Գետնից մի կտրվեք

Գետնից մի կտրվեք

Կարելի է, իհարկե, ուշիուշով նախապատրաստել նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացվող միջոցառումները՝ հանրահավաք, այց, գործի դնելով բոլոր միջոցները՝ թիմակիցներ, ֆինանսական հատկացումներ, վարչական լծակներ, ազգուտակ եւ այլն։ Ապա մասնակցել այդ միջոցառմանը, որտեղ քեզ կփառաբանեն ու կհանեն «Աստծու ոտքերը», եւ միջոցառումից հետո եզրակացնել, որ «թույն» ռեյտինգ ունես՝ ոչ մեկը չի կարող մրցել քեզ հետ։ Բայց խելացի եւ իրատես մարդիկ նման բան չեն անում։ Նրանք կարողանում են իրավիճակը սթափ գնահատել եւ չտրվել իլյուզիաների։ Դժվար է ասել՝ արդյոք այդքան սթափություն ունե՞ն մեր գործիչները։

Ասենք, օրինակ, Գեղարքունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է, որ իրեն աղուհացով դիմավորող դպրոցականները, իրեն գրկող եւ ականջին «թագավոր» շշնջացող կինը, ձեռքը սեղմող գյուղացիները, զոհվածների հարազատները, որ իրեն ջերմորեն ընդունում էին, անկեղծ չեն, իրականության ամբողջական պատկերը չեն, ուղղակի՝ թատրոնի մի մասն են, որը բեմականացվել է իր սցենարով եւ թիմակիցների ակտիվ դերակատարմամբ։

Կամ՝ գիտակցո՞ւմ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը, որ եթե անգամ համարենք, թե Ազատության հրապարակում մայիսի 9-ին 40-50 հազար մարդ էր հավաքվել, դա դեռ 50 պլյուս 1 տոկոս չէ, հաղթանակ չէ, եւ «կրելու» համար լուրջ ու տքնաջան աշխատանք է հարկավոր տանել։ Առհասարակ, մեր քաղաքական գործիչների մոտ իրատեսության դեֆիցիտ կա, եւ մի քանի ծափն ու վանկարկումը, մի մորթված գառն ու չինովնիկների քծնանքը նրանց անմիջապես կտրում են հողից, եւ նրանք սկսում են սավառնել երկնքում։ Միայն քչերն են հասկանում, որ ժողովրդի սերը խաբուսիկ է, անգամ եթե նա չի սիրում իր հակառակորդին, դա դեռ չի նշանակում, թե սիրում է իրեն, եւ հենց ինքն է լինելու նրա ընտրյալը։