«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը բերում են պատրաստվածության վիճակի

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը բերում են պատրաստվածության վիճակի

Ինչպես քիչ առաջ ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա չի տարածվում ԲԿ-ի պոլիկլինիկայի եւ ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա եւ նրանք չեն ընդունելու կորոնավիրոսով հիվանդներ: Թե' ծննդատունը, թե' պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով:

Նա նաեւ նշեց, որ դեռ պարզ չէ, թե վաղը հիվանդանոցը քանի պացիենտ է ընդունելու. «Թե երբ կգան, ինչքան կգան եւ հոսքը ինչքան կլինի, այս պահին ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին, մենք ուղղակի, այս պահին հիվանդանոցը բերում ենք պատրաստվածության այն վիճակին, որ հնարավոր լինի պացիենտներ ընդունել: Հիմա, թե վաղը կբերեն, թե վաղը չէ մյուս օրը` դա արդեն երկրորդ հարցն է: Պարզապես, քանի որ մեր հիվանդանոցը մահճակալային ամենամեծ հիվանդանոցն է համարվում ՀՀ-ում եւ ունենք ամենամեծ վերակենդանացման բաժանմունքը, դրա համար որոշվել է, որ մեր հիվանդանոցն էլ ընդունի կորոնավիրուսով հիվանդ պացիենտների»:

Հիվանդանոցն ամենաշատը ինչքա՞ն հիվանդների կարող է ընդունել. «Մենք ունենք 400 մահճակալ»,-ասաց Ծ. Խաչատրյանն ու հավելեց, որ ԲԿ-ի բուժանձնակազմի համար կկազմակերպվեն համապատասխան թրեյնինգներ, չնայած, որ նրանց մի մասը մինչ այս պահը արդեն անցել է, որովհետեւ «մարտ ամսից սկսած, արդեն իսկ տարբեր բժիշկների գործուղել ենք «Նորքի» ինֆեկցիոն, նաեւ բուժքույրեր են գնացել, ովքեր մինչ այս պահը այնտեղ են աշխատում: Ինչպես նաեւ ԱՀԿ-ից մասնագետներ էին եկել, ովքեր այս ընթացքում վերապատրաստման աշխատանքներ են իրականացրել: Այսինքն թե բուժանձնակազմը որքանո՞վ է պատրաստ համավարակով պայմանավորված ցուցաբերել բժշկական օգնություն, կարող եմ ասել, որ պատրաստվածության աստիճանը բավականին բարձր է»:    

Թե բուժանձնակազմի մեկուսացումն ու անվտանգությունը ինչպե՞ս է կազմակերպվելու, ապա այս պահին որոշվում է, թե ինչպես պետք է նրանք աշխատեն, բայց կկիրառվեն բոլոր անհրաժեշտ միջոցները ցանկացած կոնտակտ բացառելու համար:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի տեխնիկական զինվածությանը, համապատասխան սարքավորումների առկայությանը, մասնավորապես քանի՞ թթվածնային սարք կա հիվանդանոցում, ապա.

«Որեւէ թվային տվյալ չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին հիվանդանոցը բերվում է հենց այդ վիճակին, այսինքն՝ հիվանդներին տեղափոխելուց հետո նոր մնացած աշխատանքները կիրականացվի, որովհետեւ այս պահին դեռ ունենք հիվանդներ, որոնք բուժում էին ստանում եւ որոնց այս պահին տեղափոխում են այլ բժշկական կենտրոններ, օրինակ «Աստղիկ», «Նաիրի», «Էրեբունի» հիվանդանոցներ»: