Իշխանության սերը ոչի՜նչ է, ժողովուրդը պիտի սիրի․․․

Իշխանության սերը ոչի՜նչ է, ժողովուրդը պիտի սիրի․․․

Երեկ եթերում լսում էի հումորիստ Ռաֆայել Երանոսյանին, որը  հիմք դարձավ իմ մտորմանը։ Նա ասում է՝ պետք է մեռնես, որ քեզ սիրեն։ Հարցը երկու երես ունի՝ ո՞վ սիրի՝ իշխանությու՞նը, թե՞ ժողովուրդը։ Այսօր անջրպետ է առաջացել իշխանության և ժողովրդի մեջ։ Ում մեծարում է իշխանությունը, որն իր քաղաքական հայացքներն է կիսում, ժողովուրդը «քլնգում է»՝ անգամ մահից հետո։ Սա հենց ամենապարզ վկայությունը, փաստն է, որ ժողովուրդն ու իշխանությունը հաշտ չեն, «շուն ու կատու են»։ Մի այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա մեր արվեստագետներին,  կամ ինչ բառ ուզում եք դրեք, իշխանության սերն է պետք, ժողովրդի սերը նրանց չի հետաքրքրում։ Խոսքս եզակի դեպքերին չի վերաբերվում։ Իշխանության սերն արտահայտվում է փողով, նրանց առաջ արհեստական արգելքներ չդնելով ու այլ տարատեսակ միջոցներով, որոնց մեջ, անկեղծ ասած, երբեք չեմ ցանկացել խորանալ։ Ժողովրդի սիրո մեջ նյութական ոչինչ չկա։ Քանի որ հումորիստը խոսում է այսօրվա մասին, ուրեմն հասկանանք՝ իշխանության սիրո մասի՞ն է խոսում, թե՞ ժողովրդի։ 

Որ մեծերին մահից հետո են գնահատել,  բոլոր ժամանակներում,  Սևակից լավ ոչ մեկը, ժողովրդից բացի, այդքան հզոր չի հնչեցրել․ 
Այն էլ զգացի, ցավո՜վ զգացի, 
Որ կտըրվելուց հետո է միայն 
Երևում ծառի բուն հաստությունը։ 

Գիտե՞ք ինչու է այդպես գրել Սևակը։ Որովհետև ինքն էլ է եղել չգնահատված։ Ու՞մ կողմից՝ իշխանությա՜ն․․․ Սևակի, Սահյանի, մյուս Մեծերի  խոսքերը փաստում են, որ կենդանության օրոք  նրանց արժեքը չի գնահատել  իշխանությունը, որովհետև նրանք իշխանության գործիք չեն եղել։ Նրանք եղել են ժողովրդի գործիքը, իսկ ժողովրդից ստացել են միայն հոգևոր ուժ։ Նրանք իշխանությունից գնահատանք չեն ստացել։ Ժամանակն ու ժողովուրդն է նրանց փայփայել ու անգին քարի պես ներկայացրել այսօրվան։ Իսկ այսօրվա մեր արվեստագետներից շատերը, , եթե հումորիստը մտածում է, որ չլինելուց հետո սիրվելու՜ են, խիստ կասկածում եմ։ Այն բացասական «քոմենթները» ,- ինչպես նա է ասում,- որ գրում են, մեռնելուց հետո էլ գրելու են։ Փաստերը կան։ Նրանց սիրում է իշխանությունը, ժողովուրդը չի սիրում։ Հիշողությունը ժողովուրդն է պահում, իշխանությունը՝ տալիս ու անցնում է։ Իշխանության սերը ոչի՜նչ է, ժողովուրդը պիտի սիրի․․․Սերը արժեքային խոր համակարգ է, չպետք է շփոթել ժամանակավոր հրապուրանքների ու ժամանցների հետ, որոնցով մարդիկ հետաքրքրվում են։