Այդ 7 շրջանները մենք հատուկ չէինք վերցրել, նրանք էին լքել ու փախել
Հարցազրույց ԽՍՀՄ եւ ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ
- Հայաստանը, որպես պարտված կողմ, կարծես պատրաստ է ամեն ինչ զիջել, որ Ադրբեջանը հանկարծ նորից չպատերազմի։ Հիմա, երբ մեր մաշկի վրա զգում ենք պարտության դառնությունը, շատերն իրենց հարց են տալիս՝ երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք էինք հաղթում, մենք նման բաներ չարեցինք։ Թեպետ լուրեր կային, թե զինվորականներն ասել են՝ գնանք առաջ, հասնենք Բաքու, գերագույն գլխավոր հրամանատարը թույլ չի տվել։
- Դա խաբեբայություն է, որ «մենք Баку возмём, մենք Баку возмём», դա ինչ-որ խուլիգանական բաներ էին․․․ գոռոզ-գոռոզ խոսակցություններ։ Մեր պլանների մեջ էսպես բան չկար։ Մեր զորքն ագրեսիա իրականացնող զորք չէր։ Ոչ մի մարդ չէր ասում՝ գնանք առաջ, որովհետեւ առաջ գնալու տեղ չկար։ Արցախի պաշտպանության բանակը Ղարաբաղն էր ազատում։ Ի՞նչ կարիք կար առաջ գնալու։ Նախ, եթե առաջ գնայինք, դիրքերն անվտանգ չէին լինի, որովհետեւ իջնելով ցած՝ դեպի Քուռ, այնտեղ հնարավոր չէր պաշտպանություն իրականացնել։ Էլ չեմ ասում, թե քաղաքականապես ինչ անգրագետ քայլ էր։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք պաշտպանվում էինք, չէ՞ որ մեզ վրա հարձակվել էին։ Մենք պաշտպանեցինք եւ ազատագրեցինք Ղարաբաղը եւ թույլ չտվեցինք նրանց առաջխաղացումը։ Իսկ այդ 7 շրջաններն էլ, որ ասում են, մենք հատուկ չէինք վերցրել, նրանք էին դրանք լքել ու Իրանով փախել։ Իսկ հիմա, երբ այդ տականքը դեռ 50 միլիարդ է ուզում, իրենք են թողել․․․ Ու իրենց ռազմաօդային ուժերով ոչնչացրել։ Իրենց օդաչուներն ուկրաինացիներ էին, որոնք էլ ոչնչացնում էին այդ բնակավայրերը։
Իսկ հիմա նրանց ծրագիրն ի՞նչ է՝ Ղարաբաղի ու Զանգեզուրի նվաճում, Նախիջեւանի հետ միավորում եւ Երեւանի վրա հարձակում։ Այն ժամանակ մեզ ավելին պետք չէր։
- Բայց իրենց պետք է, իրենք արդեն 41 կմ ներխուժել են մեր սահմաններից ներս։ Իրենք, ի տարբերություն մեզ, մեծահոգի չեն։
- Այո, մտել են Սյունիք։ Որովհետեւ նրանց պետք էր գնդակահարել, ոչնչացնել։ Սա ագրեսիա է, ուստի, մեր բանակը պետք է կանգնի այնտեղ եւ թույլ չտա։ Չէ՞ որ մենք առաջին արցախյան պատերազմում չգնացինք։ Իսկ նրանք լկտի ագրեսորներ են։ Եվ առաջին պատերազմն էլ իրենք են սկսել՝ մեզ վրա հարձակվելով։ Իրենց ծրագրի մասին արդեն ասացի, հիմա էլ նույն ծրագիրն ունեն։ Արցախ, Զանգեզուր-Նախիջեւան եւ Երեւան։ Այդ պատճառով էր, որ Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը որոշեցին բանակ ստեղծել։ Սա այն ժամանակ էր, երբ Ալիեւը (հայր) ասաց, որ իրենք մեկ ազգ-երկու պետություն են։
- Այսինքն, մի օր էլ կասեն՝ Երեւանն է՞լ ենք ուզում։
- Այո, իրենց ծրագրում եղել է ու կա։ Ես՝ որպես ՌԴ ԶՈՒ գեներալ, Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկեցի՝ Հայաստանում ստեղծել ռուսական ռազմաբազա՝ ՌԴ-ի անկլավը Հայաստանի տարածքում։ Եվ մենք այն ստեղծեցինք ու կոչեցինք 102-րդ բազա։ Բանակի մի գեներալ կար՝ Նիկոլաեւ, որին հրավիրեցինք, նա Ելցինի տեղակալն էր ու ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարը, ու նրա հետ համատեղ սահմանապահ զորքեր ստեղծեցինք։ Այսինքն՝ մենք այդ բազայով այնտեղ փակեցինք, իսկ հետո մեր վերահսկողության տակ առանք Նախիջեւանի որոշ բարձունքներ, որոնք մեզ էին պատկանել, նաեւ՝ Նոյեմբերյանի, հետո Արցախի ՊԲ-ի հետ գնացինք առաջ եւ ազատեցինք Ղարաբաղը։
- Ինչպե՞ս եք գնահատում Սոչիի հանդիպման արդյունքները։
- Սա հարկադրված բան էր, որովհետեւ պետք է ինչ-որ կերպ կանգնեցնել պատերազմը, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը․․․ Պատկերացրեք՝ Ձեզ վրա հարձակվի 100 հոգի, Դուք կկարողանա՞ք պաշտպանվել։ Իսկ հիմա, երբ այս հայտարարությունն ընդունվեց, դե, այդ ճանապարհը թող բացեն, ի՞նչ անենք։ Նրանք, ի դեպ, Նախիջեւանում ունեն երկաթուղային ճանապարհ՝ Կարս-Թիֆլիս-Ղազախ-Դերբենտ-Բաքու։ Սարքել են, չէ՞։ Դե հիմա եթե Սյունիքի միջով ավտոմոբիլային ճանապարհ են ուզում․․․
Մենք առժամանակ լսում էինք, որ Իրանը դեմ է, իսկ հիմա՞։ Ես կարդացի, որ լրիվ ադրբեջանամետ դիրքորոշումներ է հայտնում եւ աջակցում։ Ուրեմն, մեզ մնում է այդ տարբերակը։ Ես ասում եմ՝ եթե ուզում եք ավտոմոբիլային ճանապարհ, ուրեմն կառուցեք կամուրջ եւ գնացեք, եթե չէ․․․
- Այսինքն՝ համարում եք, որ միջանցք չէ, այլ՝ ճանապարհ։
- Ասում են՝ բացել կոմունիկացիաները, իսկ դա ճանապարհ է։ Հետեւաբար, եթե մենք Լաչինի միջանցքով միանում ենք մեր հայերի ու Ստեփանակերտի հետ, նա էլ ասում է․․․ դուք էլ բլոկադայի մեջ եք պահում Նախիջեւանը, ուրեմն թողեք մենք այդ կապն ունենանք։ Բայց նա՝ չէ, ես ավտոմոբիլային ճանապարհ եմ ուզում։ Դրա համար էլ ՌԴ նախագահ Պուտինն ասաց՝ Զանգելանից սկսած, կլինեն ռուս սահմանապահներ եւ Նախիջեւանի մուտքի մոտ՝ նույնպես ռուս սահմանապահներ։ Եվ, ուրեմն, ի՞նչ վախենալու բան կա։ Պետք է այնտեղ մեկ-երկու գումարտակ տեղակայել 102-րդ բազայից, որոնք էլ ավտոշարասյուների երթեւեկը կապահովեն։ Առաջ մենք վախենում էինք, որ նա կնվաճի բարձունքները։ Այդ դեպքում Սյունիքը կմահանար։ Իսկ հիմա, եթե ՌԴ-ն, ինչպես հայ-թուրքական սահմանի դեպքում, ապահովում է անվտանգությունը, դեռ Իրանին էլ կարելի է ներգրավել, ուրեմն, ըստ իս, կարելի է թույլ տալ։ Ի վերջո, Նախիջեւանը, որը թեպետ հայկական հող է, բայց նրանց է փոխանցված, մենք էլ նրանց ենք շրջափակել։
Կարծիքներ