Եթե Հայաստանը որոշի դա անել, մենք պիտի գործուն քայլելով աջակցենք նրան

Եթե Հայաստանը որոշի դա անել, մենք պիտի գործուն քայլելով աջակցենք նրան

Հայաստանը եվրոպական պետություն է և եթե ցանկություն հայտնի անդամ դառնալու եվրոպական հանրությանը, ապա մենք պետք է գործուն քայլերով աջակցենք Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը: 

Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
«Մենք կարևորում ենք Հայաստանի հետ թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունների խորացումը, այս համատեքստում՝ նաև վիզաների ազատականացման գործընթացը»,- հավելեց նա։

«Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է տևական խաղաղության շուրջ բանակցությունների կենտրոնական բաղադրիչը լինի: Եթե մենք դիտարկում ենք տևական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այսինքն՝ բանակցությունները, ապա այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Եվ համարում ենք, որ սա պետք է տևական խաղաղության շուրջ բանակցությունների կենտրոնական բաղադրիչը լինի։ Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,- ասել է Ռոթը, որը նաև տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ։ «Առաջիկայում Վաշինգտոնում տեղի կունենան ինտենսիվ բանակցություններ: Այդ բանակցությունները կշարունակվեն ամենատարբեր ձևաչափերով նաև ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ և ընդգրկմամբ»,-ասել է նա։