Ո՞վ է ամենամերժվածը

Ո՞վ է ամենամերժվածը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին պիտակավորեց մեկ բառով՝ «կապիտուլյանտ», որը դարձավ «բրենդային». այդ բառը լսելիս բոլորը գիտեն, թե ում մասին է խոսքը: Փաշինյանը Սերժ Սարգսյանի մասին խոսելիս, սովորաբար, ասում է՝ մերժվածը: Եթե այդ բառն արտաբերում է հենց Փաշինյանը, ապա գիտենք, թե խոսքն ում մասին է, բայց եթե երրորդ մարդ է այն ասում, պետք է մտածել, թե որ մերժվածի մասին է խոսքը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Եթե դա ասվեր մինչեւ 44-օրյա պատերազմը, ապա պարզ էր, որ խոսքը Սարգսյանի մասին է: Բայց հիմա իրավիճակ է փոխվել… 

2018 թվականից «մերժված» լինելու «մենաշնորհը»՝ իր թիմի հետ միասին, Սերժ Սարգսյանինն էր: Երեք տարի առաջ այս օրերին հասարակության մի զգալի մասը դուրս էր եկել փողոց՝ «Սերժին մերժելու». մերժում էին տղամարդիկ, մերժում էին կանայք, մերժում էին անգամ երեխաները՝ մանկասայլակներում, մերժում էին տատիկները՝ Լեյլա տատիկի խտացված կերպարում, մերժում էին վարորդները՝ ազդանշանով միանալով ցուցարարներին, մերժում էին պատշգամբից շխկշխկացող կաթսաները… այս տեսարանները շատ նման էին տարբեր երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների տեսարաններին։ «Սերժին մերժելու» ալիքն օրեցօր, ժամ առ ժամ մեծանում էր հենց Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, ով ոչ մի քայլ չձեռնարկեց՝ մի քանի հոգով սկսած այդ քայլարշավը դադարեցնելու ուղղությամբ, անգամ այն դեպքում, երբ քայլողները քրեորեն պատժելի արարքներ գործեցին․ ջարդելով դուռը՝ մտան Ռադիոտան շենք, երբ վնասում էին պետական գույքը՝ արագաչափ սարքերը, կաթվածահար էին արել երկիրը, փակում էին օդանավակայան ու հիվանդանոց գնացող մարդկանց ճանապարհը եւ այլն: Համաժողովրդական ոգեւորությունը հասել էր գագաթնակետին. մարդիկ ուրախ էին, որ կարողանում են իրենց երկրում մի բան փոխել՝ «իրենց» կամքով… Ի՞նչ իմանային ոգեւորվածները, որ երեք տարի անց ավելի վատ ու պախարակելի ձեւով մերժելու էին հենց Սերժին մերժողին… Երեք տարի անց երեւանյան փողոցները նորից լցվեցին ցուցարարներով, մարդիկ դուրս եկան մերժելու Սերժին մերժողին՝ «դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» եւ այլ վանկարկումներով:

Սերժին մերժողին՝ երբեմնի ընդդիմադիր Նիկոլին, սկսեցին մերժել գիտության աշխատողները, դասախոսները, իրավական հանրույթը, մշակույթի գործիչները, նախկին երեք նախագահները, զինվորականները, երբեմնի համախոհներն ու թիմակիցները, ԱԱԾ նախկին տնօրեններն ու սպաները, բոլոր լուրջ կառույցների ներկայացուցիչները, գիտնականները, դասախոսները․․․ մի խոսքով՝ բոլորը: Նրա առջեւ պատերազմի զոհերի հարազատները փակեցին Եռաբլուրի ճանապարհը, սյունեցիները թույլ չտվեցին մտնել Սյունիք, հոգեւորականը մեկնած ձեռքն օդում թողեց եւ դուրս հրավիրեց եկեղեցուց: Նրան մերժում են, ամենավերջին հայհոյանքներով դիմավորում եւ ճանապարհում՝ ձվերի հարվածներով: Ու այս մարդը դեռ երես ունի՝ մեկ ուրիշին «մերժված» ասելու:

Որքան էլ հասարակությունը չիմանալով, թե ինչ աղետի ետեւից է գնում, 2018-ին «մերժեց Սերժին», բայց նրա հանդեպ նման անհարգալից վերաբերմունք երբեք չի դրսեւորել. Սերժ Սարգսյանը խնդիր չի ունեցել մարզեր այցելելու, Եռաբլուր մտնելու, Երեւանի կենտրոնում կառավարական մի մասնաշենքից մյուսը զորքերով շրջապատված չի գնացել, նրա հասցեին փողոցներում հայհոյանքներ չեն հնչեցրել: Սերժ Սարգսյանը տեղաշարժվելու խնդիր չի ունեցել, չունի նաեւ հիմա: Իսկ վաղը, երբ Փաշինյանը չլինի վարչապետ, կարո՞ղ է ազատորեն շրջել Երեւանի փողոցներում, այցելել Սյունիք, Արցախ… իհարկե՝ ոչ… նա դեռ շատ է լսելու անեծքներ ու հայհոյանքներ… լավագույն դեպքում… Հետեւաբար, մարդը, ով մերժվածության առումով մի քանի անգամ գերազանցել է Սերժ Սարգսյանին, պետք է նրան «մերժված» կոչելուց առաջ մի քիչ մտածի ու հիշի իր ոչ այնքան երանելի կարգավիճակը…