Ստացե՞լ է Քոչարյանի պաշտպանը «Վնգստացող դատավորների» ցանկը․ նրան ինչ պատասխան են տվել

Ստացե՞լ է Քոչարյանի պաշտպանը «Վնգստացող դատավորների» ցանկը․ նրան ինչ պատասխան են տվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն իր պաշտպանյալի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստերից մեկում դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին հարցրել էր՝ Դուք վնգստացող դատավորների ցանկում կա՞ք, հարգելի՛ դատարան։

Ապա նշել էր, որ դիմելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկը ստանալու համար։

«Հրապարակ»-ը Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատասխան է ստացել, նա նշեց. «Ինձ մի հատ էնպիսի պատասխան տվեցին, որ ես դեռ այնպիսի մարդ չեմ հանդիպել, որ այդ պատասխանը կարդա ու հասկանա՝ ինչի մասին  է գրված։ Դժվարանում եմ ասել, մի էջի վրա մի ամբողջ բառակույտ է պարունակվում, եւ ես դեռ չեմ հանդիպել մի մարդ, որը կարդա եւ հասկանա՝ ինչ է նշանակում։ Հայերեն լեզվով բառեր կան գրված՝ անհասկանալի հերթականությամբ։ Պատկերացրեք՝ բառարանից պատահականության սկզբունքով ընտրեք բառեր եւ լցնեք մի էջի վրա։ Այ սենց մի պատասխան եմ ստացել՝ ԲԴԽ նախագահի ստորագրությամբ»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դատական համակարգում գոյություն ունեն «պատերի տակ վնգստացող դատավորներ»։