Միրզոյանի «Տարվա եղանակները» կամ Չինական ռոմանսներ, որ գրվեցին դժվար տարիներին

Միրզոյանի «Տարվա եղանակները» կամ Չինական ռոմանսներ, որ գրվեցին դժվար տարիներին

Նարեկացի արվեստի միությունը լույս է ընծայել հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի «Տարվա եղանակները» կամ Չինական ռոմանսներ գիրքը, որտեղ տեղ են գտել ոչ միայն երգաշարի նոտաները, ձայնասկավառակը, այլ նաեւ դրանց հիմքում ընկած բանաստեղծությունները՝ չինարեն հիերոգլիֆներով եւ հայերեն թարգմանությամբ։ 

«Ինչ վերաբերում է «Տարվա եղանակները» երգաշարին, ապա դա պարզապես պատեհություն է, որը կանխորոշել է Դանիել Երաժիշտը, ինչը չեմ կարող պատահական համարել»,- գրքի նախաբանում մեջբերված է Էդ․ Միրզոյանի խոսքը, ով «Տարվա եղանակները» նվիրել է հենց նրան։  

Դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտը հիշում է՝ տարիներ առաջ մի առիթով Միրզոյանի տանն է եղել, եւ զրույցի ընթացքում խոսել են չինացի բանաստեղծ Բո Ցզյույ-Իի «Գարուն» բանաստեղծության մասին, որի հիման վրա ինքը երգ էր գրել, եւ որն այդքան էլ իր սրտով չէր։ Դանիել Երաժիշտն առաջարկել է Միրզոյանին, որ նույն բանաստեղծության հիման վրա նա էլ գրի իր տարբերակը. «Մի քանի ամիս հետո Միրզոյանը գրեց այդ երգը, հետո մտածեցի, որ եթե «Գարունը» գրվեց, ինչո՞ւ տարվա մյուս եղանակները չգրվեն, եւ գտա էլի չին պոետների, որոնց գործերը ռուսերենից թարգմանեցի ու ամբողջացրեցի տարվա եղանակները։ Դրանից հետո առաջարկեցի վարպետին դրանց հիման վրա եւս երաժշտություն գրել, եթե Վիվալդին, Հայդնը, Չայկովսկին ունեն տարվա եղանակներ, թող ինքն էլ ունենա իր տարվա եղանակները։ Արդյունքում ինքը ստեղծեց այս երգաշարը»։  

Տարվա եղանակների կամ Չինական ռոմանսների հիմքում չինացի 4 տարբեր բանաստեղծների՝ Բո Ցզյույ-Իի, Բո Պուի, Լի Բոյի, Չժան Կեցզյուի ստեղծագործություններն են։ «Իր ոճի մեջ սա բեկումնային է, որովհետեւ այս գործերը նա գրել է մեր ճգնաժամային տարիներին, եւ 10 տարի տեւեց, մինչեւ տարվա բոլոր եղանակներն ամբողջացան»,- ասում է նա ու նկատում, որ այս գործերը տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ են կատարել, այդ թվում՝ կորեացի մի երգչուհի, ով Նյու Յորքում այդ գործերը հայերեն է կատարել, եւ որին նվագակցել է հայտնի դաշնակահար Շահան Արծրունին։ Գրքին կցված սկավառակում Միրզոյանի «Տարվա եղանակները» կատարում է օպերային մեներգչուհի Դիանա Հարությունյանը, ում նվագակցում է Կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը։ 

Գրքում տեղ են գտել նաեւ Դանիել Երաժիշտի հարցազրույցն Էդվարդ Միրզոյանի հետ՝ արված 2006-ին, եւ Դանիել Երաժիշտի երաժշտագիտական անդրադարձը Միրզոյանի «Տարվա եղանակներ» շարքին, որտեղ յուրաքանչյուր գործ վերլուծվում է առանձին։ 

«Գիրքը հասցրեցինք տպագրել նրա ծնունդին ընդառաջ, նրա ծնունդը մայիսի 12-ին էր, իսկ գրքի շնորհանդեսն արվեց մայիսի 10-ին, որին ներկա էր նաեւ նրա տղան՝ անվանի բժիշկ Արշակ Միրզոյանը»,- ասում է նա ու կատակում, որ լավ բաները, այդ թվում այս գիրքը, չեն վաճառվում, ինքն ու Նարեկացի միությունն այն միայն նվիրում են։  

«Միրզոյանին կյանքի վերջին տարիներին պատշգամբ էին հանում սայլակի վրա, եւ նա ժամերով Արարատին էր նայում։ Ես նրա այդ կերպարը նմանեցնում էի Նոբելյան մրցանակակիր Յասունարի Կավաբատայի «Լեռան հառաչանքը» վեպի հերոսին, ով գուցե նույն զգացմունքներով նայում էր Ֆուձիյամային եւ ափսոսում, որ կյանքն անցավ, ու ինքն ուշացավ լեռան գագաթը բարձրանալու համար, բայց Միրզոյանը պետք է որ չտխրեր, որովհետեւ նա արվեստի գագաթն էր բարձրացել։ Ավելին՝ նրա տղան բարձրացավ Արարատի գագաթը, թերմոսով բերեց գագաթի ձյունը, հալեցրեց, եւ հայրը խմեց․ Արարատի կարոտը նա այդպես առավ։ Միրզոյանը չեղավ Մասիսի գագաթին, բայց Մասիսն իր մեջ առավ։ Այդ պատմությունն ինձ պատմեց Միրզոյանի կինը՝ Ելենա Միրզոյանը»,- հիշում է Դանիել Երաժիշտը։