Չգիտեմ, թե որտեղից են ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել․ Էդգար Առաքելյան

Չգիտեմ, թե որտեղից են ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել․ Էդգար Առաքելյան

Պատգամավորական մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ այսօր թերթերից մեկում տեղ գտած անհեթեթ հերյուրանքը առցանց լրատվամիջոցները տարածել են առանց նույն հրապարակման մեջ իմ հերքման խոսքի, անհրաժեշտ եմ համարում ինքս հրապարակել այդ հատվածը.

«Կատարյալ անհեթեթություն է: Չգիտեմ, թե որտեղից են ձեզ նման ստահոդ տեղեկություններ հասել և ինչու եք որոշել դրանք հրապարակել, սակայն ձեր հարգարժան ընթերցողների համար ասեմ, որ նման մեծ քաղաքական ամբիցիաներ ունեցող անձը ոչ մանդատից կհրաժարվեր, ոչ էլ առավել ևս ակտիվ քաղաքականության հետ իր կամուրջները կայրեր` հրաժարականի տեքստում նշելով, որ ինքը որոշակի որակների բացակայության բերումով անհամատեղելի է այդպիսի գործունեության հետ:
Ձեր նշած սցենարի իսկության պարագայում ի՞նչը պիտի ինձ խանգարեր դուրս գալ խմբակցությունից և հանդես գալ որպես անկախ պատգամավոր: Կամ ինչպե՞ս է հնարավոր պատկերացել, որ նման պառակտիչ գործունեությամբ զբաղվող անձը հենց նույն ժամանակահատվածում լուսանկար հրապարակի խմբակցության քարտուղարի և տվյալ խնրահարույց հարցում տրամագծորեն այլ տեսակետ ունեցող գործընկերոջ (Բաբկեն Թունյանի) հետ և այն վերնագրի «Կուռ և միասնական», հետո էլ նույն օրը հարցազրույց տա («Հրապարակ» օրաթերթ, 23-ը օգոստոսի) և հատնի, որ ինքն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի խմբակցությունն այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս գա»:

Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման կամ դրա փորձի, բացառապես անձնական պատճառներով, որոնց մասին գուցե և մի օր խոսեմ։

Հոդվածի առաջին մասը՝ ստորև»։

««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խոր արմատներ ունի:

Մասնավորապես, խմբակցությունը վերջերս բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա ևս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը ևս պետք է լքեր խմբակցությունը:

Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից:

Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաև Էդգար Առաքելյանի հետ, որոնք ամեն կերպ փորձեցին հերքել մեր ունեցած տեղեկությունները»,-գրում է թերթը»։