Հայաստան-Ադրբեջան համաձայնագի՞ր․ դա փոխզիջում է ՌԴ -ի և Թուրքիայի միջև  

Հայաստան-Ադրբեջան համաձայնագի՞ր․ դա փոխզիջում է ՌԴ -ի և Թուրքիայի միջև  

Տեղեկացրել էինք, որ Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում, ըստ մեր աղբյուրների,  ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ վարել է արդեն իսկ ավարտված՝ բանակցություններ, որոնցից հայկական կողմը շատ գոհ է մնացել։ Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում,  անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա միջանցք չի լինելու, այլ  տրանզիտ ճանապարհ,որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմանապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: 

Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի չափով։ «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

Եթե հաստատվի պաշտոնապես այն, ինչի մասին գրել ենք, օրինակ՝ սկսել դեմարկացիա և դելիմիտացիա՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում, սա կարելի՞ է դիտարկել փոխզիջումային լուծում։ Թե՞՝ սպասվող վատի շրջանակներում է։

- Առաջին հերթին պետք է ձևակերպենք՝ փոխզիջում ո՞ւմ միջև։ Ակնհայտ է, որ սա փոխզիջում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Եվ ինչ-որ առումով՝ Ադրբեջանի միջև։ Այսինքն՝ սա արձանգրելուց իրավիճակն է ավելի հասկանալի դառնում։ Հասկանալի է՝ խաղաղապահների խնդիրը, որը պայմանավորված է Արցախում Ռուսաստանի ներկայությամբ, որը դարձել է կարևորագույն խնդիր և որից կախված է հետագա գործողությունների սցենարն ու տրամաբաությունը։ Հիշեցնեմ, որ մոտ օրերս ՌԴ պաշտպանության կայքում դրվել էր տենդերի մասին հայտարարությւոն, որում ասվում էր, որ այն իրականացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, որից հետո Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների պատասխանատուն հայտարարեց, որ խաղաղապահների կարգավիճակի մասին բանակցություններ ընթանում են, դեռ հարցեր կան, որ ճշգրտման կարիք ունեն, սակայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ խաղապահներն այնտեղ  ժամանակավորապես են։ Իսկ կարգավիճակի հարցը, որը Դամոկլյան սրի նման կախված է Ադրբեջանի գլխին, կախվել է Ռուսաստանի կողմից, ոչ թե Հայաստանի։

- Բայց ինչու՞ Ռուսաստանի, ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրերն են այդ հարցը բարձրացրել, ՀՀ -ում ԱՄՆ դեսպանը գրեթե ամեն օր խոսում է այդ մասին։

- Մենք պետք է հասկանանք, թե ով ինչ է ասում և ինչի համար է ասում։ Ռուսաստանը կարողացել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ փաստաթուղթ ստորագրել՝ հարցն առկախված թողնելով,  որի շնորհիվ ապահովել է իր ներկայությունը։ Բնականաբար․ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրներն այլ շահեր ունեն․ ներգրավվել այս պրոցեսի մեջ և Ռուսաստանի հեռացումը  տարածաշրջանից։ Հիմա հեռացումն ինչպե՞ս կարելի է անել։  Օրինակ՝ հենց այդ հարցը բարձրացնել, որ խնդիրը լուծված չէ։ «Խնդիրը լուծված չէ»-ի դեպքում կա 2 տարբերակ․ 1-ին .Արցախի ճանաչումն Ադրբեջանի տարածքի մեջ, այդ դեպքում Ռուսաստանն այդտեղ անելիք չունի։ Այսինքն, որ ասում են՝ կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ, չի նշանակում,որ  ասում են, որ Արցախը պետք է անկախ լինի։ Եվ տարբերակ 2․ եթե այդ երկիրն Արցախի անկախությունը ճանաչեր և արդեն ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշելիք խնդիր դարձներ և խաղաղապահների հարց լուծեր, որովհետև կան նաև այլ խաղաղապահներ։ Եթե հետևեք ՄԱԿ-ի խաղաղապահներին, որոնք 70-ից ավելի գործողություններ են իրականացրել աշխարհի տարբեր անկյուններում, ապա դրանցից մի քանիսն ավարտվել են ցեղասպանությամբ։  Դա թե՛ Սերեբրինիցայի դեպքերն են, երբ խաղաղապահներն ուղղակի նահանջեցին և չկանխեցին բնակչության կոտորածը և թե Ռուանդայի ցեղասպանությունը։ Երբ միլիոնից ավելի զոհեր եղան՝ կրկին՝ խաղաղապահների գործունեության՝ անգործության արդյունքում։ Ես հիշեցնեմ Պուտինի մի քանի ելութներ պատերազմական ու հետպատերազմյան շրջան, երբ ելույթ ունեցավ և ներկայացրեց այդ դեպքերի շուրջ ՌԴ դիրքորոշումը։ Ասաց, որ Հայաստանին առաջարկում էին 5 տարածք զիջել, որից հետո ճանապարհներ կբացվեին, խաղաղապահները կգային, որից հետո ժամանակ կանցներ, իսկ կարգավիճակի հարցը կթողնվեր հետոյին։ Նա անցում կատարեց Հարավային Օսեթիայի դեպքերին՝ ասելով, որ Վրաստանը հարձակվեց բնակչության, իրենց խաղաղապահ զորքերի վրա, որից հետո տեղի բնակչությանը փրկելու համար իրենք ճանաչեցին Հարավային Օսեթիայի անկախությունը։ Եվ որ կարևոր չէ, թե ով ինչպես է մտածում, իրենք շարժվում են այդ տարածքների բնակչության շահերով։ Եվ նաև ասաց, որ ՌԴ -ի գործողությունները պայմանավորված էին նրանով, որ Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, որը թույլ չէր տալիս, որ ՌԴ -ն ավելի ակտիվ դերակատարություն ունենար։

յնուամենայնիվ, որքան էլ «առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման», բայց մենք ճանաչելո՞ւ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

-Ոչ, «առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման»-ը նշանակում է, որ այդ հարցը դրվել է մի կողմ, մենք այդ հարցը չենք շոշափում, այդ հարցը առկախված մնում է։ Այդ հարցը պնդում էր Ալիևը, բայց դա նշանակում էր ռուսական խաղաղապահների հեռացում։ Ինչն էլ, որ ՌԴ-ն կորցնում է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը։
Եվ իրեն այդ մասին զգուշացրեցին ՌԴ ՊՆ հաղորդագրությամբ, որը հետո հանեցին։

- Իսկ որ միջանցք չէ, այլ ճանապա՞րհ։

-Որը վերահսկվելու է ՌԴ-ի կողմից։ Այսինքն՝ միգուցե ինչ-որ տարածք վարձակալության տրվի ռուսներին։ Ես ենթադրում եմ։

-Իսկ ինչու՞ չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում։

-Որովհետև Նիկոլ Փաշինյանը այնտեղ 21 կմ ճանաչել է Ադրբեջանի տարածք։ Հարցը տենց լուծվել է։

-Ասելով՝ Էյվազլի և այլ ադրբեջանական տեղանուննե՞ր։

-Էդ անունները մի կողմ դնենք․ անուններ օգտագործելով՝ ճանաչել է 21  կիլոմետրանոց հատվածը ադրբեջանական տարածք։ Բացահայտ ասել է։ Այո, այդ բառերն ասելով՝ ճանաչել է իրենց տարածք։ Եվ նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և մյուսները՝ ասել են, այո, Ադրբեջանի տարածք է։

-Այնուամենայնիվ, այն, ինչի մասին խոսեցիք, դա կարող էր ՀՀ-ի համար ավելի վա՞տ, թե՞ ավելի լավ լիներ։

-Կարար Ջաբրայիլն էլ մերը լիներ։

-Դե, առկա իրողություններից ելնելով։

-Իրողությունն այն է, որ պետությունը քայքայել են ու հիմա էլ շարունակում են։ Հիմա ավելի վատ․․․ այո, կարող է Հայաստանն էլ շուտով չլինի։ Լավն ու վատը հարաբերական հասկացություն է։