Վարչապետը թիթիզությունները թարգել է, բայց շարունակում է ատելություն տարածել

Վարչապետը թիթիզությունները թարգել է, բայց շարունակում է ատելություն տարածել

Գաղտնիք չէ, որ գործող իշխանության ներկայացուցիչները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեծ սեր ու կախվածություն ունեն ֆեյսբուքից: Հատկապես 2018-ին և դրան հաջորդող առաջին տարիներին Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ էր ֆեյսբուքյան տիրույթում, սակայն հիմա զգալիորեն պասիվացել է՝ ակտիվ գրառումներ չկան, լայվեր չի անում: Նա իր էջում հիմնականում տեղադրում է ՀՀ կառավարության նիստերը և իր այցերն այս կամ այն երկիր: Փաշինյանի հետևորդները նույնպես բավականին պասիվացել են: Եթե նախկինում վարչապետի էջում կարելի էր տեսնել` մեկ գրառման ներքո մի քանի տասնյակ հազար մեկնաբանություններ, ընդ որում, հիմնականում` դրական, ապա հիմա իրավիճակը բավականին փոխվել է: Քոմենթները հազարներով պակասել են, լայքերը` նույնպես, չնայած հետեւորդների քանակը անփոփոխ ու սիմվոլիկ` 1 մլն, որն, ըստ լավատեղյակների, կազմված է գնված քլիքներից, այսպես ասած` իմիջի համար:

Փաշինյանը վերջին շրջանում ուղիղ եթերներ չի մտնում, գրառումներ ևս չի կատարում: Վերջին գրառումն արել է երեկ կեսօրից հետո, այն վերաբերում է արհեստածին մի կառույցի` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) եռամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցել է նաեւ վարչապետը: Փաշինյանը գրառմանը կից տեղադրել է միջոցառման ընթացքում հնչեցրած իր ելույթը: Մայիսի 22-ի երեկոյան էլ կիսվել է իր և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցի տեսանյութով: Մայիսի 20-ին վարչապետ Փաշինյանը հետևյալ գրառումն է կատարել` Կառավարությունում հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային, ապա տեսանյութ է հրապարակել: Մայիսի 19-ին տեղադրել է Կառավարության 2022 թվականի հերթական նիստը, իսկ ահա մայիսի 16-ին տեղադրել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման տեսանյութը:

Միայն այսօր, հավանաբար ելնելով հույժ կարեւորությունից` իր էջում տեղադրել է հարցուպատասխանից մի քանի կտոր, որոնք հիմնականում ընդդիմության դեմ եմ ուղղված: Դրանցից «ամենաշշողը» 1 ժամում հավաքել է 2 հազար լայք, որը չնչին թիվ է 1 միլիոն հետեւորդների պարագայում:

Անգամ այսօրվա բացառությունները հաշվի առնելով, կարելի է ասել, որ վարչապետն ըստ էության, իր ֆեյսբուքյան էջը վերածել է պաշտոնական հանդիպումների մասին իրազեկող հարթակի: Այլ գրառումներ չի կատարում, նախկին սովորության համաձայն` անձնական լուսանկարներով չի կիսվում, երեխաների, կնոջ, փիփերթով ճաշ ուտելու մասին չի տեղեկացնում: Կարճ ասած` «թիթիզությունները թարգել է»: Շուտ պետք է աներ: