Նելլի Բաղդասարյանն առանց որևէ հիմքի մատնանշման մերժել է կենդանասերների հայցը

Նելլի Բաղդասարյանն առանց որևէ հիմքի մատնանշման մերժել է կենդանասերների հայցը

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է կենդանասերների հայցը՝ քրեական գործ հարուցել Կիրովի մանկական այգում անհատ կենդանասեր Արմինե Համբարձումյանի վրա հարձակված ու այնտեղի շներին դաժան ծեծի ենթարկած տղամարդու  նկատմամբ։ Արմինեն հայտնեց, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը ոչ միայն մերժել է քրեական գործի հարուցման իրենց հայցը, այլև դա արել է առանց որևէ հիմք մատնանշելու։ «Շրջվեց ինձ ասաց՝ դա իմ դիրքորոշումն է, իմ կարծիքը, ոչ մի հիմք։ Նաև սկսեց բղավել, նաև մունաթ գալ, որ այնտեղ նստածներն իրեն նկարահանում են, թեպետ դահլիճում հավաքվածներից բոլորն ասացին, որ իրեն ոչ ոք չի նկարահանում»։ Արմինեն ասաց, որ նախորդ դատն էլ հետաձգվել էր պատճառաբանությամբ, թե դատավորը չի գալիս լավ ուսումնասիրելու համար։ Կենդանասերը տարակուսում է՝ ինչն է ոսումնասիրում, եթե հուլիսի 4-ից առկա է ընդամենը մի քանի տեսանյութ։

Հիշեցնենք, որ այս դեպքը, երբ այգու շներին կերակրող Արմինեի  վրա էր հարձակվել հղի կնոջ, երեխայի ու ընկերների հետ զբոսնող տղամարդ և հայհոյել, լայն հասարակական հնչեղություն էր ստացել։ Եվ մի խումբ կենդանասերներ դրանից հետո բողոքի ակցիաներ էին կազմերպել։
 Արմինե Համբարձումյանը դիմել էր ոստիկանություն, սակայն այստեղ հրաժարվել էին քրեական գործ հարուցել՝ թեև տրամադրված տեսանյութում պարզ երևում էր, թե ին չ է տեղի ունեցել։

Արմինեի ընկերուհին՝ Գոհար Մանուշակյանն էլ հայտնեց, որ  առաջիկայում՝ Տավուշում Տավուշի մարզի ընդհանուր իրավասւության դատարանում  մեկնարկելու է «Գետափ» ռեստորանային համալիրում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ շանը գնդակահարելու փաստով քրեական գործը։ Քրեական գործը հարուցվել էր ռեստորանի տիրոջ՝ Սուրիկ Աղաջանյանի նկատմամբ, ով ասել էր, որ իր շունն է, սպանել է, որովհետև հարձակվել էր այցելուների վրա։

Գոհար Մանուշակյանը հայտնեց նաև, որ Աղաջանյանը ստում է, քանի որ նույն այդ այցելուն, ում վկայակոչել էր, դեպքից մի քանի րոպե առաջ շան հետ շատ մեծ սիրով խաղացել է։