Ռուսաստանում տնտեսական աճը սկսել է դանդաղել

Ռուսաստանում տնտեսական աճը սկսել է դանդաղել

Ռուսաստանում հրապարակված տնտեսական վիճակի վերջին ցուցանիշներից պարզ է դառնում, որ երկրի տնտեսական աճը սկսել է դանդաղել։ Ըստ nezigar տելեգրամյան ալիքի տնտեսական վերլուծության, ընթացիկ տարվա հունվարին հիմնական տնտեսական գործունեության ուղղություններով ապրանքների եւ ծառայությունների թողարկումն աճել է 3,1 տոկոսով։ Սա ամենացածր ցուցանիշն է՝ սկսած 24 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից։ Անցյալ տարվա դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, սակայն տնտեսագետները կարծում են, որ դա հետեւանք է պետական ռազմական պատվերների տեղաբաշխման եւ իրացման։ Եռամսյակային համահարթեցված աճի ցուցանիշը տարեկան արտահայտմամբ կազմել է 5 տոկոս, վեցամսյա համահարթեցված աճի ցուցանիշը՝ 3,8, վերջին 12 ամսվա համահարթեցված ցուցանիշը՝ 4,7 տոկոս։ Վերջին 12 ամսվա կտրվածքով ամենամեծ աճը եղել է 24 թվականի ապրիլին՝ 7,5 տոկոս։

Նախքան ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկը՝ այս ցուցանիշը կազմել է 8 տոկոս, ինչը, հետկորոնավիրուսային վերականգնման ֆոնին, բավականին լավ թիվ կարելի էր համարել։ 2017-2019 թթ․ համեմատությամբ՝ ներկայիս ինդեքսի աճը կազմում է 0,8 տոկոս։ Սա նշանակում է, որ 20 եւ 22 թվականի ճգնաժամային տարիներին ունեցած կորուստները կարելի է համարել փոխհատուցված, սակայն հետագա աճը կլինի շատ դժվար, քանի որ բացասական ազդեցությունների եւ գործոնների հանրագումարը ռուսական տնտեսության վրա արդեն բավականին շատ է իրեն զգացնել տալիս։ Թանկ վարկերը, բյուջետային խթանի հարկադիր դանդաղումը, որն անհրաժեշտ է՝ զսպելու եւ պահպանելու բյուջետային պակասորդը, ռեսուրսային, կադրային եւ տեխնոլոգիական սահմանափակումները մեկտեղվելով, հանգեցնում են նրան, որ տարեկան աճի պոտենցիալը մասնագետները գնահատում են 1,5 տոկոս։ Նույնիսկ պաշտոնական կանխատեսումների եւ հաշվարկների համաձայն, Ռուսաստանի ՀՆԱ աճը 2025 թվականին կկազմի 3 տոկոս, ինչը եւս վկայում է այն մասին, որ տնտեսական աճը դանդաղել է, քանի որ 24 թվականի 4-րդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 3,8 տոկոս։