Բերձորից մոտ 6 ընտանիք արդեն դուրս է եկել, 60-ը դեռ այստեղ են

Բերձորից մոտ 6 ընտանիք արդեն դուրս է եկել, 60-ը դեռ այստեղ են

Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղերի բնակիչներն իրերն են հավաքում, որպեսզի մինչև օգոստոսի 25-ը լքեն բնակավայրերը։ 44-օրյա պատերազմից հետո կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրում թեեւ չկար որևէ դրույթ, ակնարկ, որ այս բնակավայրերը պետք  է անցնեն թշնամուն, սակայն թշնամին օրեցօր լկտիանում է եւ նորանոր պահանջներ դնում մեր կոտրված ու խեղճացած իշխանությունների առաջ, եւ նրանց լուռ համաձայնության ներքո բնակիչները, այնուամենայնիվ, պետք  է լքեն իրենց տները։ Բերձորում այս օրերին տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։

- Ի՞նչ է կատարվում Բերձորում այսօր։

- Ընդհանուր` նորմալ վիճակ է, ոչ մի արտառոց բան չկա։ Մարդիկ  իրենց իրերն են հավաքում։ Մի մասն արդեն իսկ տարել են, հետ են եկել, որ մյուս մասը տանեն։ 

- Իսկ ո՞վ է բնակիչներին օգնում իրականացնել բեռնափոխադրման աշխատանքները։

-Ամեն դեպքում մենք ենք բեռնափոխադրողներին գտնում։ Իսկ  կառավարության կողմից ֆինանսական աջակցություն է տրամադրվել, դրանով էլ հոգում ենք բեռնափոխադրման ծախսերը։

- Չնայած նրան, որ Հայկ Խանումյանը հորդորել էր, որ չայրեն տները, այնուամենայնիվ, Աղավնոյի մի բնակիչ երեկ այրեց իր տունը։ Բերձորում կա՞ն մարդիկ, ովքեր կգնան այդ քայլին։

- Չեմ կարող ասել, ցանկացած պահի կարող է այդ ցանկությունն առաջանալ։

- Գյուղն այսօր քանի՞ ընտանիք է լքել։

-  Բերձորից 10-12 մարդ է դուրս եկել՝ մոտ վեց ընտանիք։

- Ո՞ւր են գնացել։

- Երկու ընտանիք Արցախում են մնացել, մնացած տասը Հայաստան են գնացել։

- Այսինքն, Բերձորում քանի՞ ընտանիք մնաց։

- Վաթսունից քիչ ընտանիք է մնացել Բերձորում։ Ընտանիքներ կան, որտեղ ընդամենը մեկ անձ է։