Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին 

Ադամ Բարրոն Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին 

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում հանդես կգա Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգին: Այն կկայանա Փարիզի նեոդասական ճարտարապետության ոճի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում - ÉGLISE DE LA MADELEINE: Երեկոյին կհնչեն Կոմիտասի եւ նրա ժամանակակիցների՝ Ռավելի եւ Դեբյուսիի ստեղծագործություններից: Ունկնդրին ծանոթացնելով կոմիտասյան երգարվեստին՝ ի ցույց կդրվի 20-րդ դարի եվրոպական երաժշտական նոր մտածելակերպի ազդեցությունը։ 

Հատուկ այս համերգի համար, ծրագիրն ավելի հետաքրքրական եւ յուրահատուկ դարձնելու նպատակով, առաջին անգամ թե՛ Կոմիտասի, թե՛ Ռավելի եւ թե՛ Դեբյուսիի վոկալ-դաշնամուրային ստեղծագործությունները ֆրանսիական նվագախմբի մեկնաբանությամբ, գործիքավորելու աշխատանքը հանձն է առել Պետրոս Շուժունյանը: Համերգին հանդես կգա նաեւ սիրված սոպրանո Աննա Կասյանը: 

Հատկանշական եւ կարեւոր է Կոմիտասի 150 ամյակի կապակցությամբ այս համերգով հետաքրքրել ոչ միայն ֆրանսաբնակ հայ ունկնդրին, այլ նաեւ նոր մեկնաբանությամբ հրամցնել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները ֆրանսիացիներին՝ միեւնույն ժամանակ արժեւորելով նաեւ հայ երգը: