Տաթեւիկ Ռեւազյանը չպետք է նշանակվեր

Տաթեւիկ Ռեւազյանը չպետք է նշանակվեր

Կորոնավիրուսի մարդկային ու տնտեսական վնասների մասին լուրերից ոչ պակաս աղմկահարույց են ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության իրականացրած ստուգումները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։ Դրանց արդյունքում կփակվի Հայաստանում գրանցված ավիաընկերությունների մուտքը դեպի Եվրոպա, քանի որ մեր ավիացիոն պետական կառույցն ի զորու չէ ապահովել անվտանգության միջազգային չափանիշները։ Այս առիթով Հ1-ին տված հարցազրույցում Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն ասաց՝ թեպետ այդ մասին որոշում չկա, բայց կա բացասական գնահատականներով զեկույց, որի դեմ առարկություններ են ներկայացնելու։

Հայաստանի եւ Դանիայի քաղաքացի Ռեւազյանն այս օրերին Դանիայում է, որտեղ պետք է լույս աշխարհ բերի իր առաջնեկին։ Հեռուստահաղորդավարի՝ «ինչո՞ւ եք հեռացել Դանիա, չե՞ք վստահում արդյոք ՀՀ առողջապահությանը» հարցին պատասխանում է․ «Իրականում հակառակը Ձեզ ասեմ։ Երեկ հիվանդանոց եմ գնացել ստեղ, եւ ընդհանրապես նույն տեխնիկան չունեն ստեղ, ինչպես Հայաստանում, բժիշկները նույն ձեւի ուշադիր չեն, ինչպես Հայաստանում»։
Տաթեւիկ Ռեւազյանը, սակայն, չի ասում՝ եթե դանիական ծննդատները տեխնիկապես ավելի հագեցած չեն, բժիշկներն ավելի ուշադիր չեն, ինչու է նախընտրել ծննդաբերել այնտեղ։ Կնշանակի՝ ՀՀ պետական պաշտոնյան թերագնահատել է այն պետությունը, որը հավատացել է իրեն ու, չնայած երիտասարդ տարիքին ու անփորձությանը, պատասխանատու ոլորտ է վստահել իրեն։ Ու հիմա սույն պաշտոնյան գերադասել է ծննդաբերել մի երկրում, որի առողջապահական համակարգը բարձր է դասել սեփական պետության նույն համակարգից՝ կամա թե ակամա հարվածի տակ դնելով Հայաստանի հեղինակությունը։

Երկքաղաքացի Ռեւազյանին տեղեկացնենք, որ Հայաստանում տարեկան ավելի քան 30 հազար կին է մայրանում, ավելի քան 30 հազար երեխա է լույս աշխարհ գալիս, եւ ինքն էլ կարող էր նրանցից մեկը լինել, որի առաջնեկը կծնվեր Հայաստանի Հանրապետությունում։ Բայց, չէ՝ Տաթեւիկ Ռեւազյանի զավակն էլ պետք է երկքաղաքացի լինի, եւ երբ հարմար լինի, ապրի Հայաստանում, երբ չէ՝ թռնի Դանիա։ Նա չի ուզում, որ իր երեխան ծնվի եւ միայն մի երկրի՝ Հայաստանի քաղաքացի լինի, որի ապագան ինքը մշուշոտ է տեսնում։

Չենք զարմանա, եթե Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության ստուգումների աղմուկից հետո Տաթեւիկ Ռեւազյանը Հայաստան առհասարակ չվերադառնա՝ հեռվից հրաժարական տալով։ Նման նախադեպեր ունենք։
Մնում է՝ Հայաստանի իշխանությունը հասկանա, որ սփյուռքի ռեսուրս օգտագործելը չի նշանակում հավատալ ու պետական պաշտոն վստահել մեկին, որն իր եւ ընտանիքի ապագան տեսնում է Հայաստանից դուրս։