Դեմարշ՝ ՀԱՊԿ-ի դեմ

Դեմարշ՝ ՀԱՊԿ-ի դեմ

Երեկ համացանցում ՀԱՊԿ խորհրդի նիստի փակ հատվածից մի կարճ տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ստորագրել իրեն առաջարկված ինչ-որ փաստաթուղթ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ դրանից նեղսրտում է՝ փորձելով համոզել, որ ստորագրի, սակայն Փաշինյանը մերժողական տոնով կրկնում է․ «Շատ շնորհակալություն»։ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստի վերջում միայն անդրադարձավ ՀԱՊԿ նիստին եւ սեղանին դրված փաստաթղթերին, որոնք, պարզվում է, հայկական կողմը չի ստորագրել՝ այն հետ ուղարկելով լրամշակման։ Փաշինյանի խոսքով՝ նիստի արդյունքում, ցավոք, իրենց չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարեւոր փաստաթղթերի վերաբերյալ։

«Բայց ես նաեւ ուզում եմ ասել, որ, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ եւ դրական քննարկում, եւ այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման, եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել եւ գալ ընդհանուր հայտարարի։ Բայց, ընդհանուր առմամբ, չնայած այս հանգամանքին, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը, եւ սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր կողմից չստորագրելու պատճառով, բայց ես էլի ուզում եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, դրական եմ համարում քննարկումը եւ դրական եմ համարում նաեւ ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատով ունեցած բանակցությունները»,-ասաց Փաշինյանը՝ փաստացի խոստովանելով, որ դեմարշ է իրականացրել ՀԱՊԿ-ի դեմ՝ տապալելով ՀԱՊԿ հռչակագրի ու այլ փաստաթղթերի ընդունումը։ Սա, վստահաբար, դուր կգա ՀԱՊԿ-ի ու Պուտինի դեմ իշխանությունների կողմից ուղղորդված արեւմտամետ ցուցարարներին եւ սորոսական էմիսարներին։