Ինչո՞ւ է ԼՀԿ-ն բերմունդյան եռանկյունի ստեղծում

Ինչո՞ւ է ԼՀԿ-ն բերմունդյան եռանկյունի ստեղծում

Նախօրեին հայտնի դարձավ, որ 17 կուսակցությունների ընտրությունը ժամանակավոր վարչապետի պաշտոնում կանգ է առել Վազգեն Մանուկյանի վրա։ Իրականում, սակայն, Վազգեն Մանուկյանը ոչ միայն կուսակցական հակաիշխանական բեւեռի թեկնածուն է, այլեւ կուսակցական տվյալ միավորման տրանսֆորմացիայի արդյունքում ստեղծված վերկուսակցական նոր մարմնի, որը ստացել է «Հայրենիքի փրկության շարժում» պաթետիկ անվանումը։ Թերեւս կուսակցությունները համոզվեցին, որ 17-ի ֆորմատը չաշխատող է, եւ կուսակցականների խորհուրդը որոշել է ընդլայնել ձեւաչափը՝ ձեւավորելով Հայրենիքի փրկության շարժում, որտեղ ընդգրկված են ոչ միայն այս շարժմանը հարող կուսակցությունների, այլ նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Օրինակ, «Ազգ» թերթի խմբագիր, լրագրության նահապետ Հակոբ Ավետիքյանը, մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ազատամարտիկներ Գեւորգ Գեւորգյանը, Աշոտ Մինասյանը՝ Սիսիանի ջոկատի հրամանատարը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը եւ այլք։ Մեզ ասացին, որ մոտ 20 հանրային գործիչ է ներգրավված շարժման խորհրդի կազմում։

Ի դեպ, կուսակցություններն այլեւս 17-ը չեն, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը», Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը հեռացել են միավորումից։ Մի քանի օր առաջ Հայրենիքի փրկության շարժումն առաջին նիստն է արել, որից հետո էլ տարածեցին Վազգեն Մանուկյանի թեկնածության եւ փրկության, այսպես կոչված՝ իրենց տեսլականի մասին հայտարարությունը։ Այն է՝ ստանձնելով ժամանակավոր վարչապետի պաշտոնը՝ Վազգեն Մանուկյանը պետք է անցումային կառավարություն ձեւավորի եւ 1 տարվա ընթացքում իրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար պայմաններ երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար: Հետագայում նա պաշտոնի չի հավակնի եւ արտահերթ ընտրություններին չի մասնակցի։ Հայտարարության պաշտոնական ներկայացման ժամանակ սա եւս ընդգծվեց։
Մասնավորապես, որ սա հիմնական պատճառներից էր, որ նման որոշում կայացվեց Վազգեն Մանուկյանի օգտին։ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարեց նաեւ. «Շարժման նպատակն է՝ սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին եւ արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ եւ կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ «Վարչապետի միասնական թեկնածուն 2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ին, Ազատության հապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները եւ հակաճգնաժամային քայլերը»:

Շարժման խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով քննադատություններին, հիշեցրեց, որ նման, այսպես կոչված, խառը տիպի կառույց է գործել նաեւ 1996 թվականին․ «Դա ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի խումբն էր, որը գործում էր գրեթե նույն նպատակով, երբ կասկած էր առաջացել ղարաբաղյան տարածքների հարցում առաջին նախագահի ժամանակ։ Այն ժամանակ էլ կառույցը գործել է վերկուսակցական սկզբունքով, չկար քաղաքական ուժի գերակշռություն, եւ մասնակիցներից յուրաքանչյուրը հավասար ձայնի իրավունքով մասնակցել է որոշումների կայացմանը։ Այն ժամանակ էլ մի քանիսը նախաձեռնող խմբում էին, մյուսները՝ իմ պես, հրավիրյալի կարգավիճակում։ Հիմա էլ մարդիկ են, որոնք համախմբվել են գաղափարախոսության շուրջ, իսկ փաստաթուղթն ընդունվել է կոնսենսուսով»։ Մեր դիտարկմանը, թե փաստաթղթի բովանդակությունը, թեկնածուին տեղում քննարկման արդյունքո՞ւմ են որոշել, Ալավերդյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ներկայացվել է տեքստը, որի շուրջ եկել են համաձայնության։ Ընդգծեց, սակայն, որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ընդունվել է առանց առարկությունների։

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման հայտարարությունից հետո ԼՀԿ-ն հայտարարեց, որ իրենց թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Լարիսա Ալավերդյանի համար անհասկանալի է նման պահվածքը։ «Գիտեք, ես ուզում եմ զանգել «Լուսավորի» տղաներին եւ հարցնել՝ ինչի՞ համար է այս բերմունդյան եռանկյունին, այս ի՞նչ երրորդ գագաթ են ստեղծում»,- ասում է նա՝ նկատի ունենալով իշխանություն-ընդդիմադիր բեւեռ եւ ԼՀԿ եռանկյունին։ Դիտարկմանը, որ ԼՀԿ-ում կասկածներ ունեն Վազգեն Մանուկյանի անցյալի եւ նախկինների հետ կապերի հարցում եւ կարծում են, որ Մանուկյանը չի կարող արդար-ազատ ընտրությունների երաշխավոր դառնալ, Ալավերդյանն արձագանքեց․ «Վազգեն Մանուկյանն ունի անցած ճանապարհ, եւ կարեւոր չափանիշն է, որ չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Սա շատ կարեւոր արգումենտ է, եւ միայն այս պարագայում կարելի է հավակնել»։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի օրոք պաշտոն ստանձնելու, հետեւաբար այսօր անկողմնակալ լինելու կասկածներին, Ալավերդյանը հիշեցրեց, որ նա երկրի առաջին վարչապետն է եղել․ «Սա միայն փաստում է նրա փորձառության մասին, որ կարող է բոլորի հետ աշխատել»։