Փնտրվում են այլմոլորակայիններ

Փնտրվում են այլմոլորակայիններ

Հայաստանի հասարակության՝ նախկինում հեղափոխական եւ նիկոլական հատվածի մի մասը, բացառությամբ մեկ-երկու տասնյակ անձանց, պատերազմից այս կողմ ընկել է ընկճախտային հոգեվիճակի մեջ: Խայտառակ պարտության եւ կապիտուլյացիայի խորհրդանիշ անձին աջակցելն իսկ բանականության շրջանակում չտեղավորվող վարքագիծ է նշանակում: Հատկապես այն անձին, որն իրեն այդպես չի ընկալում. հիշենք նրա անհեթեթ միտքը․ «Ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»: Եվ շարունակում է պարտվել թե՛ ինքը եւ թե՛, որպես վարչապետ, անընդհատ պարտության է տանում մեր հայրենիքը: Չմոռանանք, խոսքը գնում էր իրենք իրենց գրագետ համարող մարդկանց մասին: Որոնք բարձր կարծիք ունեն իրենց բանականության վերաբերյալ:

Հենց բանականության եւ ոչ թե հայրենասիրության, քանի այդ մարդկանց համար Արցախը եղած-չեղած՝ մեկ է: Մեկ է՝ Արցախում հայ կմնա՞, թե՞ ոչ: Հայաստանի «անբնակ» սարերը կմնան մե՞զ, թե՞ կհանձնվեն ագրեսոր երկրին: Այդ մարդկանց համար կարեւորն իրենց անվտանգությունն է եւ կոմֆորտ գոտին, ինչը ներառում է իրենց բակը, բնակավայրը եւ երեւի Սեւանա լճի ափն ամռանը: Իսկ եթե այդտեղ էլ խնդիրներ առաջանան, ապա՝ արտասահմանը:

Բայց հենց զուտ բանականության տեսակետից երկիրը դեպի պատերազմ տարած եւ դրանում պարտված ղեկավարը պետք է որ հրաժարական ներկայացներ: Իսկ եթե մենք լինեինք ոչ թե հայ, այլ, ասենք, ճապոնացի, այդ ղեկավարն ինքնասպանություն կգործեր՝ ինքն իրեն հարակիրի անելով: Բայց քանի որ մենք հայ ենք եւ ոչ թե ճապոնացի, ապա պարտության եւ կապիտուլյացիայի խորհրդանիշ անձը կառչել է պաշտոնից, ինչպես ջրում խեղդվող անձը կկառչեր անվտանգության գոտուց: Եվ նման մեկին աջակցելուց հրաժարվելն է հենց շողուլից գցել այդ մարդկանց: Որովհետեւ պատերազմից առաջ իրենք Նիկոլ էին պաշտում ու գովերգում, քանի որ ատում էին նախկիններին: Ենթադրաբար, նախկինների օրոք ինչ-որ կորուստ էին ունեցել՝ նյութական կա՛մ հոգեվիճակային եւ կա՛մ երկուսը միասին: Եվ ըստ այն հանգամանքի, թե ինչ մեծության կամ խորության էր այդ կորուստը, նույն չափով էլ ատում էին նախկիններին: Եվ շարունակում են ատել նրանց, չնայած նախկիններն արդեն վաղուց հեռացել են իշխանությունից: Գրեցի «վաղուց», հետո հասկացա, որ ընդամենը 4 տարի առաջ էր դա, բայց այնքան շատ են փոփոխությունները, որ թվում է, թե դրանք վաղուց են տեղի ունեցել:

Ինչ վերաբերում է բացառություն կազմող անձանց, ապա դրանց առումով կարող եմ ասել, որ նմաններին ընկալելու փորձն անգամ նորմալ մարդուն մտավոր տհաճություն է պատճառում: Որովհետեւ դրանք իրենց գրագետ են համարում կամ հանրության կողմից ընկալվում են որպես այդպիսին, սակայն, ի հեճուկս բանականության (հայրենասիրության մասին էլ չասած), շարունակում են եթե ոչ ակտիվորեն աջակցել, ապա գոնե կանգնել Նիկոլի կողքին: Թեեւ դա եւս աջակցության դրսեւորում է՝ թեկուզ հարաբերականորեն պասիվ ձեւով: Ենթադրաբար, դրանք ինչ-ինչ պատճառների բերումով ընկել են «ժողովրդավարական» լափամանից օգտվողների հերթի վերջնամասը: Եվ այս օրերին փորձում են ուղղել «ժողվարչապետի» թույլատրած սխալը: Ինչը մարդկային է, եթե խոսք գնար նախկինների օրոք իշխանական կերակրատաշտից օգտվելու մասին, սակայն բացարձակ անընդունելի է Հայաստանի այսօրվա իրավիճակում: Երբ խոսք է գնում Հայաստանի լինել-չլինելու մասին: Եվ իրենք կարող են չհասցնել այնքան մոտենալ «ժողովրդավարական» լափամանին, որ օգտվեն դրանից:

Վերադառնանք այսօրվա ոչ նիկոլականներին, որոնք շարունակում են ատելություն տածել նախկինների նկատմամբ: Դրանց բազմիցս եմ անդրադարձել «Հրապարակի» էջերում, բայց, որքան հասկանում եմ, կրկին անդրադառնալու անընդհատ առիթներ եմ ունենալու: Մարդիկ չեն հանգստանում ու, ինչպես իրենց երբեմնի կուռքն էր ասում, հանգիստ նստում իրենց տեղները:

Չգիտես, դրանք չե՞ն գիտակցում, որ իրողություն է փոխվել մեր տարածաշրջանում եւ մեր երկրում՝ էլ չասած աշխարհի մասին: Չե՞ն գիտակցում, որ մեզ այսօր պետք է մեկ բռունցք դառնալ՝ միավորվելով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին պաշտոնից հեռացնելու գաղափարի շուրջը: Այնուհետեւ կարող է բացվել նաեւ իրենց բախտը՝ տեղ գրավելու իրոք առաջնային մանդատով օժտված խորհրդարանում: Իսկ այսօր մերժելով թե՛ նիկոլականներին եւ թե՛ նախկիններին եւ չունենալով հնարավորություն փոխարինելու թե՛ առաջիններին եւ թե՛ երկրորդներին, իրենք հույսը դնում են հենց այլմոլորակայինների վրա: Բայց, որքան ինձ է հայտնի, այլմոլորակայինները, եթե նույնիսկ նրանք գոյություն ունեն, ամեն մի առանձին երկրի ներքին խնդիրներին չեն միջամտում: Այնպես որ, եթե չեն կարողանում հասարակությանն առաջարկել հենց իրենց, ապա ստիպված են ընտրել երկուսից մեկը եւ կամ պահպանել լռություն: Մինչեւ իրենց համար ավելի բարի ժամանակներ… Եթե, իհարկե, մինչ այդ մենք լուծենք մեր երկրի գոյության խնդիրը:

ՀԳ. Ուզում եմ կարճ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական բանտերում պահվող մեր գերիների հարազատներին: Նիկոլի, Իլհամի եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո վերջինիս պաշտոնական հայտարարության տեքստում «Ձեռք են բերվել հետեւյալ արդյունքները» վերտառության ներքո արձանագրված չորս կետերում գերիների հարցը չի շոշափվում: Բնականաբար, դա տեղի է ունեցել Նիկոլի համաձայնությամբ: