ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուների դիրքորոշումը հայկական հարցերի վերաբերյալ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուների դիրքորոշումը հայկական հարցերի վերաբերյալ

ԱՄՆ 2020թ․ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածուներից ոմանք իրենց ներդրումն ունեն հայ-ամերիկյան հարաբերություններում։ Շուրջ երկու տասնյակ թեկնածուներից 3-ը հանդիսանում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ՝ Թ. Գեբրդ (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հավայի), Ս. Մոուլթոն (ԱՄՆ Ներկայացուցիչներ պալատի անդամ, Մասսաչուսեթս), Է. Սուոլվել (ԱՄՆ Ներկայացուցիչներ պալատի անդամ, Կալիֆորնիա):

Ըստ հարցումների, այս երեք թեկնածուների վարկանիշը 1%-ից ցածր է, ամենաբարձրը Թ. Գեբրդինն է՝ 0.8%: 

Կարճ անդրադառնանք մի քանի թեկնածուների և դիտարկենք նրանց հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում։

Ջ. Բայդեն. (ԱՄՆ նախկին փոխնախագահ)- Թերևս, ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող այս թեկնածուի առաջադրման հարցը հայտնվեց հանրության  ուշադրության կենտրոնում ՀՀ նախագահ Ա. Սարգսյանի հետ հանդիպումից հետո։ Մինչ փոխնախագահի պաշտոն ստանձնելը Սենատոր Ջ. Բայդենը երկար տարիներ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցը՝ դառնալով համապատասխան բանաձևերի համահեղինակ։ 2015թ. փոխնախագահ Ջ. Բայդենը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին, սակայն Օբամա/Բայդեն վարչակազմը այդպես էլ գործնական քայլեր չձեռնարկեց ցեղասպանության ճանաչման համար։

Բ.Սանդերս. (ԱՄՆ Սենատի անդամ, Վերմոնտ) Ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուներից մեկը դեռ 1995թ-ից աջակցել է որոշ հայամետ բանաձևերի, որոնց մեջ աչքի է ընկնում Փալոն-Ռադանովիչ լրամշակմանը (ուղղված 907-րդ բանաձևի պահպանմանը) կողմ քվեարկելը։ Բացի այդ, Սանդերսը աջակցել է 2019թ. 150-րդ բանաձևին՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թ. Գեբրդ. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ այս թեկնածուն, միակն է, որ 2017թ․ այցելել է Արցախի Հանրապետություն, ինչպես նաև քննադատել Ադրբեջանի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Վերջինս նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ ջատագով է․ 2019թ. դարձել է 296-րդ բանաձևի (ուղղված ՀՀ ցեղասպանության ճանաչմանը) աջակիցներից մեկը։

Է․ Ուորեն. (ԱՄՆ Սենատի անդամ, Մասսաչուսեթս)- բարձր վարկանիշ ունեցող այս թեկնածուն հայտնվել է  2018թ. Կոնգրեսի ընտրություններում  Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելողների ցանկում, մասնավորապես 2018թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված 136-րդ  բանաձևի հովանավորը դառնալով, իսկ 2019թ. իր աջակցությունն է հայտնել 150-րդ բանաձևին։

Ք. Հարրիս. Հունիսի 27-ի բանավեճից հետո իր դիրքերը զգալիորեն բարելաված միակ սևամորթ կին թեկնածուն հայոց ցեղասպանության ճանաչման աջակից է։ Կալիֆորնիայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու տարիներին սատարել է ամերիկահայերի՝ Ցեղասպանության տարիներին և հետո չվճարված ապահովագրության վկայականների հարցում արդարությունը վերականգնելու մասին օրենքը։ 2019թ-ին աջակցել է 150-րդ բանաձևին։

Է. Սուոլվել. Լինելով  ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ՝ Սուոլվելը իր աջակցությունն է ցուցաբերել Ցեղասպանության կանխման 220-րդ բանաձևին, ինչպես նաև կողմ է քվեարկել 354-րդ բանաձևին (Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը): 

Թ. Ռայն. (ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ, Օհայո)- Եթե 2015թ-ին այս թեկնածուն Կոնգրեսում դիտակումներ էր արել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ որակելով այն որպես Հարավային Կովկասի պատմության մեջ բռնության և ջարդի  ամենասարսափելի դեպքերից մեկը, ապա արդեն իսկ 2018թ-ին սկսել է իր աջակցությունը հայտնել հայամետ որոշ բանձևերի, մասնավորապես Ցեղասպանության կանխման 220-րդ և 354-րդ բանաձևերին։ Բացի այդ, նա ստորագրել է 2017 և 2018թթ. ԱՄՆ նախագահին ուղղված նամակները՝ ցեղասպանության ճանաչման համար, իսկ 2019թ-ին աջակցել է 296-րդ բանաձևին։

Սուրեն Սարգսյան