Հանրահավաքը դրեց վերջակետը

Հանրահավաքը դրեց վերջակետը

Նախօրեին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ սատարում է միասնության հանրահավաքին եւ կմասնակցի միջոցառմանը: Տպավորություն էր, որ օրվա խորհուրդն իրոք կարեւոր է եւ, գուցե, այդ մասնակցությամբ դրվի հանրային կոնսենսուսի առաջին հիմնաքարը:

Հանրահավաքին Բաբայանի համակիրների պահվածքը, սակայն, եկավ հակառակը վկայելու: Շուրջ 300 հոգանոց այդ խումբը, որ մոբիլիզացվել էր ամբողջ Արցախից, դիրքավորվել էր հարթակին շատ մոտ եւ նախագահ Բակո Սահակյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում «Բաբայան՝ նախագահ» էր վանկարկում՝ ակնհայտորեն մտադրված լինելով խանգարել հանրահավաքը:

Ըստ երեւույթին, հենց այդ վանկարկումներին ի պատասխան էր, որ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ վաստակ ունեցող մարդկանց, նրանց քաղաքական հավակնությունների եւ օրինականության թեմային՝ ակնհայտորեն հասկանալ տալով, որ Սամվել Բաբայանի անցյալի ծառայությունները չեն կարող հիմք հանդիասանալ, որպեսզի նրա համար սահմանադրությանը հակասող բացառություններ արվեն: Փաշինյանի այդ հստակ շեշտադրումներից հետո Բաբայանի աջակիցներին ոչինչ չէր մնում, քան՝ լռել: Մանավանդ որ մինչ այդ էլ հանրահավաքի մասնակիցներն էին նրանց կարգապահության կոչել, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԱԾ պետ Վանեցյանը:

Վարչապետ Փաշինյանի՝ Արցախի ներքին կյանքին վերաբերող հիմնական ուղերձն այն էր, որ իշխանությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների միջոցով, եւ Հայաստանի կառավարությունը լինելու է գործընթացի երաշխավորը: Այսպիսով, կարծես դրվեց վերջակետը՝ Արցախում ֆորս-մաժորը բացառվում է, Բակո Սահակյանը պաշտոնավարելու է մինչեւ իր սահմանադրական լիազորությունների ավարտ, նոր իշխանությունը ձեւավորվելու է սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում եւ կարգով: