Որպեսզի բացառենք նենգադավ նպատակներ ունեցող քաղաքական ուժերի վերադարձը 

Որպեսզի բացառենք նենգադավ նպատակներ ունեցող քաղաքական ուժերի վերադարձը 

Մոտ երկու ամիս առաջ, «Ժառանգություն» կուսակցության համագումարից հետո, նրա նորընտիր փոխնախագահ, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք ընդդիմադիր դաշտը չեն թողնելու ռեւանշի ձգտող նախկիններին։
«Ժառանգությունն», ըստ ամենայնի, ձգտում է քաղաքական ակտիվ դերակատարում ստանձնել ներկա բարդ իրավիճակում, երբ, որքան էլ զավեշտալի է, ներկա իշխանությունների քննադատի դերում հանդես են գալիս մերժված քաղաքական գործիչները։ 

Երեկ «Ժառանգության» ղեկավարները սեփական նախաձեռնությամբ հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նպատակը եղել է Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական առաջնահերթությունները երկրի ղեկավարի հետ քննարկելը։

 Կուսակցության փոխնախագահ, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ժառանգությունը» հաշվի է առնում ներկա իրավիճակը, երբ ակնհայտ են դարձել գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության թեւերի միջեւ առկա հակասությունները, որոնք համակարգային էին եւ նախաձեռնել է հանդիպումների լայն շարք Հայաստանի պետական, քաղաքական եւ հասարակական կյանքում դերակատարում ունեցող ուժերի հետ, որպեսզի պարզի նրանց դիրքորոշումները Հայաստանի ներկա օրակարգի վերաբերյալ։ 
«Ժառանգությունը» հանդիպման առաջարկ է ներկայացրել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Փորձագիտական եւ քաղաքական տարբեր ուժերի հետ էլ է հավաք նախաձեռնել «Ժառանգությունը»։ 

«Մենք կարծում ենք, որ գործող ինստիտուտների միջեւ աշխատանքը պետք է սերտ  եւ ներդաշնակ լինի, միտված լինի նույն ուղղությանը։ Ուստի նախագահի հետ քննարկել ենք այն դերակատարումները, թե ինչպես է նա պատկերացնում, նաեւ թե ինչպես է խնդիրները պատկերացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակում՝ կանխելու առճակատումները եւ ամեն ինչ դեպի ժողովրդավարական եւ իրավական հարթություն տեղափոխելու։ Կարծում եմ, եղավ փոխըմբռնում այդ հանդիպման ընթացքում։ Արցախում եւս փորձելու ենք նախագահի հետ ճշտել պարբերաբար բռնկվող լարվածության հրդեհները մարելու համար։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէ տարբեր ինստիտուտներին մեղադրելը հրդեհներ առաջացնելու համար։ Սակայն նկատվում է նենգադուլի երեւույթ։ «Ժառանգությունը» փորձում է իր համար ճշտել, թե ովքեր են այդ նենգադուլի սադրողները, եւ ովքեր են հայտնվում այդ հարվածների թիրախում։ «Ժառանգությունը» իր մարտի 31-ի համագումարի բանաձեւում եւ հետագա բոլոր հայտարարություններում ամրագրեց, որ կարեւորն այսօր այն օրենքների ընդունումն է, ինչը կբացառի նենգադավ նպատակներ ունեցող քաղաքական ուժերի վերադարձը կամ այն ուժերի վերադարձը, որոնք քաղաքական չեն, բայց քաղաքական ուժի անվան ներքո փորձում են պղտոր ջրում տարբեր ձկնիկներ որսալ։

Ես նկատում եմ, որ որոշ չկայացած քաղաքական ուժեր հայտարարում են, թե «Ժառանգությունը» չի պաշտպանում կասկածելի օրինականություն ունեցող ակցիաներ, իսկ մենք չենք պաշտպանում օրինականության հետ խնդիրներ ունեցող գործողությունները (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով դատարանների շրջափակման ակցիան։ Մենք կարող ենք բարեփոխել դատական իշխանությունը, մի իշխանություն, որն իսկապես ունի բարեփոխումների կարիք։ Սակայն այդ բարեփոխումը կապ չունի դատարանները շրջափակելու հետ, որովհետեւ դրա ՕԳԳ-ն է ցածր։ Բացի դրանից՝ դա կարող է հակասել մարդու իրավունքներին եւ գործող օրենքներին։ Այս տեսանկյունից մեր հետեւում նշմարում էին հակահեղափոխության, ՌԴ-ի, ԱՄՆ-ի ուրվագիծ, ինչը բավականին ծիծաղելի էր։ «Ժառանգությունը» ոչ թե ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի տիրույթում է գործում, այլ ՀՀ-ում։ Մեր նպատակն է օրակարգ բերել սահմանադրական բարեփոխումների խնդիրը, որը հիմնարար է։

Գործադիր, օրենսդիր, դատական իշխանություններում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին տարբեր ուժեր բարձրաձայնում են։ Բայց որպեսզի դրանք չվերածվեն ապակայունացնող օջախների, պետք է այդ հարցը բերել օրակարգ, ենթարկել մասնագիտական-փորձագիտական քննարկումների»,- նշեց Նարինե Դիլբարյանը։

Այդ տեսանկյունից նա ողջունելի է համարում ԱԺ-ում անցումային արդարադատությանը եւ  վեթինգին վերաբերող լսումների կազմակերպումը, որի ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ։ 
«Մենք կողմ ենք, որ իրականացվեն  վեթինգի պես գործընթացներ, բայց թե որ մոդելը կորդեգրենք, դրա միանշանակ պատասխանն էլ չկա։ «Ժառանգությունը» միշտ կողմ է եղել լյուստրացիայի տարբերակին, դա ամրագրված է եղել մեր բոլոր հայտարարություններում։ Բայց վեթինգը չպետք է ընկալել որպես խարազանող միջոց։ Իրականում անցումային արդարադատությունը եւ վեթինգը ենթադրում է համերաշխություն, մարդիկ ընդունում են իրենց կենսագրության ընթացքում թույլ տված տարբեր քայլերը եւ հեռանում են»,- ասաց մեր զրուցակիցը։ Այդ համատեքստում է նա դիտարկում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի, ԱԱԾ-ական նրա եղբոր՝ Արզուման Հարությունյանի հրաժարականները։ 

«Ժառանգության» փոխնախագահը կարծում է, որ այդ քննարկումների ժամանակ շատերը կարող են ինքնակամ հեռանալ ասպարեզից՝ իրենց հրաժարականներով։ Եվ դրա համար, ըստ նրա, պետք չէ սպառնալ, որ մարդիկ հրաժարական տան․ պետք է ստեղծել այնպիսի հասարակական-քաղաքական մթնոլորտ, որ շատ գործիչներ հասկանան, որ իրենց ժամանակն անցել է, եւ իրենք պետք է հեռանան, նորացող Հայաստանի պետական-քաղաքական համակարգը չպետք է լինի նախկինի նման։ 

Դիլբարյանը հիշեցնում է՝ նախկին համակարգը ձեւով ժողովրդավարական էր, սակայն իրականում՝ ավտորիտար։ 
Սահմանադրական փոփոխությունները, ըստ նրա, պետք է անցկացվեն հանրային վստահության մթնոլորտում։ Նախկին փոփոխությունները թելադրված են եղել իշխանական կենտրոնից եւ միայն թնջուկներ են առաջացրել։
Նարինե Դիլբարյանը նշում է․ «Նախագահը, ըստ մեր Սահմանադրության,  պետք է լինի սահմանադրականության հետեւողը, բայց թե ինչպես պետք է հետեւի՝ չկան դրա մեխանիզմները։ Սահմանադրական դատարանի վճիռները որքանո՞վ են վստահելի՝ դրա սահմանադրական իրավունքը մենք չենք տեսնում։ Օրենքներն այնպես են ձեւակերպված, որ դու չես կարող ոչ մի քայլ կատարել, քանի որ դրանք բախվում են փակուղու»։

Նա կարծում է, որ պետք է փոփոխվեն նաեւ Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որպեսզի կուսակցությունների ֆինանսավորումը դառնա թափանցիկ։