Ուզո՞ւմ ենք գաղթականի հոգեբանությամբ ապրենք․ ես այդպես չեմ ուզում

Ուզո՞ւմ ենք գաղթականի հոգեբանությամբ ապրենք․ ես այդպես չեմ ուզում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, նախօրեին Հանրապետության հրապարակում հայտարարեց վճռական փուլի մեկնարկի մասին, որի համար կպահանջվի 4 օր՝ 96 ժամ։ Իսկ դրան հասնելու համար ժողովրդի պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պետք է նախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ՝ հունիսի 11-ին, ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով։ Անցումային կառավարությունն էլ պիտի գործի օրակարգային երեք ուղղությամբ՝ 1․ Հաշտության կառավարություն՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով եւ նվիրումով՝ ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։ 2․ Արտաքին հարաբերություններ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով։ 3․ Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում եւ անցկացում՝ մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։

Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, ով ծնունդով Տավուշի Բերդ քաղաքից է, նույնպես միացել է շարժմանը։ Օգտվելով առիթից՝ մի քանի հարց ուղղեցինք նրան։

- Արման, Դուք դեռ մեկ ամիս առաջ Տավուշում էիք Բագրատ սրբազանի ու շարժման մասնակիցների կողքին։ Այս ընթացքում, շարժման հետ կապված, ի՞նչ դիտարկումներ ունեք։

- Շարժման ընթացքի մասին չեմ կարող խոսել կամ զուգահեռներ անցկացնել, քանի որ Տավուշում հավաքների էի եւ նոր եմ զորացրվել, բայց կարող եմ ասել, որ բավականին մեծ էներգիա կա շարժման մեջ, ու այդ էներգիան ճնշելը կամ նվազեցնելը շատ դժվար է լինելու։ Այսինքն՝ ինքն իրեն այդ էներգիան չի մարելու եւ պետք է ինչ-որ մի հաղթանակով պսակվի։

- Սրբազանն ասում է, որ միայն խաղաղ եւ օրինական ճանապարհով ենք հասնելու կառավարության հրաժարականին։ Ժողովուրդն այդ համբերությունը կունենա՞, թե՞, ինչպես վերջին տարիներին սկիզբ առած շարժումների դեպքում եղավ, հնարավոր է ինչ-որ մի պահից մարի։

- Դա ամենավտանգավոր բանն է, եւ, իհարկե, չէի ուզի, որ մարի, որովհետեւ ամեն հույսի մարումով ժողովուրդը կորցնում է իր հավատը։ Եվ, առհասարակ, դա շատ վատ բան է, երբ հույսով գնում ես դեպի նպատակը, բայց չես հասնում նպատակիդ։ Դա քեզ կոտրում, հիասթափեցնում է, այն կարող է մարդուն ստիպել, որ ամեն ինչ թողնի եւ արտագաղթի, ընդհանրապես՝ դադարի երազելուց, հույսեր չունենա ապագայի հանդեպ։ Ու սա՝ ոչ միայն ազգային, քաղաքական հարցերում, այլեւ առհասարակ որպես մարդ՝ կորցնի իր երազելու ունակությունը, ինչը շատ ցավալի բան է։

- Ցավոք, այս մեկ ամսվա ընթացքում Տավուշում ինտենսիվորեն իրականացվում էին սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ, եւ որոշ տեղանքներում ու դիրքերում այժմ ադրբեջանական դրոշներն են ծածանվում։ Որպես տավուշեցի, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր այս ամենը կանխել, թե՞ այս իրավիճակում ով էլ լիներ, բախվելու էինք նույն խնդրին։

- Դեռ չի էլ ավարտվել այդ սահմանազատումը, ավելին՝ միայն Ոսկեպարով ու Կիրանցով էլ չի ավարտվելու, դեռ Իջեւանի կողմից պիտի սահմանազատում իրականացվի, քանի որ էլի ինչ-որ գյուղեր կան հանձնելու․․․ դրանց մասին Ադրբեջանի պահանջներում կա գրված, հետո կգա Վարդենիսի կողմը, ու այդպես կիջնի մինչեւ Սյունիքի միջանցք։ Ինչ վերաբերում է նրան՝ անխուսափելի էր սա, թե ոչ, ապա, համենայնդեպս, մենք մի քանի տասնամյակ ապրել ենք մի երկրում, որտեղ նման հարցեր գոյություն չունեին, եւ անգամ մարդու մտքով չէր անցնում նման բան, ու հիմա, երբ ասում են՝ մեկ է, դա լինելու էր, ես էլ ասում եմ՝ բա ինչո՞ւ դա չէր լինում այս տարիների ընթացքում, ինչո՞ւ որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ նման բան կարող է լինել։

- Հիմա արդեն, ինչպես երկրի վարչապետն է ասում, մեր անվտանգության երաշխավորը սահմանային այդ սյուներն են, դրանք են մեր երկրի սահմանի լեգիտիմությունն ապահովելու։ Դուք հավատո՞ւմ եք, որ սրանից հետո այլեւս ոչ մի ներխուժում, սահմանային միջադեպ չի լինելու։

- Ես չեմ հավատում եւ չեմ էլ հավատացել երբեւէ․․․։ Այս պայմաններում, երբ հարեւան երկրի ղեկավարը խոսում է Արեւմտյան Ադրբեջանի մասին, իսկ իրականում՝ Հայաստանի մասին, որի անունն արդեն ձեւափոխել են Արեւմտյան Ադրբեջանի, մենք խոսում ենք խաղաղության մասին։ Ի՞նչ խաղաղություն․․․, նման երկրի հետ խաղաղություն հնարավոր չէ կնքել, դա նույն բանն է, որ մի օր հարեւանս գա մտնի իմ տուն ու ասի՝ խոհանոցդ իմն է, ես էլ ասեմ՝ դե լավ, զահլա չկա, էրեխեք ունեմ, որ կռիվ չլինի, բեր խոհանոցը տամ իրեն՝ պրծնենք, բայց մյուս օրը գա ասի՝ միջանցքդ էլ է իմը, ու նորից, քանի որ էրեխեք ունեմ, ղալմաղալ էլ չեմ ուզում անել, դա էլ կտամ․․․։ Սա նույն մեր վիճակն է․․․ բայց ո՞ւմ է պետք այսպես ապրելը, հերթով տանք, վաղն էլ թողնենք ամեն ինչ ու գաղթե՞նք, ուզում ենք գաղթականի հոգեբանությա՞մբ ապրենք․ ես այսպես չեմ ուզում ապրել։

- Այս օրերին շատ են շեշտում, որ թշնամին հնարավոր է օգտվի ներքաղաքական այս իրավիճակից եւ նոր պատերազմ սկսի։ Ունե՞ք նման մտավախություն։

- Այդպիսի մտավախություն չունեմ, որովհետեւ ինքս նոր եմ վերադարձել զորահավաքներից եւ հենց Տավուշում էի գտնվում։ Կարծում եմ՝ դա կլինի այն ժամանակ, երբ լինի պայմանավորվածություն երկու երկրների միջեւ էլ․․․

- Ի՞նչ տպավորություն ստացաք՝ զինվորների հոգեբանական վիճակից մինչեւ սոցիալ-կենցաղային պայմաններ։

- Պայմանները շատ լավ էին, հավաքված էին շատ լավ տղաներ՝ գիտակից, քաջ, հրամանատարական կազմը՝ եւս։ Շատ գոհ եմ, պարզապես չեմ կարողանում հասկանալ՝ եթե ամեն ինչ անում ենք, այդքան ռեսուրսներ են ծախսվում, կարո՞ղ է հանկարծ գա մի օր, որ այդ դիրքերը էլ քոնը չլինեն։

- Շարժումը 96 ժամ է տվել, որպեսզի համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն տա գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու որոշմանը։ Որքանո՞վ է հավանական նման հանգուցալուծումը, թե՞ նաեւ դրսից ինչ-որ ազդակներ պետք է լինեն։

- Դրսի ազդակներին ոչ ոք չի ենթարկվելու, այլապես մի ազդակը կփոխվի մի այլ ազդակի, իսկ սա մի ազդակով ղեկավարվող իշխանոթյուն չէ, ու ես կարծում եմ, որ Ազգային ժողովում այս հարցը պետք է լուծվի, մանդատները պետք է վայր դրվեն, ինչը պետք է շատ վաղուց արվեր։ Այսքան որ նստեցին, ի՞նչ արեցին, ես եմ՝ ընտրել եմ այդ մարդկանց ու հիմա ասում եմ՝ ես ձեզ եմ ընտրել, ինչո՞ւ այնպես չեք անում, ինչպես ձեր ընտրողներն են պահանջում։ Ես եմ ձեզ ընտրել, հիմա էլ ձեզնից պահանջում եմ՝ հանել նրան։ Հազար ձեւ կա ստիպելու, որ հրաժարական տա։

- Փոխարենը՝ իշխանությունը հեգնում ու ծաղրում է շարժման մասնակիցներին՝ ասելով, որ 50 հոգի մարդ է, գործակալներ են․․․

- Ես մոռացա ասել, որ ես էլ եմ գործակալ, բայց ո՛չ նախկիններին եմ մոտիկից տեսել, ո՛չ էլ ներկաներին․․․ չնայած ներկաներին, ցավոք սրտի, տեսել եմ մոտիկից։

- Այդուհանդերձ, փողոցում ո՛չ 50 հոգի է, ո՛չ էլ՝ 500, հազարավոր մարդկանց ներկայությունն ինչպե՞ս կարող է ազդել շարժման ելքի վրա։

- Դժվարանում եմ ասել, որովհետեւ իրենց տրամաբանությամբ իմ ուղեղը չի աշխատում․․․․ կարող է եւ սադրեն, քաղաքացիական պատերազմ հրահրեն, բայց որ հասկանան, որ այդքան մարդ չի ուզում իրենց տեսնի պետության ղեկին, ամաչեն ու թողնեն գնան՝ չեմ հավատում։ Ես ուզում եմ, որ Հայստանում վերադառնա արժանապատվությունը, հայ մարդն արժանապատիվ ապրի իր երկրում։ Ես ուրիշ բան չեմ ուզում, սրանք ապահովեին այդ արժանապատվությունը՝ ես չէի բողոքի, բայց հիմա ուզում եմ ազգային արժանապատվություն ունենալ, որովհետեւ վաղը մեր սերունդները մեզ չեն ներելու եւ դատապարտելու են։