Կարո Ղաֆադարյանի «Երեվան. միջնադարյան հուշարձանները»

Կարո Ղաֆադարյանի «Երեվան. միջնադարյան հուշարձանները»

Քառասուն տարիների ընթացքում հավաքած նյութերի եւ կատարած ուսումնասիրությունների արդյունքում է ծնվել Կարո Ղաֆադարյանի «Երեւան. միջնադարյան հուշարձանները» ուշագրավ հատորը: Տարբեր ժամանակափուլերում, կախված բազմաթիվ հանգամանքներից, Երեւանը վերափոխվել է, ջնջվել են հնի ու նորի սահմանները, քաղաքական գաղափարակարգերը, բնական աղետներն անհետացրել, ապա վերականգնել ու սկզբնադրել են հուշարձաններ, որոնց մի մասը պահպանվել է, փոխանցվել սերնդեսերունդ, նաեւ ժամանակի հետ վերափոխվել է հնի ու նորի շուրջ գրեթե չընդհատվող բանավեճի լեզուն: 

Կարո Ղաֆադարյանի «Երեւան. միջնադարյան հուշարձանները» աշխատությունը լույս է տեսել 1975 թվականին՝ «Հայկական ՍՍՀ գիտությունների հրատարակչություն»: Այն բացվում է առաջաբանով, ահա դրանից մի հատված․ «Այս գրքի համար կազմած նախնական ծրագիրը շատ ընդարձակ էր եւ անիրագործելի մեկ մարդու համար:

Հեղինակը ծրագրել էր Երեւանը հնագիտորեն ուսումնասիրել համակողմանիորեն եւ արդյունքն ամփոփել մի ստվար հատորի մեջ:
Ուսումնասիրությունները սկսվեցին շինարարության եւ այլ հողային աշխատանքների վայրերում պատահաբար բացվող հնությունների պեղմամբ: 1936թ. հեղինակը հետախուզական պեղումներ կատարեց Կարմիր բլուրում, որոնք շարունակեց նաեւ 1939թ.՝ Բ. Պիոտրովսկու ընկերակցությամբ:
Սակայն շուտով համոզվեց, որ արդի գիտության բարձր պահանջների պայմաններում մի մարդ չի կարող զբաղվել հնագիտության բոլոր դարաշրջաններով, թեկուզ միայն մի քաղաքի սահմաններում: Այդ պատճառով նա աշխատության շրջանակները նեղացրեց եւ, ի վերջո, ուսումնասիրության համար վերցրեց Երեւանի միայն միջնադարյան հուշարձանները:

Այդ նյութն ընտրելուն նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հեղինակն արդեն հավաքել էր Երեւանի մի շարք հնավայրերի վիմական արձանագրությունները (Կոզեռնի գերեզմանոց, Կաթողիկե եկեղեցի, Պողոս-Պետրոս), ուսումնասիրել էր Ավանի տաճարը եւ պեղումներ կատարել այնտեղ, Սարդարի բերդում՝ Արարատ գինու գործարանի շինարարական եւ հողային աշխատանքների ժամանակ, եւ քաղաքի տարբեր կետերում պեղել էր բազմաթիվ դամբարաններ:
Ներկա աշխատության որոշ մասերն անցյալում տպագրվել են գիտական պարբերականներում եւ առանձին գրքույկով:

Աշխատության մեջ հեղինակը ներկայացրել է Երեւանի միայն միջնադարյան հուշարձանները եւ չի շոշափել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական խնդիրները» (էջ 5-6): 
«Երեւան. միջնադարյան հուշարձաններ» գիրքը բաղկացած է երկու մասից՝ յուրաքանչյուր մաս բաժանված է առանձին ենթագլուխների, ապա հատորը վերջնամփոփված է «Տախտակներ, ցանկեր, ցուցակներ» բաժնով, տեքստերի միջնամասերում զետեղված են հուշարձանների, բնակավայրերի, վիմագիր արձանագրությունների լուսանկարներ, պատկերներ, չափագրություններ, զետեղված են Երեւանի 293 արձանագրություններ, ինչպես նաեւ ներկա երեւանյան համայնապատկերներ՝ ըստ Շարդենի եւ Կեր Պորտերի:

Ընդհանրապես, Կարո Ղաֆադարյանի այս արժեքավոր աշխատության ընթերցանությունն ու ուսումնասիրումը պետք է չսահմանափակվեն եւ ավարտվեն բուն մասնագետների շրջանակում: Հիմա, երբ քաղաքական նոր իրականություն է, վերարժեւորվում է անցյալի, ներկայի ու գալիքի քաղաքը, երբ քաղաքաշինության, հանրային տարածքների, հուշարձանների վերաբերյալ պատրաստվում են նոր ձեւաչափեր, անշուշտ, կարեւոր է մերձավորությամբ ծանոթանալ Երեւանի տեղագրական պատմությանը, միջնադարյան հուշարձանների կառուցմանն ու դրանց ավերման պայմաններին, եւ «Երեւան. միջնադարյան հուշարձաններ» աշխատությունը, անկասկած, տալիս է այդ հնարավորություններից մեկը: