համակարգային առաջին փոփոխությունը կլիներ արժեքավոր խողովակների ներդրումը՝ կապ չունի գերմանակա՞ն են թե ռուսական։ Կապ չունի խողովակի գույնը, կարևորը հողին դիմակայելու ամրությունն է։ Բայց հաղթողները գնացին սև ու սպիտակի բաժանելու ճանապարհով, ավելին՝ օգտագործեցին ինչ իրենց ձեռքի տակ կար։ Ու ստացանք այն, ինչ ունենք։  

Սա «ջուր տանող թեմա է», Մակունցին մոռացա՝ պարգևատրումների ֆոնի վրա։ Գիտե՞ք ինչ հեշտ է կառավարել մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն։ Նրանք պտտվում են այն շարժիչի հետ, որին կցված են։ Չունեն սեփական կարծիք կամ ունեն ու չեն ասում, որովհետև վախենում են իրենց տեղը կորցնելուց։

Իսկ մարդիկ «ջուր են ծեծում»՝ ինչպե՞ս Մակունցը պաշտոնյա դարձավ, ո՞ր արժանիքի համար։ Կամ մնացածները, ինչու միայն Մակունցը։ Մեծ մասը մի ընդհանուր «արժանիք ունի»՝ իր տեղում չէ։ Կառավարելի է․․․

Մարզպետներն իրենց պարգևատրելու արարողությունը իրավական նորմերի մեջ մի փնտրեք․ զուտ բարոյականության ոլորտում է այն։ Եթե հեղափոխություն էր, մարզպետների պարգևատրման մասը հակահեղափոխություն էր։ Իրավական կողմը մասնագետներին․․․