«Մեխակ Ավետիսյանին չենք ասում, որ Ղարաբաղը տվել ենք».

«Մեխակ Ավետիսյանին չենք ասում, որ Ղարաբաղը տվել ենք».

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված շքերթի ժամանակ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի  զինվորականները  միասնական շարքով անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝  ռուսական ԶՈՒ ստորաբաժանումների հետ միասին: Հայաստանի զորախմբերը ներկայացված չեն եղել: Փաշինյանը Մոսկվա է մեկնել առանց զորախմբի, ինչը զայրացրել է հատկապես Ռուսաստանի հայերին: Սոցցանցերում նրանք «ջղային» մեկնաբանություններ էին թողնում Փաշինյանի՝ Մոսկվա այցի տեսանյութերի տակ: Այս տոնը նրանք իրենցն են համարում, քանի որ հայերի մասնակցությունը պատերազմին 1 շնչին ընկնող բնակչության հաշվով ամենամեծն է եղել եւ զոհերի ու գեներալների թվով՝ եւս:

«Ամենատարբեր լեզուներով էին խոսում շքերթին մասնակցող եւ Պուտինի ձեռքը սեղմող զինվորականները, երկրներից էին, որոնք չէին էլ մասնակցել Մեծ հայրենականին, եւ ես սպասում էի, որ հայերեն լսեմ, այդպես էլ չլսեցի, եւ հետո մարդկանց հնչեցրած քննադատությունից  հասկացա, որ մեր զորախումբն այնտեղ չի եղել։ Բնականաբար, սա քննադատելի է, որովհետեւ 600 հազար հոգի Հայաստանից մեկնել է պատերազմին, 300 հազարը զոհվել է, 300 հազարը՝ վերադարձել, եւ մենք այս՝ պատերազմի 300 հազար մասնակիցներից Հայաստանում ունենք ընդամենը 30 հոգի, որոնք դեռ ողջ են այս պահին»,- ասում է մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը, որն ամեն տարի այս օրերին հատուկ գալիս է Հայաստան եւ նվերներով հյուր է գնում վետերաններին՝ նրանց հասցնելով «Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամի հանգանակությունը:  

Մարիամ Հովսեփյանի կարծիքով, այս տարի քանի որ Հայաստանի կողմից պետական մակարդակով մասնակցություն եղավ, տեղական կազմակերպությունները, մարդիկ Ռուսաստանում մի քիչ ավելի ոգեւորված են: Բայց նա նկատել է, որ Հայաստանի վարչապետը չի ունեցել կրծքին փակցված Գեորգիեւյան ժապավեն: «Այդ ժապավենը  Ռուսաստանի  դրոշը չէ, Ռուսաստանի պետական սիմվոլ չէ, դա հաղթանակի խորհրդանիշն է, այն հաղթանակի, որի սերունդներից է նաեւ ինքը: Ի դեպ, մեր այցելությունների ժամանակ եղել ենք նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տանը, որի պապիկը պատերազմի մասնակից է: Փաստորեն, Պապիկյանը հաղթանակի թոռներից է»,- ասում է Մարիամ Հովսեփյանը: Նրան հարցրինք, թե ինչպես է գնահատում Փաշինյանի՝ նախօրեին արած արտահայտությունը, թե Մոսկվա այցը նաեւ առիթ է՝ երկկողմ հարցերի շուրջ խոսելու: «Մայիսի 9-ը քաղաքականությունից պետք  դուրս լինի, կարծում եմ: Չի կարելի այն խառնել քաղաքականությանը»:

Բացի նվերներից, գումարային օգնություն բաժանելուց, Մարիամ Հովսեփյանը երկար շփվում է վետերանների հետ, լսում նրանց: «Հետաքրքիր է, բայց ընտանիքի անդամներն անգամ երբեմն չգիտեն, թե իրենց հարազատն ինչ լեգենդ է: Կան մարդիկ, ովքեր մեր այցելությունից հետո են միայն իմացել, թե իրենց հայրը կամ պապիկն ինչ հերոսական ճամփա են անցել»,- ասում է Մարիամը: 
Հիմնադրամի նախաձեռնություններից է նաեւ ծառատունկը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին հայկական Հիշողության այգի ստեղծելը, որը Պուտինի գաղափարն է, եւ ամեն տարի իրականացվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Մարիամին խնդրում ենք վետերաններից լսած պատմություններ պատմել «Հրապարակին»:

Շատ են ուրախանում, երբ իմանում են, որ Մոսկվայից եմ եկել՝ իրենց տեսնելու 

«Վետերաններից ամենատարեցը Մեխակ Ավետիսյանն է, որը ծնվել է 1922 թվականի հունվարի 15-ին: Ապրում է Գավառի Սարուխան գյուղում: Շատ հետաքրքիր անձնավորություն է, ու երբ ինձ հարցնում են, թե ում հետ անեն հարցազրույց, ես միշտ իրեն եմ մատնացույց անում, բայց ոչ ոք չի ուզում վետերանի համար գնա-հասնի Գավառ: Առողջ է, տեսողությունը միայն տեղը չէ: Թոռը զոհվել է 44-օրյա պատերազմում, նա լաց լինելով պատմում է այդ մասին: Բայց նրան չեն ասում, որ Ղարաբաղը տվել ենք, ու իր հետ երբ խոսում ես, միշտ ասում է՝ մենք Ղարաբաղը պետք է պահենք: Նրանից տարիքով մի քիչ փոքր է Պետրոս Արտաշեսովիչ Պետրոսյանը, որը 40 տարի, որպես առաջատար հետախույզ , աշխատել է արտասահմանում, Բրիտանիայի դեսպանին է «պրասլուշկի տակ պահել»,  այդ ամենի մասին գիրք ունի գրած: Ունենք նաեւ Հրանտ Կարապետյան, 103 տարեկան է: Նա նկարում է այդ տարիքում, ունի նկարների ցուցահանդես, վետերաններից Լաչի Ստեփանյանն էլ բանաստեղծություններ է գրում: Շատ են ուրախանում, երբ իմանում են, որ հեռվից եմ եկել իրենց տեսնելու՝ Մոսկվայից:  Դժվարն իրենց տնից հեռանալն է: Ուզում են անվերջ նստես ու խոսես իրենց հետ: Իսկ պատմությունները մեկը մյուսից հետաքրքիր են: Մեկը պայթյունից հետո մի օրից ավելի հողի տակ է մնացել: Հարազատներին սեւ թուղթ են ուղարկել, հետո ինքը տուն է եկել: Մյուսն առաջնագծում երկու անգամ վիրավորվել է․ մի անգամ՝ Լեհաստանում, մի անգամ՝ Բելառուսում: Այս մարդիկ արդեն 100 տարին անց են»: 

Գերմանացի ջութակահարը նրա կենդանի զարթուցիչն էր

«Ավետիսյան Վարոս ունենք՝ Արարատի մարզի Գետազատ գյուղից: Նա պատերազմի ժամանակ՝ մի շրջան գերմանացի գերիների հսկիչն է եղել: Վստահեցնում է, որ հումանիստական վերաբերմունք է ունեցել գերիների նկատմամբ, բայց քանի որ երաժշտություն շատ է սիրել, գերմանացիներից մեկին, որը ջութակահար էր, հրամայել է ամեն առավոտ գալ իր սենյակ եւ ջութակ նվագել, այնքան, մինչեւ որ ինքն արթնանա: Ինչն էր ինձ համար հատկապես հաճելի, որ հենց առաջին տարվանից պարզեցի, որ նա ճանաչել է իմ տատիկն ու պապիկին, ու ամեն անգամ, երբ գնում եմ մոտը, պարտադիր հարցնում է՝ ո՞նց է տատիկդ, դե, ես էլ ասում եմ՝ տատիկս արդեն չկա, ու մյուս տարի նորից հարցնում է»:

Բեռլինում քոչարի պարողներից մեկը երեկ մահացավ 

«Երեկ կյանքից գնաց Սիսիանի վետերաններից Հակոբ Վարդանյանը: Նա ուներ ե՛ւ  Կովկասի պաշտպանության համար մեդալ, ե՛ւ մեդալ Քյոնինգսբերգի գրավման համար: Երեք տարի է՝ գնում էինք ու չգիտեինք: Այս տարի որ եկա՝ մայիսի սկզբին, նայեցինք թղթերն ու պարզեցինք դա: Նա կաթվածահար էր եղել, խոսքը պարզ չէր, ու մի կերպ կարողացավ բացատրել, որ Բեռլինում քոչարի պարողներից է եղել: Նրա 100-ամյակը լրացել էր անցյալ տարի: 

Հայ երեխաների վրա փորձեր էին դնում

«Վետերաններից մի կին ունենք ՝ Աստղիկ Սաղայանց: Նա պատերազմի ժամանակ իր ծնողների հետ գերի է ընկել, հրաշքով փրկվածներից է: Պատմում էր, որ բախտը բերել է, որ Գերմանիայում իր վրա փորձարկումներ չեն արել:  Ասում է, որ մյուս հայ երեխաների վրա բժշկական փորձեր են դրել, ներարկումներ արել, իսկ իրեն հավանած է եղել գերմանացի հրամանատարներից մեկի սիրուհին: Այդ կինն ուզել է իրեն որդեգրել: Աստղիկի մայրը թույլ չի տվել, որ այդ կինը երեխային տանի, եւ այդ պատճառով մորը մի ամբողջ գիշեր կանգնեցրել են սառույցի վրա: Տեսել են, որ, միեւնույն է, չի համաձայնում, ու որոշել են, որ  երեխան ցերեկները մնա այդ կնոջ մոտ, իսկ գիշերները՝ ծնողների: Գերմանացի կինը նրան միշտ տուն է ուղարկել բուտերբրոդներով, որոնք ինքը կիսել է ծնողների հետ, եւ այդ բուտերբրոդների հաշվին կարողացել են դիմանալ»: