Բա ասում էիք՝ սեփականության վերաբաշխում չե՞նք անելու

Բա ասում էիք՝ սեփականության վերաբաշխում չե՞նք անելու

Մենք տարբեր ոլորտներից շարունակ լուրեր ենք ստանում, որ սեփականության տոտալ վերաբաշխում է ընթանում երկրում։ Մի տեղում փորձում են բիզնեսը խլել հին սեփականատիրոջից, մյուս տեղում փորձում են ներկրման հարցերում սահմանափակումներ դնել եւ նոր խաղացող մտցնել տվյալ ապրանքի ներկրման ոլորտում։ Երրորդ տեղում մարդու առանձնատան ու հողի վրա են աչք դրել։ Արդեն բիզնեսմենների մի խավ է սկսել գոյանալ, որոնք իշխանությունների տակ հարմարավետ տեղավորվել են եւ նրանց՝ նախկինում գործած անօրինականությունների վրա իշխանությունն աչք է փակում, երբեմն էլ նոր արտոնություններ տրամադրում։ Նրանց անունները շատերը գիտեն։
Լուրեր են հասնում մեզ նաեւ այն մասին, որ քայլարած հեղափոխականների մեջ են արդեն «բիզնես-ունակություններ» ունեցողներ հայտնվել, որոնք կամաց-կամաց փորձում են տանիք դառնալ տարբեր ոլորտների համար։ Ու այն բոլոր հավաստիացումները, որ բերվում է իշխանավորների կողմից, ընդհուպ՝ վարչապետի, թե՝ մենք մաքուր ենք աշխատում, աշխատավարձով ենք ապրում, մեր մերձավորները որեւէ բիզնես չունեն, կոռուպցիան ու հովանավորչությունը վերացել են երկրից, ընդամենը պարզունակ ստեր են, անտեղյակ մարդկանց վրա տպավորություն թողնելու համար։ 

Ինչո՞ւ մամուլում տեղ չի գտնում ունեցվածքի եւ ազդեցության ոլորտների, բիզնես-մեքենայությունների ու հովանավորչության մասին մեր ստացած տեղեկատվությունը, որովհետեւ դրանք, որպես կանոն, դժվար է ապացուցել եւ հրապարակելու դեպքում՝ մեր լրատվամիջոցի դեմ հարուցված տասնյակ դատական հայցերին արագորեն կավելացնենք եւս հարյուրը եւ կփակվենք։ Բացի այդ՝ տուժողները, որպես կանոն, հրաժարվում են դրա մասին բարձրաձայնել եւ բարձրաձայնելու գործը մնում է բացառապես լրագրողների ուսերին։ 

Այսօր, սակայն, ունեցանք առաջին ծիծեռնակը՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը՝ կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին, մի սկանդալային հայտարարություն է տարածել, բացահայտելով, թե ինչ տեռոր է կազմակերպվել երիտասարդ իշխանությունների կողմից անձամբ իր եւ իրենց ընկերության նկատմամբ։  

Նա հայտարարել է․ «Երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը․․Ես փորձել եմ ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում եմ ոչ ստաբիլության կործանարար հետևանքները մեր ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական և միջազգային գործընկերների , ընթացիկ և ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա։  Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»։ 

Հասարակությունը պետք է բացատրություն պահանջի իշխանություններից եւ թույլ չտա, որ ունեցվածքը խլելու նպատակով քրեական գործեր հարուցվեն մարդկանց վրա։ Ով ուզում է լինի այդ անձը։ Սա պետության կործանման ուղիղ ճանապարհն է՝ ունեցվածքի վերաբաշխումը պետք է կանխվի եւ օրենքը չպետք է գործի քաղաքական կամ ունեզրկման նպատակով։