Գրագողության մասին բոլորը գիտեն, և դա օգտագործվում է որպես շանտաժի գործիք

Գրագողության մասին բոլորը գիտեն, և դա օգտագործվում է որպես շանտաժի գործիք
Սմբատ Գոգյան

Գիտական աշխատություններում տարբեր ռեկտորների կամ ռեկտորների ԺՊ-ների արտագրությունների թեման սկանդալային է, բայց վերջին շրջանում պլագիատի մեղադրանքներն այնքան են շատացել, որ սովորական մի բան են դարձել։ Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի համար ռեկտորական աթոռ արժեցած գրագողության մեղադրանքներին հաջորդեցին նրան փոխարինած Դիանա Գալոյանի նկատմամբ նույն մեղադրանքները, թե դոկտորականն արտագրված է։ Հիմա էլ Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Համբարձումյանն է ռեկտոր Գագիկ Գալստյանին մեղադրում գրագողությամբ գիտությունների դոկտոր դառնալու մեջ։ Ինչպես պնդեց մեր գիտնական զրուցակիցը, որը ցանկացավ անհայտ մնալ, սա ոչ միայն ռեկտորների պարագայում է, այլեւ գրեթե բոլորի մոտ՝ համատարած։ Այսինքն՝ որ գիտական աշխատանքը բացես, արտագրություն կգտնես։

Այս առնչությամբ մենք զրուցեցինք Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ։

- Պարոն Գոգյան, Դուք վերլուծե՞լ եք, թե ինչու են գրեթե ամեն օր որեւէ ռեկտորի գրագողության-արտագրության մասին հայտարարություններ արվում։

- Կարծում եմ՝ անձնական վրեժխնդրություն է, բայց ճիշտ կլինի հարցնեք էդ բողոքն ուղարկողներից։

- Ես վերջին դեպքը չեմ հարցնում, այլ, առհասարակ, անընդհատ նույն վիճակն է՝ համատարած։

- Քանի՞ նման դեպք գիտեք։

- Երեք նման մեղադրանք՝ վերջին մեկ ամսում։ Ավելին, ըստ պնդումների, դա համատարած բնույթ ունի։

- Չէ, նման աժիոտաժ չկա եւ չի էլ կարող լինել։ Ինչպես ասել ենք՝ անցյալի վրա գիծ ենք քաշել, ապագան ենք նայում։  

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ պետք է կատարվի լայն  ուսումնասիրություն, եւ եթե պարզվի, որ երեւույթը համատարած է, կոչումները կվերանայվե՞ն, եթե, օրինակ, պարզվի, որ 20-ից 10-ում արտագրություն կա։

- Բարձրագույն որակավորման կոմիտեն ունի 14 աշխատողի հաստիք՝ մեր գործառույթները նորմալ հասցնելու համար։ Եթե Ձեր ասածը սկսենք, կարող է 14-ը չհերիքի, 24-ն էլ չբավականացնի։

- Գտնում եք, որ Ձեր աշխատակազմը պետք է ավելացվի՞։

- Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ մենք դեռեւս հուլիսին պաշտպանած մեր զինակոչիկների գործերն ենք ուսումնասիրում, Ձեր ասածին ժամանակ չի էլ հասնում։

- Իսկ, այնուամենայնիվ, այն, որ այդքան շատ գրագողություններ են հայտնաբերվում, կարծում եք՝ պատճառն ի՞նչն է, ինչ-ինչ ծրագրե՞ր են ներդրվել, որոնցով հայտնաբերում են գրագողությունը, թե՞ ինչ-որ նոր մեթոդներ կան։

- Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Բոլորը համակարգում իմանում են՝ ով ինչպես է պաշտպանել, ու պետք եղած ժամանակ դա օգտագործում են մարդկանց դեմ։ Ու այնպես չէ, որ ինչ-որ ռեկտորի աշխատանքի վերաբերյալ նոր բացահայտում է արվում։

- Ուղղակի մի որոշ ժամանակ լռում են, հետո հարկ եղած ժամանակ․․․

- Շանտաժի գործիքն այդպես է, չէ՞, որն արդեն էֆեկտիվ չէ, չի ազդում, սկսում ես հրապարակել։

- Լավ, իսկ ինչո՞ւ են արտագրում՝ Ձեր կարծիքով։

- Չգիտեմ, արտագրողներից հարցրեք, ես միայն գիտեմ, որ մենք աստիճանաշնորհման գործընթացն ապահովող պետական մարմին ենք․ մենք գրագողություն բացահայտող մարմին չենք։ Դա մեզ առնչվում է, բայց մեր գործառույթների մեջ չէ։

- Իսկ չե՞ք կարծում, որ օրենսդրական նախաձեռնություն է պետք, որ աստիճանաշնորհման ապահովմանը զուգահեռ, նաեւ աստիճանազրկման ֆունկցիա շնորհվի։

- Հիմա Հայաստանում 9 հազար հոգուց ավելի մարդու տրվել է թեկնածուի գիտական աստիճան, եւ եթե նայենք, ուրեմն 9 հազարինն էլ պետք է նայենք։ Այսինքն՝ 25 տարի շնորհվածը պետք է բռնենք ու վերանայենք։ Դա ռեալ չէ։ Ես ավելի իրատեսական եմ համարում, որ մարդը եթե պաշտոն է ստանձնում, նրա վրա հատուկ ուշադրություն լինի, ստուգվի։ Դա էլ կբերի նրան, որ գրագողերը կգերադասեն ստվերում մնալ։