Փաշինյանը չի ապահովել ՀՀ անվտանգությունը՝ դատի չտալով Լենին-Աթաթուրք պակտին

Փաշինյանը չի ապահովել ՀՀ անվտանգությունը՝ դատի չտալով Լենին-Աթաթուրք պակտին

Սովետական շրջանի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, որը ԽՍՀՄ գուլագներում 10 տարի նստել է՝ 1974 թվականից սկսած, անկախության շրջանի ակտիվ գործիչներից էր։ Նա պատգամավոր է եղել, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո դարձավ ակտիվ նիկոլական եւ սկսեց պաշտպանել գործող իշխանություններին։ Մեզ հետաքրքրում է, թե ինչպես է նա վերաբերվում այսօրվա իրադարձություններին՝ Արցախում, Սյունիքում տեղի ունեցող դեպքերին։ 

- Որպես անկախության համար տարիներ շարունակ պայքարած ու բանտերում անցկացրած մարդ՝ ի՞նչ կասեք․ ի՞նչ է կատարվում այսօր Սյունիքի սահմաններին։

- Անկախությունը հռչակելուց հետո Հայաստանի Հանրապետությունը՝ արդեն անկախ, պետք է զբաղվեր իր շահերի պաշտպանությամբ։ Իր շահերի գլխավոր թեզը պետք է լիներ երկրի անվտանգությունը, իսկ անվտանգությունը 1921թ․ ռուս-թուրքական դաշինքի պատճառով չկար, չկա։ Անընդհատ վտանգ է լինելու։ Ուրեմն մեր խնդիրն էր՝ դիմել դաշնակից Ռուսաստանին, որ չեղյալ համարի 1921-ին Թուրքիայի հետ կնքած իր պայմանագիրը, ճիշտ այնպես, ինչպես չեղյալ համարեց եւ դատապարտեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը։ Կա նախադեպ, երբ Ռուսաստանը դատապարտել է եւ ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսողներից մեկը լինելու համար։ Ճիշտ այդպես պետք է չեղյալ համարի Լենին-Աթաթուրք պակտը եւ տեր կանգնի դրա հետեւանքներին՝ որպես 70 տարվա մեղքի քավում։ Սյունիքի հարցի, Նախիջեւանի։

- Դա պետք է Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն աներ։

- Դա պետք է անեին բոլորը․ ե՛ւ Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը։ Ցանկացած ղեկավար նախեւառաջ պետք է հոգ տաներ ՀՀ անվտանգության համար, իսկ անվտանգությունը բխում է հենց այս պակտից։
Դա չի արվել։ Հիմա, եթե մենք դաշնակից ենք, ՌԴ-ն պետք է անի, իսկ եթե դաշնակից չենք, ուրեմն համապատասխան ձեւով, միջազգային իրավունքի նորմերով պետք է արվի, որովհետեւ Լենինն էլ, Աթաթուրքն էլ այն ժամանակ խռովարար իշխանություն են եղել, որոնք զավթել եւ իրար մեջ կիսել են Ազգերի լիգայում գրանցված ՀՀ տարածքը։ Քանի դեռ կա այդ պակտը, ՀՀ անվտանգությունը թերի է, եւ պետք է դրա համար պայքարենք։

- Նիկոլ Փաշինյանը Սյունիքում հղում արեց նախկինների օրոք ընդունված փաստաթղթին՝ ասելով, որ այդ սահմանային ամրագրումներն արել են հանրապետականները, եւ հիմա ընդամենը հետեւանքների հետ գործ ունի։ Ենթադրենք՝ այդպես է, բայց Փաշինյանը երբ հայտարարում էր, որ Արցախի հարցը զրոյական՝ իր կետից է սկսում, չէ՞ր կարող երկուսուկես տարում այդ օրենքը չեղյալ անել՝ մեկ, եւ երկրորդ՝ դիմեր ՌԴ-ին։

- ՀՀ-ն միջազգային հարաբերություններում ղեկավարվում է միջազգային իրավունքով եւ միջպետական հարաբերություններով։ Այսինքն՝ ներսում որեւէ գյուղապետ, Շուռնուխ գյուղի գյուղապետն ինչ որոշում է կայացրել, ոչ մի նշանակություն չունի․․․

- Ինչո՞ւ խորհրդարանը։

- Ես ասում եմ՝ ՀՀ իշխանության բոլոր որոշումները զրո են միջազգային իրավունքի տեսանկյունից։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպեսեւ իր նախորդները, պետք է միջազգային մակարդակում այդ հարցը բարձրացնեին, որ ՀՀ սահմանները հանցագործ ճանապարհով են ձեւվել։ Պետք է դիմեր միջազգային իրավունքին, որ 1921-ին զավթված տարածքի մասով պակտը վերանայվի։ Ինքը պետք է հայտարարի, որ չի ճանաչում այդ պակտը, որովհետեւ դա հանցագործ պակտ է։ Դրա համար նախօրոք պետք է դիմի համապատասխան միջազգային դատական ատյաններին։ Սա նշանակում էր՝ դուրս գալ Եվրասիական միությունից, ԱՊՀ-ից։ Այսինքն՝ փոխել ողջ համակարգը, Լենին-Աթաթուրք պակտի շրջանակներից դուրս գալ։ Մեր ղեկավարներից ոչ ոք այդ 4-ից դուրս չեն եկել այդ պակտից։ Չեն հայտարարել, որ դուրս են գալիս, միանում են այլ անվտանգային համակարգի։ Այսինքն՝ մենք բոլորս լուրջ պրոբլեմ ունենք, եթե հավատարիմ ենք Լենին-Աթաթուրք պակտին, որը մենք ճա-նա-չում ենք, ինչպես նաեւ դրա հետեւանքով առաջացած սահմանները եւ անվտանգության համակարգը։ Այսինքն՝ Շուռնուխի սահմանը ճանաչում ենք։

- ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Եվսեեւն ասում է՝ ո՞վ է ստիպում Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ դեմարկացիա անել, տասնյակ պետություններ կան, որ չունեն հարեւանների հետ նման սահմանազատում, եւ այնպես չէ, որ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի։ Ասում է՝ մի համաձայնեք, ժամանակ շահեք, ասեք՝ եկեք քննարկենք։ Սա դարձրեք նոր բանակցային գործընթաց։

- Ճիշտ է ասում Եվսեեւը, հարկավոր է բանակցել, հարկավոր է պայքարել, որովհետեւ նաեւ հոգեբանական կապիտուլյացիա է տեղի ունեցել։ Սրանք, ես չեմ համարում՝ մենք, ինչ ուզում են, սրանք տալիս են, հարկավոր է պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի, յուրաքանչյուր զինվորի համար, ձգձգել, խուսանավել, խճճել։ Ձեռքերը ծալած նստել եւ փողոցային պայքարի մեջ մտնել փողոցային ընդդիմության հետ, կարծում եմ՝ սխալ է։

- Պարոն Արշակյան, ընդամենը մի քանի ամիս առաջ մեր մասնավոր խոսակցության ժամանակ ինձ հանգստացրիք, թե Նիկոլ Փաշինյանը չի կործանի Հայաստանը, արհավիրք չի բերի Հայաստանի գլխին։ Շարունակո՞ւմ եք այդ կարծիքին մնալ։

- Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ո՛չ արհավիրք է բերել, ո՛չ էլ հերոս է։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը չէ, Հայաստանի Հանրապետությո՛ւնն է պարտության ենթարկվել․ ԶՈՒ-ն, Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովը, որեւէ գյուղապետ, որեւէ ավագանի, բոլորս միասին ենթարկվել ենք ագրեսիայի Լենին-Աթաթուրք պակտի իրականացման շահառուների կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը գար իշխանության ու հայտարարեր, որ չի ճանաչում այդ պակտը, այդ ժամանակ մենք ուրիշ լեզվով կխոսեինք։ Բայց Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է մնացել ՀՀ 30 տարվա իշխանությունների արժեքային համակարգին, հավատարիմ է մնացել Լենին-Աթաթուրք պակտին։ Նրա մեղքը կայանում է դրանում։ Ես պնդում եմ՝ ով այս հարցը չի բարձրացնում, սխալ է անում, այդ իմաստով նա սխալ է արել, չի ապահովել ՀՀ ավտանգությունը՝ դատի չտալով Լենին-Աթաթուրք պակտին։ Իսկ որ արհավիրք չէ, իհարկե՝ չէ, Հայաստանն է արհավիրքի ենթարկվել։ Մենք Նիկոլ Փաշինյանին կարող ենք ուրիշ բանում մեղադրել, իր նախորդն իրեն հանձնել է ՄԽ բանաձեւը, ստացել է Ալիեւ-Էրդողան-Պուտին բանաձեւը։ Ինքը չպետք է համաձայներ։

- Իսկ մեր տարածքային ամբողջականության հետ կապված, առավել եւս՝ Արցախի, կարո՞ղ էր որոշումներ ընդունել։ Չէ՞ որ դա հակասահմանադրական է։ 

- Պարտված կողմի որեւէ պաշտոնյա երբ պարտված կողմի սահմանները հանձնում է, հակասահմանադրական է։ Այսինքն՝ պարտությունն է հենց հակասահմանադրական։ Ոչ մի Սահմանադրության մեջ կապիտուլյացիա չի ենթադրվում, բայց կապիտուլյացիայի դեպքում հակասահմանադրականություն է առաջանում։