Դրանք վախկոտ ցեղ են, որ մի հատ մռութներին հասցնենք, էլ ռիսկ չեն անի առաջ գալ

Դրանք վախկոտ ցեղ են, որ մի հատ մռութներին հասցնենք, էլ ռիսկ չեն անի առաջ գալ

Երեկ հերթական խայտառակ տեղեկությունը ստացանք Արցախից` ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին անցագրային կետ տեղակայելու վերաբերյալ տեղեկությունը՝ հայտարարելով, որ իբրև թե` «Ադրբեջանը կստեղծի բոլոր պայմանները Լաչինի ճանապարհով հայերի տեղաշարժի համար»։ «Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այս լրացուցիչ միջոցառման շրջանակում, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից անվտանգության երաշխիք է Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի համար, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնակարգված անցման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ի հաղորդագրությամբ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «վերահսկողության տվյալ մեխանիզմն իրականացվելու է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ»։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Ադրբեջանն ուղղակի թքած ունի նոյեմբերի 9-ի համաձայնագրի վրա և անում է այն, ինչ ցանկանում է: Չստանալով համապատասխան պատասխան` օր օրի ավելի է լկտիանում. «Այս ընթացքում նույն այդ Ադրբեջանն ինչ արել է, անպատիժ է մնացել: Այսօր էլ Հայաստանն իր ձեռքերն Արցախից լվացել է: Իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է, դրանից հետո պարզ է, որ այսպես պետք է լիներ: Ես վաղուց էի սպասում այս օրվան: Շուշին վերցնելով, նրանք Հակարիի կամուրջը գրավելու հնարավորություն ունեին: Մենք ունեինք փրկության ճանապարհ, այն նոր ճանապարհի կառուցումն էր, սակայն թշնամին ցանկանում է ամեն գնով դրա դեմն առնել: Ադրբեջանն իր ասածներին տեր է կանգնում և անում է այն, ինչ ասել է: Ո՞վ է դեմն առնողը, որ չանի: Ադրբեջանական ջրաղացին այս իշխանությունները ջուր են լցնում: Թրքամետ ղեկավարների պարագայում ես ամեն ինչ սպասում եմ: Ամեն ինչ հնարավոր է: Ինչի՞ց պետք է վախենան»,- ասում է Արծվիկ Սարգսյանը: 

Սարգսյանի կարծիքով` անհասկանալի է, որ ռուսական կողմը թույլ է տալիս Ադրբեջանին լկտիաբար իրենց ցանկություններն իրագործել. «Եթե ռուսական կողմը հսկում է, հասկանալի չէ, թե ինչու են սրանք այսպես անում: Հաբրգած ամեն ինչ անում են, վաղն էլ մի ուրիշ բան են անելու: Ամեն օր առաջ են գալիս, բայց դեմն առնողն ո՞վ է: Մենք պատրաստ ենք հակահարված տալ, բայց ռուս խաղաղապահների միջամտությունը խանգարում է: Դրանք վախկոտ ցեղ են, վախկոտ եղել են, վախկոտ էլ կմնան, որ մի հատ մռութներին հասցնենք, էլ ռիսկ չեն անի առաջ գալ: 90-ականներին Արցախն ավելի ծանր շրջափակման մեջ է եղել, քան այսօր, սակայն այն ժամանակ Հայաստանը եղել է Արցախի թիկունքին, իսկ այս պահին Հայաստան չկա: Հայաստանն Ադրբեջանի շահերի մասին Ադրբեջանից շատ է խոսում»,- ասում է մեր զրուցակիցը: 

Հարցին, թե Արցախն ինչպե՞ս է կարողանում չորսուկես ամիս բլոկադայի մեջ գոյատևել, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Մարդկանց համար բնական բան է դարձել: Եթե ասեմ բարձր տրամադրություն ունեն` ոչ: Ամեն ինչ ազդում է մարդկանց հոգեբանության վրա: Կան հիվանդներ, երեխաներ, ոնց էլ լինի Ադրբեջանի դաժան քայլերն իրենց ազդեցությունը թողնում են: Եթե այսպես շարունակվի, վաղն էլ կարող է ցեղասպանության վտանգ առաջանալ, ո՞վ է Ադրբեջանի ձեռքերը կապելու: Խանութներում հերթեր են, ամենուր հերթեր են, բայց միևնույն է՝ մարդիկ մարտական են տրամադրված: Ուրիշ գնալու տեղ չունենք, սա մեր հողն է, մնալու ենք ու պայքարենք: Մեր հույսը մենք ենք: Աշխարհը խուլ է ու համր: Եթե այսպես պետք է լիներ ամեն ինչ, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», եթե պետք է այսօր ասի՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է: Ամեն ինչ ուտելու մեջ չէ, այնպես չէ, որ սննդով ապահովում են, վերջ` դա է Արցախի միակ խնդիրը: Իմ կոչը հետևյալն է` լինել միասնական, նոր պայքար սկսել: Մինչև թուրքի մռութին չխփենք, մեզ չեն ենթարկվելու ու չեն նահանջելու: Եթե այսպես շարունակվեց․ Երևան էլ են հասնելու»-, խոսքը եզրափակեց Արծվիկ Սարգսյանը: